Տարօրինակ խնդրանքներ` դեսպանատներից


Դեսպանատները պետք է որ միշտ պատրաստակամ լինեն` օգնելու իրենց երկրների քաղաքացիներին, ովքեր ամենատարբեր խնդիրներ կարող են ունենալ` օտար պետություն այցելելով: Սակայն երբեմն այնպիսի խնդրանք¬պահանջներ են հնչում, որոնց լուծում գտնելը պարզապես անկարելի է: Բրիտանական հյուպատոսությունը, օրինակ, տարօրինակ նման խնդրանքների ցուցակ է կազմել (տեղեկացրել է travel.mail.ru¬ն): Դիցուք, նրանցից խնդրել են Ֆիլ Կոլինսի հեռախոսահամարն ու Ուելսի արքայազնի կոշիկի չափսը: Կամ, Իսպանիայում բրիտական հյուպատոսներին մի տղամարդ խնդրել է գտնել այն տիկնոջը (բնականաբար` անհայտ անուն¬ազգանունով), ով օդանավակայանում կապոտել է իրեն ու հեռացել: Մեկ ուրիշ տղամարդ էլ Սիդնեյի անգլիացի դիվանագետներից հեռախոսով հարցրել է, թե արձակուրդի համար ի՞նչ հագուստ վերցնի հետը: Իսկ Սոֆիա մեկնած մի բրիտանացի դեսպանատան խորհրդականից պահանջել է, որ նա իրեն վաճառի իր տունը: Մոսկվայում մի կնոջ զայրացրել է իր տանը լսվող փողոցի աղմուկը, և կինը զանգահարել է դեսպանատուն` պահանջելով, որ ինչ¬որ մեկը գա իր տուն ու ինչ¬որ բան մտածի` աղմուկը խլացնելու ուղղությամբ: Նույն կինը Հունաստանի դեսպաններից նամակով հարցրել է, թե իր այգում ինչպե՞ս հավաբուն կառուցի: Ֆլորիդայում մի տղամարդ խորհուրդ է խնդրել, թե ինչպես վարվի իր առանձնատանը հայտնված մրջյունների հետ: Մեկ այլ այր էլ Դուբայում իր երկրի դեսպանատուն է զանգահարել ու խնդրել, որ օդանավակայանում դիմավորեն նրա շանը, կատարեն անհրաժեշտ ձևակերպումները, որովհետև ինքն այդ ժամին այնտեղ չի լինելու: Սեպտեմբերի կեսերին Մալագայում հանգստացող երիտասարդը դիվանագետներին է դիմել` կողմնորոշվելու, թե որտեղ կարող է անցկացնել ծննդյան ճաշկերույթը, որովհետև ինքը ուր զանգահարել է` ազատ տեղեր չեն եղել: Հունաստանում բրիտանական հյուպատոսներին հարցախեղդ են արել, թե որտեղ գտնեն ձկնորսության լավագույն տեղեր և ձկներին հրապուրող լավ խայծեր: Իսկ Իսպանիայում գտնվող գրասենյակ զանգահարող մի բրիտանացի հետաքրքրվել է արքայազնի կոշիկի չափսերով, որովհետև որոշել է ոտնաման նվիրել արքայական ընտանիքին: