Պահանջում են քանդել բուրգերն ու Սֆինքսը


Եգիպտական բուրգերն ու Գիզայում Մեծ Սֆինքսը քանդելու պահանջը ներկայացրել է Եգիպտոսի սալաֆիտներից մեկը` շեյխ Մուրգան Սալեմ ալ-Գոհարին: Երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք երկու անգամ դատապարտված իսլամիստական այս քարոզիչը չի էլ թաքցնում, որ` - Նման կռապաշտության խորհրդանիշերի ոչնչացումը յուրաքանչյուր մահմեդականի պարտականությո´ւնն է: Որպես օրինակ, նա հիշեցնում է աֆղանական Բամիան գավառում թալիբների կողմից ավերված Բուդդայի արձանը (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): - Ալլահը Մուհամեդ մարգարեին պատվիրել է ոչնչացնել այդպիսի կուռքերը: Եվ մենք պարտավոր ենք այդպես վարվել բոլոր հուշարձանների հետ, որոնցով լցված է Եգիպտոսը և որոնց խոնարհվում են` Բարձրյալի փոխարեն: Երբ ես «Թալիբան» շարժման շարքերում էի, մենք պայթեցրինք Բուդդայի արձանները, ինչ չէր արել աֆղանական կառավարությունը,- հայտարարել է շեյխ-արմատականը: Ի դեպ, նա դատապարտված է եղել ցմահ բանտարկության, բայց փախել է Աֆղանստան: Այստեղ նա վիրավորվել է ամերիկացի զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Հետո տեղափոխվել է Պակիստան, ապա` Սիրիա: Սիրիայից արտաքսվել է Եգիպտոս, ուր ձերբակալվել է: Ազատ է արձակվել իսլամական պատերազմից հետո: Ալ-Գոհարին ճանաչված է իր ուլտրաարմատական հայացքներով և բռնությունների կոչերով` այն ամենի հանդեպ, ինչը հակասում է իսլամի կոշտ չափանիշներին: Հենց այդ չափանիշներն էլ քարոզում են սալաֆիտները: Նախկինում նրանք պահանջում էին «փակել» հին եգիպտական պատմության բոլոր հուշարձանները: Երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին առայժմ քայլեր չի ձեռնարկում` նրանց պահանջը կատարելու: Ընդհակառակը, Գիզայի սարահարթում մոտ 1 ամիս առաջ բացվեց Քեոփսի բուրգի հարևանությամբ գտնվող` արքայադուստր Մերեսանխ 3-րդի դամբարանը, որը նոր «խայծ» է դարձել` օտարերկրյա զբոսաշրջիկների համար: