ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ


Շատ վաղուց մեր թատերական իրականության մեջ արմատավորվել է համատեղ թատերական նախագծերի գաղափարը: Տարբեր թատրոնների կամ տարբեր երկրների ստեղծագործողների համատեղ բեմադրությունները նպաստում են ոչ միայն ճանաչողությանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը, այլև գեղարվեստական նոր խնդիրների լուծմանը: Հենց նման նպատակադրմամբ էլ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, բեմադրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության առաջին տարբերակն ու «Բաղնըսի բոխչա» կատակը` մի շարք դերերում հանդես գալու համար հրավիրելով Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի առաջատար դերասանների: Սունդուկյանական այս ստեղծագործությունների համադրման վրա կառուցված բեմադրությունը նոր չէր աճեմյանցիների խաղացանկում: Դեռևս 2006 թ. թատրոնի գեղարվես տական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ստեղծեց «Փուղի զորութիւնը» բեմադրությունը` նոր շունչ հաղորդելով ազգային դասականի մոռացության տրված ստեղծագործություններին: «Խաթաբալա» կատակերգության առաջին տարբերակը գրեթե երբեք չբեմադրված այն երկերից է, որի գոյության մասին մոռացել էին, քանզի դասականը ստեղծել էր առավել հզոր ու ամբողջական «Խաթաբալա»-ի երկրորդ տարբերակը` հասնելով սոցիալական տիպարների յուրօրինակ խտացումների, գաղափարական սրացումների, կատակերգական հանգույցի ցայտունացման: Սակայն առաջին տարբերակն էլ իր գրավչությունն ունի, քանզի այստեղ առավել դիպուկ է Մախլասուլու (Մասիսյանց) կերպարը, առկա է Զամբախովի կնոջ կերպարը: Երկու տարբեր ստեղծագործության մեկտեղումը բեմական մեկ ստեղծագործության մեջ նպատակ է ունեցել ընդգծել-կարևորել փողի իշխանության գաղափարը, բացահայտել մարդկային այն արատները, որոնք ծնում են բարոյական ավերածություններ: Երկու ստեղծագործության մեջ էլ փողի և ունեցվածքի խնդիրն է, քանզի հենց փողն է դառնում այն հզոր ուժը, որը ստիպում է մարդկանց մոռացության մատնել իրենց սկզբունքները, հպատակվել գայթակղությանը: Գ. Սունդուկյանի ստեղծագործության մեջ Մախլասուլին տեղեկանալով խաբեության մասին` հեռանում է, Նիկոլայ Ծատուրյանի բեմական տարբերակում` գայթակղվում Գարասիմ Յակուլիչի առաջարկած փողով և ամուսնանում Մարգարիտի հետ: Նույնն է տեղի ունենում նաև «Բաղնըսի բոխչա» կատակում, որտեղ դարձյալ բեմադրիչը փոխել է հանգուցալուծումը, փողի դրդմամբ փոխզիջումը դարձրել առաջնային: Այսպիսով նա ինքնովի դատապարտում է իր հերոսներին` ցուցադրելով նրանց հոգիների սնանկությունը, նորից ու նորից պարտադրելով խորհել ու մտորել բարոյական արատների մասին: Նիկոլայ Ծատուրյանն իր բեմադրության ժանրը տեղավորել է կատակախաղի սահմաններում` առաջնային դարձնելով ցայտուն գրոտեսկը, որի ներկայությամբ էլ արդարացվում-հիմնավորվում են բոլոր լուծումները: Ամեն ինչ խաղ է ու թատրոն, մարդիկ այդ խաղի ջրապտույտում հայտնված դիմակներ են, ովքեր կատարում են իրենց «դերերը»` ենթարկվելով ներքին բնազդներին, փողի համար մղվող պայքարից ծնունդ առնող վերասերումներին: «Կյանք-թատրոնը» ավարտվում է բեմում միայն, մինչդեռ «խաղը» շարունակվում է ամենուր, ամենուր մարդը գնում է ինքնադավաճանության` հպատակվելով-ենթարկվելով փողի ուժին: Ահա բեմադրիչի գաղափարական շեշտը, ահա այն իմաստային ատաղձը, որի վրա էլ կառուցել է իր բեմադրությունը Նիկոլայ Ծատուրյանը` «լուրջ» մտքերը մատուցելով վառ ու ցայտուն թատերային ձևերով, մղվելով դեպի ակնհայտ թամաշայնությունը` որոշակի հոգեհարազատություն ձևավորելով թիֆլիսյան ժողովրդական թատերախաղերի ոճաձևերի և սկզբունքների հետ: Աճեմյանցիներից այս ներկայացման գլխավոր դերակատարներ են դարձել ՀՀ վաստակավոր արտիստներ Անահիտ Քոչարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, արտիստներ Հասմիկ Սուվարյանը, Արմինե Միքայելյանը, Արկադի Ղարագուլյանը, Սամվել Առաքելյանը, Ռաֆայել Խառատյանը, ուրիշներ: Ադամյանցիներից` ՎՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, արտիստներ Էլեանորա Օգանովան, Գագիկ Մելքումյանը, Սերգեյ Սաֆարյանը, ուրիշներ: - Աճեմյանցիները հաճույքով աշխատեցին վրացահայ գործընկերների հետ, ովքեր Գյումրի բերեցին իրենց թատրոնի գեղագիտական սկզբունքները, դերասանական իրենց ոճը` այդ ամենը ներդաշնակելով մեր առաջարկածին: Ուրախ եմ, որ այս համատեղ ստեղծագործական աշխատանքը պսակվեց հաջողությամբ: Գյումրիում արդեն վեց անգամ խաղացել ենք լեփ-լեցուն դահլիճներում, բեմադրությունը ցուցադրվել է Վանաձորում և Երևանում` ամենուրեք արժանանալով ջերմ ընդունելության: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև մեր թատրոնի երիտասարդ պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին` ներդրած ահռելի ջանքերի համար,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը: Իսկ Պ. Ադամյանի անվան թատրոնի կառավարիչ Ֆելիքս Խաչատրյանն էլ ավելացրեց. - Գոհ ենք, որ կարողացանք մեր ցանկություններն իրականություն դարձնել, մեկտեղել մեր ստեղծագործական ջանքերը: Այս բեմադրությունն առաջիկայում կցուցադրենք նաև Թբիլիսիում, ուր անհամբերությամբ են սպասում երկու հնագույն թատրոնի ստեղծագործական ձեռքսեղմումին: Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ