ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԾԵՍ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է


Լավատեսությունը արդեն սպառվում է, և շատերն են պնդում, որ պատերազմն անխուսափելի է: Պատերազմ, որը կարող է շատ հարցերում վճռական լինել աշխարհի բախտի և տարածաշրջանի ճակատագրի համար... Արաբական աշխարհում մեծ իրարանցում է տիրում: Մետաքսի ճանապարհին գտնվող Սիրիան, որը մշտապես հանդիսացել է Մերձավոր Արևելքի հզորագույն երկրներից մեկը, շատ հաճախ գերակայող դիրք է գրավել աշխարհաքաղաքական զարգացումներում: Այն այժմ հայտնվել է բարդագույն իրավիճակում` իր դեմ հանելով ոչ միայն Միացյալ Նահանգներին, Թուրքիային և Իսրայելին, այլև Արաբական լիգայի երկրներից մեծ մասին, որոնք օրերս հանդես եկան հայտարարությամբ` կանխակայելով Սիրիայի մասնակցությունը այդ միավորումին: Արդեն ութ ամիս շարունակ, գործի դնելով հեղափոխություններ ներմուծելու բոլոր ձևերը` Միացյալ Նահանգները կամենում է ծնկի բերել Բաշար ալ Ասադին, հեռացնել նրան իշխանությունից և Սիրիայում կառավարման ղեկը հանձնել ընդդիմադիրներին` նրանց միջոցով լուծելով մի շարք կարևորագույն հարցեր, որոնցից ամենագլխավորը Սիրիայի հողերի հարցն է: Ասադը պահանջում է Իսրայելից` վերադարձնել իրենից զավթված հողերը: Մինչդեռ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը ոչ միայն չի կամենում հետ տալ հողերը, այլև ամեն ինչ անում է, որպեսզի ներսից քայքայվի և մասնատվի Սիրիան: Այս երկրի թուլացումը, բնականաբար, չափազանց ձեռնտու է ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին, քանի որ կոչնչացվի մի հզոր պատնեշ ևս, և պաշտոնական Վաշինգտոնը կկարողանա այստեղ ևս հաստատել իր ներկայությունը, իր քաղաքականությունը թելադրել իր կողմից տարածաշրջանային ոստիկան կարգված Իսրայելի միջոցով: Բնականաբար, Սիրիայի հայրենասիրական ուժերը դեմ են թե´ ԱՄՆ-ի վարած քաղքականությանը, թե´ Ասադի կառավարության հեռանալուն: Նրանք երկրի նախագահին համարում են ճշմարիտ ազգային առաջնորդ և նրա հետ են կապում երկրի բարգավաճման հույսերը: Անցած կիրակի Հալեպում տեղի ունեցած բազմամիլիոն հանրահավաքը վկայությունն էր, որ սիրիացիները կանգնած են իրենց նախագահի կողքին, մտահոգված են երկրի ապագայով, ցանկանում են Իսրայելից հետ ստանալ իրենց պատկանող հողերը... «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, որը տարածաշրջանում սպասարկում է Վաշինգտոնի շահերը և կատարում Իսրայելի հանձնարարությունները, օրնիբուն տեղեկատվութ յուն է տարածում` իբրև թե երկրում աճող դժգոհությունների, հեղափոխական պայքարի, ռազմական գործողությունների և իշխանության ու ընդդիմության միջև տեղի ունեցող բախումների մասին: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Սիրիայի մի քանի փոքր քաղաքներում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում պատվիրված հանրահավաքներ, որոնց ժամանակ զոհվել են մոտ երկու տասնյակ մարդիկ, իսկ ահա երկրի գլխավոր քաղաքներում` Դամասկոսում, Հալեպում, այլ տեղերում` անդորր ու խաղաղություն է տիրում: Հենց այս հանգամանքն էլ զայրացրել է ԱՄՆ-ին, որն էլ իր հավատարիմ գործընկեջրոջ` Սաուդյան Արաբիայի հետ «բեմադրեց» Արաբական լիգայի հերթական գագաթնաժողովը: Դրա ընթացքում մասնակից պետությունների գերակշռող մեծամասնությունը «կողմ» քվեարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Ուշագրավն այն է, որ քվեարկության ժամանակ, ինչպես հայտարարեց Սիրիայի արտաքին գործերի նախարարը, տեղի ունեցավ կանոնակարգի կոպիտ խախտում. այս կազմակերպության որոշումներն օրինական ուժ են ստանում, եթե քննարկվող հարցի օգտին են քվեարկում մասնակիցների 80 տոկոսը: Մինչդեռ Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու և նրան ԱԼ-ից հեռացնելու հարցում կողմ են արտահայտվել մասնակիցների 75 տոկոսից պակաս պետություններ: Հենց այս հանգամանքն էլ զայրացրել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարություններին, որոնք արդեն կտրուկ հայտարարություններ են արել: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Սիրիայի շահերը և թույլ չի տա, որ ճնշումներ կիրառվեն այս երկրի նկատմամբ: Արաբական աշխարհում լավ են հասկանում, որ Սիրիայում սրված չեն սոցիալական հակասությունները, որ տնտեսությունը զարգանում է համաչափորեն, չկան ակնհայտ դժգոհություններ, բացակայում է նաև հզոր ընդդիմությունը, ուստի անհնար է այստեղ թեկուզև կեղծ տեղեկատվությամբ հեղափոխություն հրահրել, ուստի այժմ անցել են արտաքին գործոնների ակտիվացմանը և երկրի ներսում ծանր իրավիճակի ստեղծմանը: Վերջին օրերին Դամասկոսի և Հալեպի բնակչությունը չի ստանում պետության կողմից զեղչված գներով մատակարարվող վառելանյութը, երկրի ներսում առաջացել է նաև հեղուկ գազի դեֆիցիտ, իսկ մեծ քաղաքների բնակչությունը բնակարանները ջեռուցում է սոլյարայուղով և հեղուկ գազով: Օրավուր թանկանում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, արդեն իսկ նվազագույնի են հասցվում փողոցային լուսավորությունն ու զանգվածային միջոցառումները: Սիրիան պատրաստվում է դիմակայել ակնկալվող պատերազմական գործողություններին: Իսկ պատերազմը, ինչպես վկայում են սիրիացի քաղաքագետները, անխուսափելի է, որովհետև այժմ արևմտյան ուժերն ու արաբական մի շարք պետություններ ամեն ինչ անում են` Սիրիան շրջափակելու և այն ԱՄՆ-ի կամքին հպատակեցնելու համար, իսկ այդ ամենին հասնելու ամենակարճ ճանապարհը պատերազմն է: Ուշագրավն այն է, որ ինչ-որ բեկում է տեղի ունեցել Թուրքիայի դիրքորոշման մեջ: Մինչև վերջերս Թուրքիան հանդիսանում էր Սիրիայի ամենաոխերիմ թշնամիներից մեկը, մինչդեռ երբ պաշտոնական Դամասկոսը ներողություն խնդրեց մի քանի հյուպատոսարանների վրա արաբների կատարած հարձակումների առթիվ` կարծես Թուրքիան հասկացել է, որ պետք է գնալ ինչ-որ սրբագրումների: Սակայն սրբագրումների գնալու պատճառը բոլորովին այլ է: Սիրիայի դեմ պատերազմական ցանկացած գործողություն սկիզբ կդնի աշխարհամարտին: Այդժամ պատերազմի թատերաբեմում կհայտնվի նաև Սիրիային սահմանակից Թուրքիան: Վերջինս ստիպված կլինի իր տարածքները տրամադրել ԱՄՆ-ին` Սիրիայի դեմ հարձակում ներ իրականացնելու համար և իր դեմ կհանի Ռուսաստանին ու Իրանին` ինքն էլ հայտնվելով հարվածի տակ: Ահա այս հանգամանքն է այժմ ստիպում Թուրքիային` ընտրություն կատարելու, որոշելու իր տեղը սպասվող իրադարձությունների մեջ...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ