ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ


Հայաստանում կարող է ստեղծվել աննախադեպ իրավիճակ, երբ հանկարծ 2013 թվականի բյուջեի ընդունման ժամանակ մի շարք ուժեր պահանջեն կառավարության հրաժարականը: Այսօր այդպիսի նախադրյալներ են ստեղծվել, և, մեր ունեցած տեղեկություններով, արդեն խորհրդարանական մի քանի խմբակցություն քննարկում է այս հարցը: Առայժմ կառավարությանն անվստահություն հայտնելու և հրաժարական պահանջելու նախաձեռնությամբ խանդավառված են դաշնակցականները: Սակայն չի բացառվում, որ նրանց կմիանան ինչպես «Բարգավաճ Հայաստանը», այնպես էլ ընդդիմության մյուս ներկայացուցիչները: Իհարկե, կառավարությանն անվստահություն ներկայացնելու և դրան հասնելու ընդդիմության հնարավորությունները մեծ չեն: Անվստահության նախագիծ ներկայացնելու համար, ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտ կլինի պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունը, ինչը միանգամայն հնարավոր է, քանզի ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը կապահովեն այդ ձայները: Բայց ահա որոշման նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնության քվեարկությունը: Ահա այստեղ նախաձեռնությունը կտապալվի, սակայն սա կմեծացնի ընդդիմության ինքնավստահությունը, կավելացնի հանրության շրջանում նրա համակիրների թիվը: Այս օրերին «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն նախաձեռնել են քաղաքական կոնսուլտացիաներ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին հասնելու համար: Ուշագրավ է քաղաքական վերլուծաբաններից մեկի դիտարկումը. - ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն անընդհատ քննադատում են կառավարությանն ու վարչապետին առանց որևէ ակնարկ անելու իշխանությունը գլխավորողի` նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ: Ուշագրավ է, որ կառավարման կիսանախագահական համակարգը մերժող և խորհրդարանական համակարգ առաջարկող ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երկրում գոյություն ունեցող արատների, տնտեսական ու քաղաքական մոնոպոլիաների համար մեղադրում են կիսանախագահական համակարգին, բայց չեն համարձակվում քննադատել նախագահին: Ընդ որում` այդ ուժերը նաև ընդունում են, որ թեև ՀՀ Սահմանադրությամբ մեր երկրի կառավարման համակարգը կիսանախագահական է, բայց իրականում այն նախագահական է: Սա նշանակում է, որ քննադատելով կառավարությանը` ընդդիմությունը կփորձի միավորներ վաստակել...