Երախտիք


Վաղուց է, ինչ լռել են Արցախյան պատերազմի արձագանքները: Ճիշտ է, հարաբերական անդորրը հայ ազգին դեռևս ոչինչ չի խոստանում, բայց և այնպես, շահեցինք ամենակարևորը` այնքա՜ն սպասված պետականությունը: Այո, 1700 և ավելի տարիներ չենք ունեցել պետություն և ազգային սեփական դրոշ ունենալու իրավունք, քանզի չենք ունեցել հակահարվածիչ փրկարար բանակ, մի Արարչատուր պատգամ և պարտավորություն, որից և միայն կարող է բխել գոյատևության իրավունքը: Արդեն կայացել է մեր նորածին դյուցազնը` Հայկյան նետը, բայց ինչպե՞ս ստեղծվեց ու կազմավորվեց, և ովքե՞ր դրեցին հիմքը մեր փրկարար ուժի` դեռևս ոչ լիարժեքորեն է նկարագրվել: Եվ ես` նախկին ազատամարտիկս, ինձ համարելով Հայոց զինված ուժերի ամենավախկոտ զինվորը, կուզեի նշել Արարչագործության նախատեքստը` ի սկզբանե էր ԲԱՆԸ... Ազերիներն արդեն մարտական ինքնաձիգներով գնդակոծում էին հայոց սահմանները, երբ երևանյան փողոցներում սկսեցին երևալ հրացանով և ինքնաշեն նռնակներով զինված (եթե կարելի է այդպես համարել) մեր առաջին կամավորները: Բայց այդ ուժը համախմբված ու կազմակերպված հակահարձակման տանող էր պետք, որը եղան ՀԱԲ-ի առաջին հրամանատարները, որոնցից մեկն էր իմ զինվորական ուսուցիչն ու մարտական դաստիարակը` Արամոն` Արամ Թորգոմյանը: Դեռ այն ժամանակ էլ նա զինվորների մեջ աչքի էր ընկնում իր կազմակերպչական ջիղով, խելացի տրամաբանող դատողություններով, մարտական ընդունակություններով ու բնածին արիությամբ: Նա էր, որ տվեց ինձ ու շատ-շատերին առաջին մարտական զենքը և նրա ուսանելի մարտական հրահանգներով էլ շատերս անցանք մարտական առաջին փորձության սրտխփոց-ցատկահարթակը: Հայրենասիրությունը, ոգու ուժն ու խիզախության դրսևորումները դեռ շատ քիչ են զինվորի համար, եթե նա չունի մարտական գիտելիքներ ու խիզախ մարտական հրամանատար, որը սեփական օրինակով հանդգնորեն կտանի նայելու մահվան աչքերին, դեպի իմացյալ անմահության: Հիմա նրա ջոկատի մարտիկներից շատերն արդեն սպաներ են, նույնիսկ` ավելի բարձր կոչումով ու պաշտոնով, և ոչ ոք չի կարող ուրանալ և չհիշել առաջին ուսուցչին ու հրամանատարին: Իսկ նա փոխգնդապետի ուսադիրներով համեստորեն շարունակում է ծառայել իր մարտական ընկերներին ՊՆ սոցվարչության աշխատակազմում: Ավելին, գուցեև պետք չէր նրան, քանզի նրան ճանաչող զինընhկեր ները շնորհել են ամենաբարձրագույն կոչումը` կայացած վրիժառու մարտիկ և գրոհային հրամանատար: Համեստորեն ավելացնեմ նաև, որ նրա` այն օրերի մարտական «օրորոցից» իջած անփորձ զինվորն արդեն գրոհային գնդացրորդի մարտական հարուստ անցյալ ունի, բայց իմ (և ոչ միայն իմ) բոլոր պարգևատրություններն ու խրախուսանքներն առաջին հերթին նրան են պատկանում, քանզի նա է արմատավորել այն ամենը, ինչով կարող էր օժտվել հայ զինվորն ու վրիժառուն:

Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ