Առաջարկի և պահանջարկի պարադոքսը աշխատաշուկայում


Շիրակի մարզի աշխատաշուկան ունի անհավանական դրսևորումներ. գործատուների առաջարկած աշխատատեղերը մնում են թափուր, գործազուրկների կարգավիճակն էլ չի փոխվում: Մարզը գործազրկության և աղքատության մակարդակով Հայաստանում շարունակում է զբաղեցնել առաջնային դիրքեր: Շիրակում գործազուրկ է բնակչության մոտ 15 տոկոսը: Ու թեև նախորդ տարիներին այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել` կարգավորվելով միայն վերջերս, Գյումրիում, սակայն, այսօր նորից աճի միտում է գրանցվում: Գյումրու Զբաղվածության մարզային կենտրոնում հաշվառված է աշխատանք փնտրող 9000 քաղաքացի, որից 7800-ն ունի գործազուրկի կարգավիճակ. գերիշխում է միջին և բարձր տարիքը, իսկ շուրջ 70 տոկոսը կանայք են: Կենտրոնում հաշվառված քաղաքացիներից մեկ տարվա ընթացքում միջինը 20 տոկոսն է ապահովվում աշխատանքով: Մասնագիտական վերապատրաստման դասընթացները, իրականցվող ամենատարբեր ծրագրերն օգնում են աշխատանք գտնել հիմնականում մասնագիտություն ունեցող քաղաքացինե րին, ովքեր վերապատրաստվում են այլ աշխատանքի համար` արդյունքում ապահովելով միայն ժամանակավոր զբաղվածություն: - Մասնագիտական ուսուցման դասընթացներին 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է 102 մարդ, որից 50-ն աշխատանք է ստացել: Մինչև տարեվերջ նախատեսվում է թիվը կրկնապատկել, որովհետև դասընթացները շարունակվում են,- նշում է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Զբաղվածության մարզային կենտրոնում գովազդային և ապահովագրական գործակալների, հացթուխի, մեխանիկի, մատուցողի ու քարտաշ բանվորի աշխատանքներն ամենապահանջվածներն են: Փոխարենը շատ են աշխատանք փնտրող տնտեսագետները, մանկավարժներն ու ինժեներները: Սա Գյումրիում պայմանավորվում է այս մասնագիտություն ներն առաջարկող բուհերի գործունեությամբ, որոնց շրջանավարտները, սակայն, ըստ գործատուների` չունեն անհրաժեշտ մակարդակ: Տեղի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը այս պահին գործատու է. բայց նրա պահանջները բավարարող մասնագետներ չեն գտնվել: - Կարծիքը, թե Գյումրիում շատ են շրջանավարտներն ու քիչ են աշխատատեղերը, այնքան էլ ճիշտ չէ: Աշխատանք փնտրողները վստահ են, որ լավ մասնագետներ են և հենց սկզբից աշխատելու են բարձր աշխատավարձով: Բայց փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ,- բացատրում է ՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: Վերջին տարիներին աշխատանքի առաջարկի ու պահանջարկի շուկան փորձում են կարգավորել նաև հատուկ տոնավաճառների միջոցով, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Ու չնայած գործատուներն իրենց պահանջներում ավելի զգույշ են և բարետես արտաքինն ու մինչև 25 տարեկանն արդեն առաջնային գծում չեն, այնուհանդերձ. - Կան գործատուներ, ովքեր մեկ աշխատողից մի քանի հմտություն են պահաջում: Օրինակ, մեխանիկ` բարձրագույն կրթությամբ. այդպիսին մենք չկարողացանք մարզում գտնել,- ասում է Ա. Ադամյանը: Գործատուի պահանջերը լիարժեք բավարարելու համար այսօր նախևառաջ մասնագիտական փորձն է կարևորվում, ինչի համար հատկապես երիտասարդներին կամավորական աշխատանք է առաջարկվում: Պրոֆեսիոնալիզմ չունեցող և միջին տարիքը անցած քաղաքացիները երիտասարդների հնարավորությունները չունեն, կամավորական աշխատանքներն էլ իրենց հարմար չեն: Ըստ մեր հարցումների` Գյումրիում պահանջված հացթուխի գիշերային աշխատանքն ամենաշատը 1.000 դրամ է գնահատվում: Գովազդային գործակալներ պատրաստող ուսումնա կան հաստատություններ չունենք, մատուցող աշխատել` միջավայրը թույլ չի տալիս, իսկ մեխանիկները «խոպանում» նույն աշխատանքը կատարելով` ավելի մեծ գումարներ են վաստակում: Արդյունքում` առաջարկի և պահանջարկի պարադոքսը շարունակվում և խորանում է աշխատաշուկայում: Իսկ գործատուի և աշխատանք փնտրողի անհամատեղելիությունը մի կողմից հանգեցնում է աշխատատեղերի բացակայության, մյուս կողմից` թափուր հաստիքների: Ու մինչ գործազրկության և աղքատության մակարդակը Շիրակում գոնե կմոտենա նվազագույն ցուցանիշին, մարզում շարունակում է ավելանալ արտերկրում ժամանակավոր աշխատանք փնտրողների կամ ընտանիքներով արտասահման տեղափոխվողների թիվը:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ