ՀԱՎԱՏԱՎՈՐ ՁԱԽՈՐԴԸ


Ձախորդ Վարդանը երբ բալ ու կեռաս էր հավաքում, գյուղի երեխեքը մժեղի պես հավաքվում էին շուրջբոլորը: Անպակաս էր նաև որբևայրի Շուշիկն` իր բազմաբովանդակ զավակներով: ճաքած թշերով Անդրանիկը, ծառին թառած, ավելի շատ ուտում էր: Չոփուր ոտքերով Նունիկն էլ ուտելուց հետո կորիզը պզացնում էր ժպտերես Բաբկենի աչքին: Բաբկեն, դու Բաբկեն, վազում էր ետևից, գցում գետնին ու թառելով շալակը` հոշ-չոշ անելով ձեռքը թափահարում օդում: Մինչև կիսաշվար Շուշանը կհասներ, Նունիկը ցեխով նախշում էր Բաբկենի սուրուլիկ դունչը: Վարդանի դույլերը դանդաղ էին լցվում: Սևացած, ջուխտակ բալերը ականջներին կախած փնփուխ Լիլոն, իրեն երևակայելով, փեշի կեռասները դատարկում էր արկղն ու նորից ճնճղուկի թեթևությամբ կախվում ծառի գունազարդ փեշերից: Աշխատանքի դիմաց առատ վարձատրություն ստացած լակոտները, կարմրած քիթ-մռութներով կորչում էին թեժ արևից ցամաքած Արշակի խաղողի մարգերում: Արշակն այս խաղողի թրթուռներին այնքան էլ ջերմ չէր ընդունում: Հող բաժանողի մուռը երեխեքի ապուպապերից էր հանում: էլ նոր` էս տարիքում, ի˜նչ հարաքյաթ ուներ հող մշակելու: Տունը ջահել չէր մնացել, ցիրուցան էին եղել աշխարհով մեկ: Հողն էլ շաղախվել էր ծերության քրտինքով ու զրկվել բերրիությունից: ժամանակն էր, որ հողն իր գիրկն առներ ոսկորի վրա կաշի քաշած Արշակին: Արշակի հայհոյանքը Վարդանի սրտովն էր, ինքն էլ էր կուշտ` հողից, հողատերից ու բախտ բաժանողից: Բալի արկղերը կապելուց հետո Վարդանի հոգնած մարմինը փլվեց դրսում դրված` հարյուր տարվա պատմություն ունեցող պապենական թախտին: Նայեց արդեն մթնած երկնքին, թվաց, թե ամպի շրթից կախված լուսինը ուր-որ էր տիեզերքի ծոցից կընկներ ուղիղ վրան ու ջարդուփշուր կաներ քայքայված ոսկորները: Վարդանը տնքաց: Քաղաք գնալու միտքը առավոտից էր տանջում: Հոգնած մարմինը թեքեց թզենու թփի կողմն ու վերհիշեց տասը տարի առաջ քաղաքում անցկացրած դառը տարիները: Քաղաքին հարակից բարձրադիր տարածքում մի մեծահարուստից առանձնատուն կառուցելու առաջարկ ստացավ` ջահել էր ուժն ու եռանդը տեղը: Նախագծեց, հաշվարկն արեց, զանազան առաջարկներով գծագիրը թևի տակ դրեց ու ներկայացավ պատվիրատուին: Երեք ամիս գնաց ու եկավ տարբեր տրամադրությամբ: Թուղթ ու թանազուկ չկար էս գործարքի մեջ, ամեն ինչ վստահության ու հավատի վրա էր` ինչից որ վախենում էր կինը: Հավատավորին մի կյանքն էլ քիչ էր` համոզելու համար, որ իրենով չչափի մարդկանց ու աշխարհը: էդպես էլ իր գծագրական կուլմանից էն կողմ աշխարհը չտեսավ: Խաբված էլ տուն եկավ: - Վարդան քեռի,- ձայն տվեց Շուշիկի հինգ տարեկան Նունիկն ու պղնձե մի թաս ձեռքին տնկվեց ուղիղ Վարդանի ոտքերի մոտ,- մամաս կամպոտի համար մի թաս բալ է ուզում: Վարդանը բացեց կկոցած աչքերն ու ժպտաց: Նունիկին էս տեսակ հագ ու կապով չէր տեսել: Մազերը խոյի աղեղնաձև պոզերի պես տնկել էր գլխին, հագել մոր ծալքերով գիշերազգեստը ու գոտկատեղը պարանով կապել, իսկ մորաքրոջ բարձրակրունկ կոշիկները` գունավոր գուլպաներով, թարս ու շիտակ էր հագել: Բա˜ ցոլացող արդն ու զարդին ո՞վ չէր նախանձի: Նունիկը փորձեց նորից կրկնել մոր առաջադրանքը: - Վարդանուշին ասա,- Վարդանի լիաթոք ծիծաղը կորավ հազի մեջ: Մինչև Նունիկը երկարաքիթ կոշիկը կոշիկի առաջ կդներ, ներսից անզուսպ ծիծաղի ձայներ լսվեցին. «Էդ է, հավաքվել են, էլ բան ու գործ չունեն»,-մտածեց Վարդանն ու թիկնեց թախտին: Քաղաքից Երանուհին էր եկել, գյուղի ծայրամասից գյուղամեջ էին քաշել գինեգործ Սիրունին ու ընկերուհիներով քեֆ էին անում: Պճպճան մաճառը քաշել էին գլուխները, կոկոները տաքացրել ու հռհռում էին իրենց դժբախտության վրա: Վարդանի դժգոհությունը անտեղի չէր: էս տեսակ հավաքույթների ժամանակ տղամարդիկ միշտ էլ դուրս էին մնում կանանց ուշադրությունից: Վարդանուշը օրորվելով բակ դուրս եկավ, ծուռ նայեց Վարդանի կողմը` քեֆն հարամելու համար, քանդեց կապած արկղն ու պղնձե թասը լիքը լցրեց: - Ա´ռ, տար, Նունի˜կ ջա˜ն,¬ «ջանը» արտաբերեց երգեցիկ ու շրջվեց ամուսնու կողմը: - Ա´յ մարդ, ներս արի, ումի՞ց ես ամաչում, մոռացա՞ր, որ մի ժամանակ Երանուհուն էիր սիրահարված: Վարդանը խորամանկ ժպտաց, ձեռքը թափ տվեց, թե իբր ձեռ քաշեք ինձանից ու չուստի զույգն հագնելով` փորձեց կտրվել թախտից: - Վարդանուշ, չի՞ լինի կեռասը Երանուհուն տաս, տանի, մեկ էլ քաղաք չգնամ,- խեղճացավ Վարդանը: - Մոռացա՞ր, երեխու ուսման վարձը պիտի վճարենք: Ներս արի, ա˜-արի˜: Հա, էսօր Երանուհու անկողինը քո սեն-յա-կո˜ւմ եմ գցելու,- հազիվ արտաբերեց գինովցած Վարդանուշն ու շրմփաց դռան առաջ: Վարդանը տեղից թռավ ու բռնեց կնոջ արմունկից, մի կերպ բարձրացրեց, համբուրեց քերծված ուսն ու տուն մտան: Առանց բարև-բարի լույսի թասով մաճառը միանգամից դատարկեց, մաքրեց թրջված բեղերն ու հենվեց աթոռին: Մաճառը անմահական էր: Երկրորդ թասին Վարդանուշը ձեռքը բռնեց. - Սպասի, այ մարդ, կթռնի գլուխդ: Վարդանը իր երերացող պատկերը տեսավ Երանուհու թաց աչքերում: Դարդ ուներ, հարազատի տուն էր եկել: էս տան պատերը շատ-շատերին էր հույս ու սփոփանք ներշնչում: Բաժակն առավ ձեռքը: Հեռանալ էր պետք աշխարհի պարտադրված ցավերից: Մի շնչով խմեց ու Աստծո օրհնանքը թափեց խաղող տնկողի, մշակողի ու մաճառ քաշող Սիրունի գլխին: Օխայից հետո, ըստ սովորության, համբուրեց Սիրունին, Երանուհուն ու քեֆը թամամած պատրաստվում էր մոտենալ ներս մտնող Շուշիկին, երբ ձայնարկիչը միացավ: Որբևայրի Շուշիկի բախտը բերեց: Վարդանի ձեռքերը օդ բարձրացան` հաջա˜ն, հաջա˜նը ձգեց ջարդված մարմինը ու թափ առավ յարխուշտա պարելու: Մեջտեղ քաշեց Երանուհուն, ու ոչ-ոք չհասկացավ, թե ինչ հառաչանքից ծնվեց օդում խաչված ձեռքերի հուժկու ծափը: Երեխա ժամանակ Վարդանը էդ տաք ափերի մեջ էր սիսեռահատ լցրել: Լցրել էր, որ իր թխադեմ Երանուհին հաշվելով սովորեր թվաբանության գործողությունները, բայց բկլատ Երանուհու բռում սիսեռահատիկները վայրկյանների ընթացքում էին անհետացել: Ագահաբար կուլ տալուց հետո, երկար ու դեղին լեզուն ցույց էր տվել միամիտ ու երազկոտ Վարդանին: Վարդանն էլ միանգամից էր հիսաթափվել: Էլ ի˜նչ Երանուհի, ի˜նչ բան, թվաբանության դասատուին դասի ժամին Էր բողոքել: Երանուհին նրան կրկին խենթացրեց ավարտական երեկոյին, երբ միջանցիկ քամու խելառ խաղերից բացվեց շողշողուն շրջազգեստի ճեղքն ու բոցկլտացող կաթնակարմիր կուրծքը թրթռաց աչքի առաջ: Երանուհին վերածնվեց էրատոյի կերպարանքով` քնարը ձեռքին: Էլ ինչ Վարդան, Էլ ինչ բան, Երանուհին այդ օրը, փոթորկահույզ` թվաբանության դասատուին պատմեց Վաղարշակի բիզնեսմեն տղու մասին: Քաղաքից ժամանած Վաղարշակի որդին մեկ անգամ չէ, որ զարմացրել էր գյուղացիներին: Փող ուներ` քաղաքն էլ էր իրենը, գյուղն էլ: Ափսոսեց Վարդանը. «Ո՞ւմ առաջ էր թափվելու հասունությունից ճաք տված նռնահատերը»: Վարդանուշի հետ մոր հորդորներով ամուսնացավ: Աչքի առաջ մեծացած հալալ կաթնակեր էր: Մայրը հավատավոր ձախորդին դժվար էր ծնել, ու Վարդանուշին էլ մի ձենով ազատվելու օրհնանք էր տվել: Բախտավոր հարս էր, անցավ էլ աշխարհ բերեց հուրի-փերի աղջկան: Աքլորականչին` երկնքի հետ կռիվ տվող Վարդանուշը կարկուտի ավիրած այգում էր` Վարդանը քաղաքի ճամփին: Տեղ հասնելուն պես, արկղերը իջեցրեց շուկայի մուտքի մոտ: Ներս մտնել չկարողացավ, վաղուց էր, ինչ շուկան գյուղացունը չէր: Մի քանի վերավաճառողներ քանդված մայթեզրին եռանդով ապրանք էին դասավորում: Մոտեցավ նրանց ու արկղերը տեղավորեց վաղահաս կարտոֆիլի պարկերի մոտ: Դարչնագույն ամպերը հեռացան, ու արևի ժպիտով բացվեցին բալի ու կեռասի կարմիր զարդատուփերը: Պտղաբերության Աստվածուհին էլ կնախանձեր իր պարգևած պսպղուն բարիքին: Չկարողացավ միանգամից ապրանքի գինը որոշել: Մտքում մի փոքր հաշվարկ արեց, թղթի վրա արժեքը գրելուց հետո դրեց արկղի վրա ու սրտատրոփ սպասեց առաջին հաճախորդին: Ծեր կինը մանրաքայլ մոտեցավ արկղերին: Համտեսած կեռասը երկու անգամ էժան էր հարևան վերավաճառողների կեռասից: Վարդանը ոգևորվեց առաջին հաճախորդից ու մի բուռ էլ կշռից ավել լցրեց: Առևտրականների թեժ կետից խեթ հայացքներ տեղացին էժան ապրանքավաճառի կողմը: Կեռ քթով մեկը ցցվեց առաջն ու կոշտ ձայնով սպառնաց. - Կամ ապրանքդ էդ գնով տուր մեզ, կամ փասա-փուսեդ հավաքի: Վարդանի արյունը եռաց, ոտից գլուխ տնտղեց հարևանին` ջահելի մեջ այդքան կուտակված լպիրշություն չեր պատկերացնում: - Տե´ղդ գնա,- զայրույթը կուլ տվեց Վարդանը: - Չես տա, ուրեմն էստեղ չես կանգնի,- գոռաց ու ոտքով խփեց բալի արկղին: Կարմրախալ հատիկները գլորվելով թափվեցին մայթեզրին ու հասան փողոց: Վարդանը բռնեց օձիքից: - Լսի´ր, գնա, կռիվը տղամարդկություն չի,- զսպելով զայրույթը, բաց թողեց օձիքը: Քամուն հակառակ` շրջվեց ծխախոտը վառելու: Շանորդու ոսկրոտ բռունցքը թիկունքից իջավ Վարդանի ծոծրակին: Քաղաքի աղմուկը խշշաց ականջներում, սև մշուշ իջավ աչքերին, ցավից ոռնաց, երերաց տիեզերքի անսահմանության մեջ ու տապալվեց գետնին: Արյունախառն քրտինքը խառնվեց ուլունքաշար կեռասին: Չոռը տված հասարակության «պահապան» ոստիկանը էս ամենը տեսնելուց հետո պոչը քաշեց: Մոր մատների ջերմությունը զգաց սառած ճակատին: Աչքերը բացեց, ամեն ինչ մառախլապատ էր, վեր կացավ: Կանգնելով ճզմված բալի վրա` սայթաքեց, ձեռքը գցեց էլեկտրական սյունին ու մի կերպ պահեց հավասարակշռությունը: ՈւԺը տեղը բերեց ու ինքնավստահ մոտեցավ ջահելին: Խեղճացած սրիկան կծկվեց կարտոֆիլի պարկերի արանքում: Վարդանի ձեռքը մնաց օդում, հապաղեց: Խղճի հետ դաշինք կնքած մարդու համար` ճղճիմ վախկոտին էս վիճակում խփելը մեղք կհամարվեր, էլ ինչո՞վ պետք է տարբերվեր: Ոստիկանը անտեղի բուսնեց առաջը, Վարդանը մի քայլ ետ գնաց ու արյունախառը թքեց անպատկառության մռութին: Իրիկնամուտին անհանգիստ Վարդանուշն այնքան դուրս ու ներս արեց, մինչև ձախորդ ամուսինը կապտած աչք-ունքով բացեց հին ցանկապատի ճռռացող դուռը: Երկար նայեց թախտին կուչ եկած կնոջը, գրկեց դողացող ծնկներն ու գլուխը թաղեց գոգի մեջ: Վարդանուշը փաթաթվեց իր հավատավոր ձախորդին` ուշադիր նայեց արյունափառ աչքերին, մեղմ համբուրեց վիրավոր շրթունքն ու լուռ մխիթարեց. «էս ամենից միայն Նունիկին տված մի թաս բարությունը մնաց»:

Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ