Բուժելու փոխարեն ծախսն են հաշվում


Ողջ աշխարհում մարդկանց նյարդերը տեղի են տալիս` մեծացնելով հոգեկան հիվանդություններով տառապողների քանակը: Իրենց ազգաբնակչության առողջությամբ մտահոգ երկրներում որոշակի վերլուծություններ են կատարվում, որպեսզի բուժումն ավելի նպատակամետ լինի` կրճատելով պետբյուջեից հատկացվող ծախսերը: Շիզոֆրենիայի հարցերով անկախ հանձնաժողովի զեկույցում նշվել է, որ Մեծ Բրիտանիան տարեկան 12 միլիարդ ֆունտ է ծախսում հոգեկան այս հիվանդությամբ տառապողների վրա, բայց ապարդյուն (հաղորդել է The Guardian-ը): BBC News-ի տվյալներով` հատուկ պալատում 1 հիվանդին պահելն օրական արժենում է 321 ֆունտ ստեռլինգ: Այդպիսի հիվանդները սովորաբար նման բուժհաստատություն ներում պահվում են 38 օր: Այսինքն, 1 հիվանդի ծախսը կազմում է 12 հազար ֆունտ: Մինչդեռ փորձագետները գտնում են, որ հիվանդանոցում շիզոֆրենիայով հիվանդներին այդքան երկար պահելը ոչ միայն ավելորդ է, այլև` վտանգավոր: Նրանց համոզմամբ` սխալ է այն կարծիքը, որ շիզոֆրենիկներին հարկավոր է մեկուսացնել հասարակությունից: Այդ հիվանդները հազվադեպ են վտանգավոր լինում. փոխարենը` նրանք իրենք են հաճախ հարձակումների թիրախ դառնում: Հանձնաժողովի անդամներն «անբարոյական» են համարում նրանց երկար ժամանակով հիվանդանոցում պահելը: Բուժարաններում, հոգեբանական օգնություն ցուցաբերելու փոխարեն` նրանց ինչ-որ հաբեր են տալիս և առաջարկում հեռուստացույց դիտել: Մասնագետների այս պնդումը պետք է որ մեր հոգեբույժներին ևս հետաքրքրի: Անգլիայում շիզոֆրենիայով տառապում է 220 հազար մարդ, իսկ առողջ համարվողներից յուրաքանչյուր 6-րդի մոտ կյանքի ընթացքում կարող են ի հայտ գալ այդ հիվանդութ յան ախտանիշները: