ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼՈՎ


Կիրակի օրը Իջևանում կայացած քաղաքապետի ընտրություններում երկու թեկնածուներն էլ մեծ գումարներ են ծախսել` հատկապես մեքենաներ վարձակալելու համար: Առավոտյան` քվեարկության մեկնարկից հետո պարզվել է, որ երկու թիմերի շտաբականների մեքենաները չեն բավարարում` ընտրողներին ընտրատեղամասեր հասցնելու համար: Եվ թեկնածուներն, իհարկե, ոչ անշահախնդրորեն, ստիպված են եղել դիմել Իջևանում գործող երկու տաքսի ծառայությունների ու անհատ տաքսիստների օգնությանը: Մանավանդ, որ նախօրեին տեղացած առատ ձյունը և կիրակնօրյա ձնհալն է´լ ավելի դժվարանցանելի էին դարձրել քաղաքի անբարեկարգ փողոցները: Տեղացիների դիտարկմամբ` քվեարկության մասնակիցների թիվն անհամեմատ պակաս կլիներ, եթե թեկնածուները նրանց տաքսիներ չմատուցեին: Վարորդներն էլ, արդեն երեկոյան` վերջին ընտրողներին տուն հասցնելով, անկեղծացել են, թե վերջին տասն օրերին այդքան գումար չէին աշխատել: