«ՎԱԽԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ


Ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Ազգային ժողովում պատասխանելովլրագրողների հարցերին -Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ մինչեւ Ձեր` ԱԺ գալը բյուջեի քննարկմանը որեւէ պատգամավոր չէր մասնակցում, իսկ այսօր խորհրդարանում պատգամավորական անշլագ է: -Ես ուրախ եմ, որ դուք այդպես եք գնահատում, բայց ես այլ կերպ եմ գնահատում. պատգամավորների հետաքրքրությունը պաշտպանության ոլորտի նկատմամբ ավելին է, քան` այլ ոլորտի: -Իսկ եթե մյուս ոլորտների քննարկումներին էլ գա՞ք: -Ժամանակը կգա` կգանք: -Քննարկումների ընթացքում նախագծում ինչ-որ բաներ փոխվեցի՞ն: -Իհարկե°: Ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ` պաշտպանության նախարարության համար նախատեսված է աճ, եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ պաշտպանության ոլորտի համար ամեն տարի ծախսերի եւ ՀՆԱ-ի 3,5 տոկոսի աճ լինի: Ինչքան շատ լինի մեր ՀՆԱ-ն, ինչքան աճի մեր տնտեսական հզորությունը, այնքան ավելի են լինելու պաշտպանության ոլորտին ուղղվող գումարները: -Հոդվածներում էական տարբերություն կա՞: -Ոչ, մենք նախատեսում ենք հավասարաչափ աճ բոլոր հոդվածներով: Այդ գումարների 48 տոկոսից ավելին ուղղվելու է աշխատավարձերի եւ նմանատիպ ծախսերի, որի արդյունքում մեր սպաների միջին աշխատավարձը 2007 թվականին կազմելու է 165 հազար դրամ: -2007 թվականին լուրջ զինատեսակների ձեռքբերում նախատեսվու՞մ է: -Այո: -Ադրբեջանը սովորաբար ռազմատենչ հայտարարություններ է անում: Կարծում եք` մեր ռազմական բյուջեն բավակա՞ն է բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: -Բյուջեն բավական է, որ կարողանանք պահպանել մեր զորքերի այսօրվա մարտունակությունը: Իհարկե, չի կարելի 1 մլրդ-ը համեմատել 300 մլն-ի հետ, բայց եթե այդ 300 մլն-ը օգտագործես խնայողաբար, նպատակային, կարծում եմ` բավական կլինի: Ես չեմ ուզում հրապարակավ հայտարարել, բայց պատգամավորներին թվեր բերեցի մեր եւ այլոց կողմից ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ: -Այս օրերին շրջանառվում է այն տարբերակը, թե բյուջեն նախընտրական է: -Եթե նախընտրական է, ի՞նչ է փոխվում: Ես հասկանում եմ, երբ ասում են նախընտրական` նշանակում է սոցիալական ուղղվածության, այսինքն` ավելի շատ ծախսեր պետք է արվեն: Եթե մի բան ասում են, անմիջապես մի հավատացեք: Նախընտրականն ու սոցիալական ուղղվածությանը նույն բանն է: Եւ ընդհանրապես, ես կցանկանայի, որ Հայաստանի բոլոր բյուջեները բոլոր տարիներին նախընտրական լինեն, այսինքն` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը: -Ձեր զբաղեցրած դիրքերից որեւէ մեկը ջրագիծ կառուցելու պարտականություն չի ենթադրում: Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել այդ գործով: -Նախ, դուք շատ լավ գիտեք, որ ես միայն պաշտպանության նախարար չեմ, երկրորդ` ո՞վ է ասել, որ պաշտպանության նախարարը չպետք է հետաքրքրվի սոցիալ-տնտեսական խնդիրներով: 2003 թվականին ՀՀԿ ցուցակում ես երկրորդն էի, եւ այդ տարածաշրջանում խոստացել էի` կօժանդակեմ, որ 6 գյուղ ջուր ունենա, եւ° ոչ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: Դուք տեսաք, որ դրանք պետական միջոցներ էին, նաեւ` վարկային հումանիտար միջոցներ: Եթե դրանում վատ բան կա, հաջորդ անգամ չեմ անի: -ՕԵԿ շաբաթաթերթում գրված էր, թե միջազգային կառույցները վախենում են Արթուր Բաղդասարյանից: Դուք շփվել եք միջազգային կառույցների հետ: Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է անի քաղաքական գործիչը, որ նրանից վախենան: -Համենայն դեպս` ինձնից որեւէ մեկը չի վախենում, եւ ես էլ որեւէ մեկից չեմ վախենում: Ճիշտն ասած` լավ չի ուրիշի ասածները մեկնաբանել, բայց վախը քաղաքական կատեգորիա չէ: -Ինչպե՞ս եք վերաբերվում ՕԵԿ նախագահի հայտարարությանը, որ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի Հայաստանի քաղաքացի: -Դուք ուզում եք, որ ես Արթուր Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի մասին մի կծու խոսք ասեմ. չեմ ասելու: Դուք հիանալի գիտեք, որ ես այդ խնդրին անդրադարձել եմ: Գյումրիում ես ասել եմ, որ Հայաստանի նախագահն, իհարկե, չի կարող լինել մեքսիկացի, պետք է լինի հայաստանցի: -Ինչպե՞ս եք վերաբերվում «ԱրմենՏելի» գործարքին: Ձեր մատը խա՞ռն է դրանում: -Կարծես` ոչ: -Կառավարությունը համաձայնություն կտա՞ գործարքին: -Կարծում եմ` կտա, որովհետեւ «ԱրմենՏելը» մերը չի, 90 տոկոսով հույներինն է: Պայմանները պետք է տեսնենք: -Հաշվի առնելով «ԱրմենՏելի» վաճառքը եւ այն, որ Ռուսաստանը կարողանում է տնտեսական լծակները քաղաքական տեսանկյունից օգտագործել, վտանգավոր չե՞ք համարում, որ ռուսական կապիտալի մասնաբաժինն ավելանում է մեր երկրում: -Ո°չ, որովհետեւ ես դեռ չեմ տեսել, թե ռուսական կողմն ինչպես է իր լծակներն օգտագործել: Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ մինչեւ այժմ Հայաստանում եղած ռուսական կապիտալը քաղաքական ճնշման է ենթարկել մեզ: Երկրորդ` ի՞նչ եք կարծում, ի սկզբանե, երբ մրցույթներ էինք հայտարարում կամ ուզում էինք տնտեսական ծրագրեր իրականացնել, պետք է ասեինք` ռուսների մուտքն արգելվա՞ծ է այստեղ: Ո՞ր ամերիկյան կամ ֆրանսիական ընկերությունն է ասել` ուզում ենք գնել ձեր 5-րդ էներգաբլոկը կամ «Մարսում» ներդրում անել, որ մենք ասել ենք` ո°չ, ձեզ չենք տալիս, միայն ռուսներին ենք տալիս: Եւ ընդհանրապես` ի՞նչ եք կարծում, ո՞րն է շահավետ Հայաստանի համար: Դուք «ԱրմենՏելն» եք օրինակ բերում. վերջում մնացել էին 2 ռուսական եւ 1 արաբական ընկերություններ: Հայաստանի համար ավելի շահեկան կլիներ, որ արաբակա՞ն ընկերությունը ձեռք բերեր այդ ընկերությունը: Ինչո՞ւ եք տրվում այն մարդկանց սադրանքներին, ովքեր չեն հասկանում, թե ինչ է տնտեսությունը, ինչ են նշանակում այսօր Հայաստանի համար ներդրումները: Ուղղակի` նրանք ունեն քաղաքական ուղղվածություններ, ինչ-որ, այսպես ասած` «ատյացություններ», եւ փորձում են մեր գլխին փաթաթել: Պետք է շատ սթափ մոտենալ այս խնդիրներին, եւ գլխավորը` որպեսզի ապահովվի մեր երկրի անվտանգությունը եւ հետագա տնտեսական աճը: -Կարեն Կարապետյանը («ՀայՌուսգազարդի» տնօրենը- խմբ.) ասել է, որ գազի սակագինը թանկանալու է: Իսկ ու՞ր մնաց 250 մլն դոլարի գործարքը եւ խոստումը, որ 3 տարի գազը չի թանկանալու: -Կարծում եմ` լավ չեք լսել Կարեն Կարապետյանի հայտարարությունը: Այդտեղ խոսքը «ՀայՌուսգազարդի» սեփական ծախսերի, սեփական միջոցների մասին է: -Արամ Կարապետյանը իր հանդեպ իրականացվող սեւ PR-ը կազմակերպելու մեջ մեղադրում է Ձեզ եւ գլխավոր դատախազին: Պատվիրատուն Դո՞ւք եք: -Շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիք ունեն: Ես այլ գործ չունե՞մ, հետաքրքրության այլ առարկաներ չունե՞մ: Նա ինձ համար ի՞նչ վտանգ է ներկայացնում, ինչո՞ւ պետք է անեմ: Ձեր գործընկերներն ասում են` բոլորը, ովքեր ուզում են ինքնահաստատվել, իրենց պարտքն են համարում ինձ ինչ-որ բանում մեղադրել: Լեզվի տակ ոսկոր չկա, խոսում են` իմանալով, որ կխոսեն, կգնա: 15 տարի, 7-10 տարի առաջ չի, որ խոսելու համար մարդկանց աչքը հանեն, գլխին խփեն: Խոսում են, թող խոսեն: -Տեսակետ կա, որ ե°ւ Սուրեն Աբրահամյանի, ե°ւ Հովհաննես Գալաջյանի, ե°ւ Արմեն Աշոտյանի դեմ կատարվածը որոշակի երրորդ ուժի կազմակերպածն է Հայաստանի քաղաքական ուժերին իրար դեմ հանելու համար: -Ես այդպես չեմ համարում: Ի՞նչ է նշանակում` երրորդ ուժի: Այսինքն` էն գլխից նշանակում է, որ ձեր թվարկածները մեր թշնամիներն են, եւ եթե ինչ-որ բան է եղել, անպայման մենք պետք է անեինք, հայտնվեց մի երրորդ ուժ, եւ փորձում է մեզ կռվեցնե՞լ: Ի՞նչ երրորդ ուժ. արել է երկրորդ ուժը, ով այս մարդկանց իր թշնամին է համարել: Այլ խնդիր է, որ« «կուտ են ուտում» սկսում ավել-պակաս խոսել: Շատ լավ էլ գիտեք որոշ մարդկանց գործելակերպի մասին: Նրանց ասածները որեւէ տրամաբանության ենթարկվո՞ւմ են: Թող խոսեն, էլի, ի՞նչ է եղել: -Ինչպե՞ս եք վերաբերվում «41 մեծամասնական» օպերացիային: -Վստահ եմ, որ նման բան չի լինելու: -Արդեն երկու հոգի հայտարարել են, որ զորք են գլխավորելու: -Այսինքն` բանա՞կ են գալու: -Համամասնականի զորքը: -Կարծում եմ` ճիշտ է, որովհետեւ ջանքերը պետք է ուղղվեն հիմնական խնդիրների լուծմանը, ոչ թե մասնակի: -Ինչո՞ւ եք վստահ, որ նման բան չի լինի: -Որովհետեւ ընդդիմության մեջ 2-3 հոգի կա, որ կարող է անցնել մեծամասնականով: -Հայկական ինքնաթիռի կործանման մասին մի փորձագետ հայտարարել է, որ ինքնաթիռում կարող են եղած լինել քրեական «ռազբորկաներ»: -Հետաքննությանը միայն մենք չենք մասնակցել, այլեւ ՌԴ, Ֆրանսիայի ներկայացուցիչները, ինքնաթիռ արտադրող կազմակերպությունը: Ի՞նչ եք կարծում, եթե այդպիսի կասկած լիներ, նրանք այդ մասին աշխարհով մեկ չէի՞ն հայտարարի: -Վերջնական եզրակացությունը դեռ չկա: -Վերջնական եզրակացությունն ի՞նչ կապ ունի: Ցանկացած բամբասանքի մեջ պետք է ինչ-որ չափով տրամաբանություն լինի: Պարզ է` ինչու են ասում, բայց մյուս կողմից` այդ ասողների ուղեղն այնքան չի աշխատում, որ հասկանան, որ եթե այդպիսի բան է կատարվել, դա ի՞նչ կապ ունի «Արմավիայի» հետ: Օդանավակայանում անվտանգության ապահովումը ավիաընկերության վրա չի դրված: n Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկնեց Իրաք: Օդանավակայանում կայացած ճեպազրույցի ընթացքում նախարարը հայտնեց, որ մարտական առաջադրանք կատարելիս ոտքերի շրջանում ականապայթյունային վնասվածք ստացած ավագ-լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը տեղափոխվել է Գերմանիա, և նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «Հուսով եմ, որոշ ժամանակ անց նա կապաքինվի և կվերադառնա Հայաստան` շարունակելու իր ծառայությւոնը հայրենիքին: Ես իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և վստահ եմ, որ նրա փորձը, գիտելիքները դեռևս անհրաժեշտ են մեր զինված ուժերին», - ասաց նախարարը: Այցի նպատակն է` տեղում ծանոթանալ հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, հանդիպել Իրաքի պաշտպանության նախարարի, ինչպես նաև բազմազգ դիվիզիայի ղեկավարության հետ: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է շարունակել իր խաղաղարար առաքելութկունն Իրաքում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք արդեն դիմել ենք Ազգային ժողով, որպեսզի երկարացնենք առաքելության ժամկետը, որովհետև ինչպես այն ժամանակ, հիմա էլ վստահ եմ, որ Հայաստանը չի կարող լինել լոկ անվտանգության սպառող: Հայաստանը իր համեստ, բայց հաստատուն ներդրումը պիտի ունենա միջազգային անվտանգության գործընթացներում: Եվ ինչպես ցույց տվեց ժամանակը, մեր զինվորները և սպաները կատարում են կարևոր, դժվարին ու նաև վտանգավոր, բայց անհրաժեշտ առաքելություն` առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար: Նրանք իրենց ծառայությամբ մեկ անգամ ևս հաստատում են, որ Հայաստանը կայացած պետություն է»: n Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ԶԼՄ-ներին արված հայտարարությունն առ այն, թե իբր հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով, կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը իր կողմից բարձրացված և քննարկված առաջին հարցը վերաբերվել է «օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերմանը» չի համապատասխանում իրականությանը: Իրականում նման հարց հանդիպման ընթացքում ընդհանրապես չի քննարկվել: Ինչպես և հաղորդվել էր, հոկտեմբերի 20-ի հանդիպմանը բացառապես քննարկվել են սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանին: n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ պարոն Բրայան Ֆոլի գլխավորած պատվիրակությանը: Գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ