ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԱՐԴ. սա է մեր ազգային գերխնդիրը


Բարոյահոգեբանական մթնոլորտ: Այս մասին շատ է խոսվել: Գնահատականների, տեսակետների, թեկուզ պարզ նկարագրությունն ների, բառային անսպառ «հեղեղի» միջոցով փորձ է արվել թանձր, գորշ գույների ստեղծումով, ահասարսուռ իրականության ավարտուն, ամբողջական պատկերը ստանալ: Այս թեմայի շուրջ որքան շատ են վատնվել, երկար օգտագործումից լիակատար մաշվել բարոյազրկություն, հուսալքություն, թերահավատություն, հոգեկան դատարկություն, վախ, տագնապ, ունայնություն բառերը: Էլ չխոսենք` նախանձի, ատելության, եսամոլության, փառատենչության մասին: Եվ քանի որ բացառապես մեր երկիրը, իշխանությունները, ժողովուրդը, հասարակական հարաբերություններն են եղել վերլուծությունների առանցքը, արդյունքում Հայաստանը «մատուցվել» է որպես աշխարհի ամենադժոխային պետություն, որտեղ հումանիզմը վերացական հասկացողություն է, իսկ գայլային բնազդները` գերիշխող հիմնական «որակ»: Այնինչ հայերիս մեջ գերիշխողը ծայրահեղականությունն է: Որպես կանոն, չափազանցնում ենք ամեն ինչ: Լավը շատ ենք գովում, երկինք հանում, պաշտամունք դարձնում, վատը` փնովում, հայհոյում, ոտնատակ տալիս, մեկը` դարձնում հարյուր, հարյուրը` միլիոն... Լավի մեջ վատը նկատելու, վատի մեջ թեկուզ մեկ լավ բան գտնելու ունակությունից կարծես թե լիովին զրկված ենք: Բազմերանգ կյանքում ճանաչում ենք միայն երկու գույն` սևը և սպիտակը: Այնպես, ինչպես դալտոնիկը: Իրականում այդ բարոյահոգե բանական մթնոլորտ կոչվածը հիվանդածին բացիլներով պարուրված է ողջ աշխարհում և նույնքան առողջացման կարիք է զգում, որքան Հայաստանում: Դարի հիվանդություն է, որը սկսվել է վաղուց և խորացել է վերջին հարյուրամյակում: Մեր մեծ դասական Ավետիք Իսահակյանն անցյալ դարասկզբին է ահազանգել ոգու սովի մասին և փորձել է փախչել ոչ այն է այս աշխարհից, ոչ այն է ինքն իրենից` «Գնամ, գլուխս դնեմ օձ-կարիճների բների վրա, այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մեջ բյուր ու դժնադեմ»: Սա ասում է մեծ գրողի` խալիֆների հետ ապրած, փառք ու հարստություն տեսած հերոսը: Արդյո՞ք բարոյահոգեբանական մթնոլորտը կառողջանա, եթե Հայաստանը դառնա հարուստ, կամ գոնե բարեկեցիկ երկիր` երբ ժողովուրդը վերջապես ազատվի աղքատության ճիրաններից: Արդյոք մարդիկ կդառնա՞ն ավելի արդար, ատելությունը, փոխադարձ անհանդուրժողակա նությունը, միմյանցից օտարացումը, անտարբերությունը կնվազե՞ն, կավելանա՞ն սերը, բարությունը, ոգեղենությունը: Դժվար թե: Ի վերջո, մարդկային բարձր որակների կորուստը պետք չէ բարդել սոսկ նյութական ծանր կացության, ասել է թե` իշխանությունների վրա: Թեպետ, ինչ խոսք, ժողովրդի թշվառության, սոցիալական անարդարության, անօրինականությունների գերակայության հարցում իշխանություններն ունեն մեղքի, ինչպես ասում են, «առյուծի բաժինը»: Սակայն չարիքի արմատը որոնելիս, այն վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու ճանապարհին ժողովրդին առաջնորդելու կոչված ղեկավարները մոլորությունների մեջ են ընկնում և հայտնվում փակուղում, որովհետև չեն տեսնում ու հասկանում ստեղծված գորշ իրականության պատճառահետևանքային կապը: Ավելի պարզ ասած` պատճառն ու հետևանքը շփոթում են իրար հետ: Ժողովրդի անտարբերությունը, օտարվածությունը, բարոյալքությունը համարում են իշխանությունների նյութապաշտ ու եսամոլ, փառատենչ գործունեության հետևանք: Մինչդեռ իշխանությունների վերոնշյալ արատներն են առաջանում ու բազմանում, ոչ մի կերպ արմատախիլ չեն արվում հենց ժողովրդի ապատիայի, եսակենտրոնության, անհամախմբվածության, պայքարելու կամքի պակասի պատճառով: Սա բոլորովին է հավի և ձվի պատմությունը չէ: Պարզապես մինչ այսօր արդիական է և ապագայում էլ արդիական է լինելու «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին» աքսիոմայի անառարկելի ճշմարտություն պարունակող թևավոր արտահայտությունը: Այնպես որ, հանրության կենսամակարդակը ուղիղ համեմատական է նրա պայքարելու կամքի աստիճանի հետ: Սակայն հասարակության թույլ պայքարի պարագայում էլ, թեկուզ դանդաղ ու տանջալից ճանապարհով` մարդկանց նյութական վիճակը տարեցտարի կբարելավվի: Ի վերջո, էվոլյուցիա կոչվածը դատարկ արտահայտություն չէ: Ինչքան էլ իշխանությունները անարդյունավետ գործեն, միևնույն է, սոցիալական վիճակը բարելավվելու է, թեկուզ հինգ տարվա ճանապարհը 15 տարում անցնելու գնով: Եվ հենց այդ ժամանակ էլ ցավով ու սրտի կսկիծով «կհայտնաբերենք», որ բարոյահո գեբանական մթնոլորտը նույնն է մնացել, այսինքն չի առողջացել: Նյութապաշտություն, որ տարեցտարի ահագնանալու միտում ունի, դատարկության, ունայնության, միայնակության, օտարվածության զգացողություն. ասել է, թե` ոգու սով: Այն, ինչ այսօր կա` գերիշխող է հատկապես աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներում: Ոգին աստիճանաբար մեռնում է նյութի «ծանրությունից», մինչդեռ, եթե աշխարհը, հատկապես քաղաքակիրթ երկրները ճշմարիտ ճանապարհով ընթանային, նյութը պետք է «մեռներ» ոգու ծանրությունից: Այսօր, առավել քան երբևէ, Արևմուտքից Հայաստան են ներխուժում ոգեսպան «ցունամիները», որոնք նույնքան և ավելի վտանգավոր են, քան մարմինը սպանող ՍՊԻԴ-ը: Իրոք, սատանայական ժամանակներ են: Ո՞ր գրողի ծոցն է կորչում սերը` մարդկանց մերձեցնող, մարդկային հարաբերություններին ոգեղեն որակ հաղորդող այն առանցքային զգացմունքը, որը Կտակարանի պատվիրանների մեջ, թերևս կարևորագույնն է: Ինչո՞ւ են մարդիկ, «իսկական» մարդիկ, որ, ցավոք, այնքան էլ շատ չեն, նյութեղեն խրախճանքից կուրացած խառնամբոխի մեջ կորցնում անհատականությունը, կամ էլ ներքաշվում իրենց պատյանի մեջ` ճգնավորի մենակյացություն զգալով նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված են հարյուրավոր ոգու սովյալներով: Մարդկային հարաբերությունների անկենդանություն, դիմակների շքահանդես, կենսաթրթիռ հույզերի իսպառ բացակայություն... Կենցաղային դժվարությունների հաղթահարումը, բարեկեցիկ կյանքի հասնելը, իհարկե, կարևոր է, բայց դա չէ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման առաջնային պայմանը: Պատահական չէ, որ ամենաշատ ինքնասպանությունները արձանագրվում են հենց բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում: Մարդկանց հոգեբանության մեջ բարոյական բարձր արժեքների ներարկում. ահա մեր ամենակարևորագույն ազգային գերխնդիրը: Միայն այդ դեպքում կունենանք առողջ պետություն, առողջ հասարակություն, մարդկային հարաբերությունների ոգեղեն որակ: Ինչպես ասում էր Պ. Սևակը` «Մարդուն պահել մարդ, և կամ նոր միայն մարդուն դարձնել մարդ»: Իհարկե, դժվար է: Դա ոչ միայն ազգային, այլև համամարդկային խնդիր է: Բայց մենք պետք է սկսենք մեզանից: Դնենք նպատակ, համակարգված ծրագիր և հետևողականորեն ընթանանք նախագծված ճշմարիտ ճանապարհով:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ