ՖՐԱՆՍԻԱՆ ՄՆԱՑ ՄԻԱԿ ԲԱՐԵԿԱՄԸ


Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը ծածուկ խաղեր են տալիս Լեռնային Ղարաբաղի թիկունքում, Ֆրանսիան մնում է միակ երկիրը, որը շարունակում է զերծ մնալ տարբեր պայմանավորվածություններից և պաշտպանում է իր դիրքորոշումը` հասնել հարցի վերջնական լուծմանը խաղաղ ճանապարհով: Փարիզում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը, ինչը յուրատեսակ մեսիջ էր այն բոլոր երկրներին, որոնք շարունակում են Ղարաբաղյան հիմնահարցը դիտարկել իրենց շահերի տիրույթներում: - Իհարկե, հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք ամենակարևոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Ելնելով նաև իմ պատասխանատվության շրջանակներից, քանի որ Ֆրանսիան համանախագահն է Մինսկի խմբի, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, և որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին: Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ: Ընդ որում` մեզ հայտնի` Մադրիդյան սկզբունք ների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, ես կասեի` վերջնական լուծում: Սա նաև իմ պատասխանատվության շրջանակի հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս հայտարարությունից երևում է, որ Ֆրանսիան չի հեռանալու իր սկզբունքներից և չի տրվելու այլ խաղերի: Ի դեպ, էական փոփոխություն է տեղի ունեցել ֆրանսիական դիրքորոշումների մեջ: Նախագահ Սարկոզին երբեք հրապարակավ հայտարարություններ չէր անում, ավելին, անընդհատ աշխատում էր հեռու մնալ Ղարաբաղյան խնդրից` այսպես, գուցե, «չնեղացնելով» ամերիկյան և ռուսական իր գործընկերներին: Սակայն Օլանդը ոչ միայն այս հարցում է վճռական ու աներեր, այլև հավաստիացրել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ընդունվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Հիշենք, թե ինչպես Սարկոզին խորամանկ խաղեր ցուցադրեց` միտումնաբար չստորագրելով օրենքը, ինչն էլ հիմք դարձավ, որ Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեր այն: Հիմա Օլանդը միանգամայն այլ դիրքորոշում ունի և լավ է հասկանում, որ Ֆրանսիայում ապրող 500 հազարից ավելի հայեր հիասթափված են իշխանություններից: Այդ հիասթափությունն արտացոլվեց նախագահական ընտրություններում, երբ հայ համայնքը չքվեարկեց Սարկոզիի օգտին: Սա, իհարկե, ապտակ էր նախկին նախագահին` իր վարքագծի համար: Բաժնի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ