«Տեցի կռուգ»-ի գործը ձեզ օրինակ


ԱՄ կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը երկրում տիրող քրեածին և անպատժելիության մթնոլորտի լավ օրինակ է համարում «տեցի կռուգ»-ի գործը: Այս գործով, նրա պնդմամբ, ձերբակալվել է 159 մարդ, գործով մասնակից ոչ մեկը դուրս չի մնացել, և սակայն քննության ավարտին այս «կազմը» թեթևացել է ոչ ավել, ոչ պակաս 150 մարդով: Այս 150-նն այժմ դրսում են` պատժից զերծ, անազատությունից ազատ: Մեղավոր, հետևաբար և պատժի ենթակա մնացած իննի պատիժներն էլ ուղղակի ծիծաղելի են: Նրանց գործած հանցանքը գրեթե հավասարեցվել է խուլիգանության պես մի բանի, և դատավճիռն էլ կայացվել ըստ այդմ: Երևույթի մեկնաբանությունը Գ. Կոստանդյանը թողնում է լրագրողներին, մենք էլ` ընթերցողին: Ի՞նչ անել. այս հռետորական հարցն, այսպես թե այնպես, ծառանում է: Պատգամավորն առաջարկում է զննել չարիքի արմատը: Ոստիկանությո՞ւնն է վատ աշխատում: Ոչ: Հապա՞: Այդ պետությունն է ոստիկանին մղում իր մասնագիտական պարտականությունների անլիարժեք կատարմանը: 77 հազար դրամ աշխատավարձ, մի երկու լիտր բենզին և չնորմավորված, ամեն վայրկյան վտանգներով լի աշխատանք: Նման պայմաններում ոստիկանի աշխատանքի որակ սպասելի՞ է, տեղի՞ն է նման ակնկալիք ունենալ: Չենք առարկում, մարդուն և մանավանդ մասնագետին, ծառայողական պարտականություններ կատարողին լավ պետք է վճարել: «Հացիվ»-ը պարտադիր է բոլոր դեպքերում: Բայց դառնանք-հիշենք դատական համակարգի վճարային թարմացումները: Պետությունը մեր` հարկատուներիս, հաշվին հիմա նրանց բարձր է վճարում: Դադարե՞լ են դատական մարմինները կաշառք վերցնել և որոշումներ վաճառել: Կոռուպցիան այս համակարգում նվազե՞լ է: «Մեր դատական համակարգն ուղղակի խայտառակություն է»,- սա է պատգամավորի պատասխանը: