ԱՊԱՀՈՎԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


ՊՆ կադրերի վարչության պետ, գնդապետ ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցի տպավորություններից ամենավառն ու ակնառուն նրա անմնացորդ նվիրվածությունն է սեփական գործին, բարձր արդյունքների ու հաջողության համար ամբողջ ուժերը ներդնելու պատրաստակամությունը: Մկրտիչ Կարապետյանը խուսափում է բարձրագոչ բանաձևումներից, պաթետիկ ֆրազներից, նրա խոսքը անկեղծ է, համոզիչ: Գնդապետի հետ շփումը հեշտ է ու հաճելի, քանի որ նա բարեկիրթ է, պարզ, մեղմ, ու առաջին պահից ակնհայտ են ընդառաջելու, օգնելու մղումն ու առինքնող մարդասիրությունը: - Մինչ Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության մասին խոսելը, հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է ղեկավարում այդ քաղաքականությունը իրականացնող կառույցը: Ի՞նչ կպատմեք Ձեր մասին: - Պապերս էրզրումցի են, Ախալցխայի Ծղալթբիլա գյուղ են եկել 1828-ին: Հայրս ու մայրս նույն գյուղից են, երկու կողմից էլ բազմաթիվ ազգականներ, մեծ գերդաստան ունենք, հայրս բանվոր էր, շինարար: Օրինապաշտ մարդ էր, ճշտապահ, ազնիվ, կարգուկանոն էր սիրում: Շատ խիստ չէր, բայց ազդեցիկ էր: Գիտեր ուսման հարգը և ամեն ինչ անում էր, որ իր երեխաները լավ սովորեն, կրթություն ստանան: - Ծղալթբիլան հայկակա՞ն գյուղ էր: - Նախկինում նաև թուրքեր են ապրել, բայց հետագայում հեռացել են, և մնացել են միայն հայերը: Իմ դպրոցական տարիներին 3 տասներորդ դասարան կար, և մոտ 100 շրջանավարտ, այս տարի դպրոցն ընդամենը ութ շրջանավարտ ուներ: Շատ եմ տխրում` իմանալով, որ արտագաղթն ընկճել է գյուղը, որ իմ հայրենակիցները լքել են պապերի ծննդավայրը: Ծղալթբիլան շատ գեղեցիկ է, հրաշալի բնություն ունի, շրջապատված է եղևնիների անտառով: Ծղալթբիլա թարգմանաբար նշանակում է տաք ջուր: Գյուղի մեջտեղում 37 աստիճան տաքությամբ հանքային ջուր է բխում: Ես հանգիստ, խաղաղասեր երեխա էի, բայց ուժեղ բնավորություն ունեի և ակնառու կազմակերպչական ունակություններ: Միշտ էլ շատ ընկերներ եմ ունեցել: Նրանք համախմբվել են իմ շուրջը, եկել են հետևիցս: Մինչ օրս բոլոր համադասարանցիներիս հետ կապ ունեմ, կապող օղակ եմ նրանց միջև, առիթի դեպքում հավաքվում ենք, հիշում ենք անցյալը, լավ ժամանակ ենք անցկացնում: - Եթե չեմ սխալվում, Ծղալթբիլան սահմանամերձ է Թուրքիային: - Այո, և ես հաճախ եմ առիթ ունեցել շփվելու սահմանապահների հետ: Զինվորական համազգեստն ինձ շատ էր դուր գալիս, և արդեն 8-րդ դասարանում հաստատ որոշել էի, որ զինվորական եմ դառնալու: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Սիմֆերոպոլի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարան: Բուհը պատրաստում էր քաղաշխատողներ ռազմաշինարարական ստորաբաժանումներում: - Ե՞րբ և որտե՞ղ եք սկսել աշխատանքային գործունեությունը: - Բուհն ավարտելուց հետո նշանակվել եմ Անդրբայկալյան զինվորական օկրուգում որպես վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալ: Նշեմ, որ շատ ծանր ստորաբաժանում էր, կային նախկինում դատված զինվորներ, շատ ցածր մտավոր մակարդակի տղաներ` տարբեր ազգերի, տարբեր մտածելակերպի... Ես շատ էի աշխատում, փորձում էի լեզու գտնել յուրաքանչյուրի հետ, պատահում էր` օրերով մնում էի զորամասում: Լավ էր, որ կինս ինձ հետ էր, ու նրա աջակցությունը էական էր այդ շրջանում: - Ուսանող ժամանակ էի՞ք ամուսնացել: - Ուսանող ժամանակ նշանվեցի, իսկ բուհն ավարտելուց հետո ամուսնացա: - Ինչպիսի՞ կանայք են հրապուրում Ձեզ: - Ընտանիքի կանայք` նվիրված ամուսնուն և երեխաներին: Հրապուրիչ լինելու համար կինը պետք է լինի կիրթ, խելացի, լրջախոհ, համեստ, անկեղծ և աշխատասեր: Մի խոսքով` հալալ կաթնակեր և անպայման օժտված կանացի հմայքով: - Ե՞րբ եք վերադարձել Հայաստան, պատերազմից առա՞ջ, թե՞ հետո: - Հայաստան եմ եկել 88-ին, երկրաշարժից տուժածներին օգնելու եկած խորհրդային զորամիավորման կազմում: Հղի կնոջս հետ ապրել ենք վրանային քաղաքում: Շատ ծանր շրջան էր: 90-91 թթ. խորհրդային բանակի` Երևանում տեղակայված զորամասի պրոպագանդիստն էի: Երբ զորամասը լուծարվեց, ես նշանակվեցի Մաշտոցի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի սպա, հետո ծառայության անցա հանրապետական զինկոմիսարիատում: - Դա այն շրջանն էր, երբ սահմանը պահելու համար մարդկանց ճակատ էին ուղարկում փողոցից, շուրջկալներով: - Անկասկած, այդ տարիներին նորակազմ բանակը համալրելն ու ճակատը կենդանի ուժով և անհրաժեշտ տեխնիկայով ապահովելը հեշտ գործ չէր, սակայն ճիշտ չէ նաև այն կարծիքը, թե զորակոչը կազմակերպվում էր հարկադրաբար, իսկ եռամսյա հավաքները` բռնությամբ: Տոկոսային հարաբերությամբ` գերապատիկ շատ էին այն մարդիկ, ովքեր մեծ նվիրվածությամբ, պատրաստակամորեն գնում էին պաշտպանելու սեփական երկիրն ու ճակատին օգնում էին` ինչով կարող էին: - Մի զրույցի ժամանակ հանրապետության զինկոմիսար Արտուշ Հարությունյանն ասաց, որ եռամսյա հավաքների ժամանակ շուրջկալով ճակատ բերված քաղաքացիներից շատերը ծառայության ժամկետը լրանալուց հետո տուն չէին վերադառնում ու շարունակում էին կամավոր պաշտպանել հայրենիքը: - Ձեր աշխատանքային կենսագրությունը թերթելիս նկատեցի, որ ավելի քան 13 տարի կադրերի վարչությունում եք, սկսել եք որպես մոբիլիզացիոն գծով սպա, հետո` բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, իսկ 99-ից ղեկավարում եք ՊՆ կադրերի վարչությունը: Եվ ուզում եմ խնդրել, որ ներկայացնեք պաշտպանության համակարգում կադրային քաղաքականության հիմնական փուլերը: - Մինչև 1997 թ. ՊՆ կադրային քաղաքականության գերխնդիրը բանակը սպայական և ենթասպայական կազմով համալրելն էր: Օգտագործում էինք մի քանի աղբյուրներ` պահեստի և խորհրդային բանակի կադրերին, պատերազմի փորձառությամբ ազատամարտիկներին և քաղաքացիական կրթությամբ մասնագետներին, ովքեր կարող էին աշխատել բանակի այս կամ այն օղակում: Դա այն շրջանն էր, երբ բանակ եկան տարբեր մտավոր մակարդակի և բարոյականության մարդիկ` ձևավորելով խայտաբղետ ու բազմադեմ մի խավ, որ կոչվում է զինվորականություն: Իսկ հետո մեզ տարիներ էին պետք ազատվելու համար այն բացասական երևույթներից, որոնք արմատավորվեցին բանակում: Ձեր կարծիքով` պատահական, ավելի պարզ ասած` սխալ ընտրված զինվորականների ներկայությունը բանակում կադրային աշխատանքի թերության արդյո՞ւնք էր, թե՞ իրավիճակի թելադրանք: - Անպայման օրինաչափ էր և իրավիճակի թելադրանք: Մենք բծախնդիր աշխատանքի հնարավորություն չունեինք և պիտի ընտրեինք չարիքներից փոքրագույնը: Գերխնդիրը բանակ ստեղծելն ու այդ բանակի հնարավորություններով սահման պահելն էր: - Եթե չեմ սխալվում, Խորհրդային Միության կենտրոնական հեռուստատեսությամբ հնչեց կոչ, որը բոլոր հայ զինծառայողներին հայրենիք էր կանչում` ծառայելու նորակազմ բանակում, օգնելու բանակաշինությանը: Հետաքրքիր է` շատե՞րը արձագանքեցին այդ կոչին և ե՞րբ վերադարձան` պատերազմից առա՞ջ, թե՞ հետո: - Այո, շատերն արձագանքեցին, և գրեթե բոլորը հայրենիք եկան պատերազմից առաջ: Հատուկենտ զինվորականներ ազգային բանակը համալրեցին հետպատերազմյան տարիներին: Իհարկե, այդ շրջանում դիմողներ կային, բայց մեծ մասամբ մերժվում էին: Նրանք հիմնականում այն զինվորականներն էին, ովքեր ձախողվել էին իրենց պաշտոններում և, ելնելով սեփական շահից, փորձում էին մտնել հայկական բանակ: 96-ից մենք սկսեցինք հիմնադրել սպայական կադրերի պատրաստման մեր դարբնոցները: 96-97 թթ. բուհավարտ քաղաքացիները մեկամյա զինվորական կուրսեր անցան ներկայիս ռազմական ինստիտուտում, իսկ 98-ին բուհը տվեց իր առաջին լիարժեք կրթությամբ շրջանավարտները: Այսինքն` հիմնեցինք կրթական բազա` ապահովելով լիարժեք սերնդափոխություն, զուգահեռաբար զարկ տալով կադրերի պատրաստման, վերապատրաստման, երիտասարդացման աշխատանքներին: - Ի՞նչ առաջնահերթություններ ունի այսօր ՊՆ-ն, կադրային քաղաքականությունը: - Բանակն այսօր համալրվում է ռազմական ուսումնական հաստատություններ ավարտած շրջանավարտներով, կատարելագործվում են նրանց ծառայողական աճը, տեղաշարժն ու առաջխաղացումը ապահովող մեխանիզմները` դառնալով ավելի դյուրին, տեսանելի, հիմնավորված և օրինական: Ես համոզված եմ, որ աստիճանական սերնդափոխությունը ձևավորելու է մտավոր ու բարոյական բարձր չափանիշների հավակնող միատարր խավ` զինվորականություն: - Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ, ի՞նչ նախասիրություններ ունեք: - Հետաքրքրվում եմ սպորտով, ժամանակին թեթև ատլետիկա եմ պարապել: Մեր օջախը շատ հյուրընկալ է, այդ ավանդույթը եկել է ծնողներիցս: Իմ բոլոր ընկերները, բարեկամները մեր տանն են հանգրվանում, սիրով ենք ընդունում բոլորին, համարյա ամեն օր հյուրեր ենք ունենում: Փառք Աստծո, բարեկամների ու ընկերների պակաս չունեմ: - Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը: - Ազնիվ, կիրթ ու համեստ մարդը: - Ինչի՞ց եք հուզվում ամենից շատ: - Աշխատանքային ձախողումից, թեկուզ` ամենաչնչին, շատ է ազդում վրաս: - Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները: - Հոգիս խաղաղվում է, որ կարողանում եմ ձեռք մեկնել նեղյալին, օգնել իմ կարիքը զգացողին: - Ի՞նչ է Ձեզ պակասում, ինչի՞ կարիք ունեք: - Ինձ պակասում է համբերությունը: Էությամբ անհանգիստ մարդ եմ, հակառակ դեպքում` շատ խնդիրներ կհաղթահարեի առանց անհարկի լարվածության, հուզմունքի: - Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը: - Լավ ընտանիք, սիրած աշխատանք ու լիովին ինքնադրսևորման հնարավորություն: «Ավանգարդը» շնորհավորում է Ձեզ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Մաղթում ենք ծառայական հաջողություններ ու երջանկություն անձնական կյանքում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ