ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԲՈՒԺՈՒՄԸ` ԹԱՆԿԱՆՈՒՄ


Արդեն ներկայացվել են առողջապահության ոլորտին 2013 թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները: Ըստ այդմ, 2013 թ. պետական բյուջեի նախագծով առողջապա հության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավելի է 2012 թ. հատկացված միջոցներից: 2013 թ. պետական բյուջեի նախագծով` արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն դրամ, հիվանդանոցային ծառայություններին` 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություն ներին` 3 մլրդ 159 միլիոն, «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր» խմբին` 11,2 միլիարդ: 2013 թ. պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012 թ. համեմատ կկազմի 7,8%: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73%-ը ուղղվելու է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարևորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով 2013 թ. ընդլայնվելու են պետության կողմից երաշխավոր ված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման ծավալները: Դա հնարավորություն կտա կանոնակարգել և առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության և սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, և դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավար ձերի բարձրացմանը: Գալիք տարում առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր: Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ: Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ: Ընդ որում` հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր: Երևանում և մարզերում կատարելով միևնույն հատկացումները` 2013 թ. ակնկալվում է մարզերից Երևան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում: Եկող տարի կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, կվերանորոգվեն և ամբողջությամբ կվերազինվեն Աբովյանի, Ղափանի, Բերդի և Ալավերդու բժշկական կենտրոնները: Երևանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության և հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ: Այս ամենին ծանոթանալուց հետո` ուրախության զգացում ենք ունենում, սակայն բախվելով իրականությանը` տեսնում ենք, որ իրականութ յունն ու թվերը հակադարձ համեմատական են: Ամեն տարի դիաբետով հիվանդներին անվճար դեղեր տրամադրելու հսկայական միջոցներ են տրվում բյուջեից, սակայն արդեն տևական ժամանակ հիվանդները չեն ստանում դիաբետոն` հարկադրված լինելով գնել դեղատներից: Այլ հիվանդությունների բուժմանն անհրաժեշտ դեղամիջոցները ևս հիվանդանոցները ստիպում են գնել, քանի որ դեղերի անվճար բաշխման համակարգում տեղի են ունենում «խորհրդավոր երևույթներ». հիվանդանոցներն ու բազմաբուժարանները հայտարարում են դրանց բացակայության մասին` միաժամանակ խորհուրդ տալով գնել դեղատներից: Հասկանալի է, որ գոյություն ունի հանցավոր պայմանավորվածություն, համաձայն որի` դեղերը հայտնվում են շուկայում` հարստացնելով հիվանդանոցների ու բազմաբուժարանների տնօրեններին, դեղատների սեփականատերերին: Պետական պատվերով կատարվող բուժումներն էլ հիմնականում իրականացվում են նախկին նախարար Հարություն Քուշկյանին և մի շարք պատգամավոր ների հովանու ներքո գործող հիվանդանոցներում: Եվ, «զարմանալի տրամաբանությամբ», դեռևս տարվա կեսին Առողջապահության նախարարությունից հայտարարում են, թե պետպատվերի քվոտաները սպառված են… Այսինքն, պետական բյուջեով նախատեսվող միջոցները գլխավորապես տնօրինվում են մի քանի հոգու կողմից` մարդկանց զրկելով սեփական առողջությունը պահպանելու կամ վերականգնելու հնարավորությունից: Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱֆՅԱՆԻ