ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ


Երեկ Երևանի ավագանու 49 անդամների մասնակցությամբ կայացած ընտրությունում միաձայն քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: -Տեղական ինքնակառավարման համակարգն ինձ համար հոգեհարազատ է: Այս համակարգում ես 7 տարի գործունեություն ծավալելով` ոգևորությամբ և սրտացավ եմ վերաբերվում իմ աշխատանքին: Վստահ եմ, որ իմ ամբողջ թիմի միջոցով մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի նորընտիր քաղաքապետը: Նա ընդգծել է, որ ավելի բարեկարգ և հարմարավետ քաղաք ունենալու համար դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն. պարզապես ժամանակ է պետք: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը` Տ. Մարգարյանը խոստացել է սոցցանցերի միջոցով մշտապես կապ պահպանել երևանցիների հետ` նշելով, որ կադրերի փոփոխության քաղաքականությունն ինքնանպատակ չի լինում. - Ես համաձայն չեմ, երբ դա սենսացիա են սարքում: Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մնում է այդ թիմին ոգևորենք, որպեսզի այն ոգին ու աշխատասիրությունը լինի, որը թույլ կտա մեր ծրագրերն ավարտին հասցնել: