«Գորշ ձիուկի» կարգավիճակով


Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ցայտուն են դրսևորվում քաղաքական ուժերի` ժողովրդին հաճոյանալու (գուցե քծնելո՞ւ) միտումները: «Ինտելեկտուալ» շոուի առավել քան թափանցիկ շղարշի տակ թաքնվելով` մարդկանց նվերներ տալը, գյուղացիների հոգսը թեթևացնելու, իբր թե անկեղծ մղումով նրանց սերմացու կարտոֆիլ բաժանելը, աղքատ ու թշվառ երկիրը փրկելու անհրաժեշտության մասին ամպագորգոռ ելույթներն ու հայտարարությունները ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ չկապել առաջիկա ընտրությունների հետ: Բարեգործություններ, իհարկե, միշտ էլ արվել են. ոչ ոք չի ուրանում, բայց ինչու են դրանց ծավալները տասնապատկվում հենց նախընտրական տարում` կարծում ենք, ցածր դասարանի երեխաներին էլ հասկանալի է: ՕԵԿ-ի «ավանդական» ամբոխավարությանը (որը բազմապատիկ «սրվում» է ընտրությունների նախաշեմին) արդեն սովոր ենք, ոչ առանձնապես զարմանում ենք, ոչ էլ մեկնաբանում: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստանը» առայժմ մնում է «Գորշ ձիուկի» կարգավիճակում: Լավ, գլուխը քարը, գյուղացիներին բաժանված սերմացու կարտոֆիլը ընտրակաշառք չանվանենք, համարենք բարեգործություն: Բայց խնդիրն այն է, որ իշխանության գալու անթաքույց հայտ ներկայացնող սույն քաղաքական ուժը նախընտրում է խաղալ «փակ խաղաքարտերով»: Հասարակությանը հստակ չեն ներկայացնում` իրենք իշխանամե՞տ են, թե՞ ընդդիմադիր: «Բարգավաճի» գաղտնիքներն այնքան շատ են, որ հեռուն գնացող հետևություններ անելու տեղիք են տալիս: Օրինակ, ճամբարափոխ հայտնի գործիչները` Վիկտոր Դալլաքյանը և Թաթուլ Մանասերյանը ինչո՞ւ են խուսափում խոստովանել, որ իրենց «բարգավաճել» են: Միայն այդ փաստերը բավական են, որ ստվերվի Գագիկ Ծառուկյանի հովանավորած կուսակցության հեղինակությունը: «Տյոմնի» խաղերից երբեք էլ լավ «հոտ» չի փչել: Եթե բացակայում է թափանցիկ ու անկեղծ գործունեությունը, դրական ակնկալիքներ ունենալը բացառվում է: Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում «ԲՀ»-ի, այսպես կոչված, «կադրային բանկը»: Բացի իրենց նախկին կուսակցություններին դավաճանած և բացահայտ վել չցանկացող վերոնշյալ երկու գործիչներից, «ԲՀ» կազմում չվարկաբեկված, անբասիր կենսագրություն ունեցող քաղաքական գործիչների անուններ առայսօր չենք լսել: Մինչդեռ` «ԲՀ»-ն խոստացել էր, որ իր շարքերում լինելու են միայն այդպիսիները: Իհարկե, այսպես երկար ձգվել չի կարող, վաղ թե ուշ կձևավորվի սույն «հանելուկ» կուսակցության քաղաքական վերնախավը, և տա Աստված, որ հիասթափությունը չլինի լիակատար ու վերջնական:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ