ԲՈՂՈՔԵՆՔ, ՈՐ ՎՃԱՐՎԵՆՔ


Ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Գյումրու Մուշ-2 թաղամասում պետական պատվերի շրջանակում շինարարություն իրականացնող «Գլենդել Հիլզ» գրասենյակը օգոստոս ամսից չի վճարել շինարարների աշխատավարձերը: Ընկերության պատասխանատուն հեռուստատեսությամբ հերքեց այս փաստը` ասելով, թե ընդամենը շատ փոքր պարտքեր են եղել, որոնք արդեն վճարվում են: Սակայն կարճ ժամանակ անց մենք պարզեցինք, որ ընկերության տնօրինությունը խաբել է բոլորիս ու երկրի Նախագահին` խոսելով իբրև թե վճարված պարտքերի մասին: Նախորդ շաբաթ շինարարները դուրս էին եկել բողոքի ցույցի, պահանջել, որպեսզի վճարվեն իրենց աշխատավարձերը: Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած բողոքի ցույցը հերթականներից մեկն էր, սակայն առավել ցասկոտ ու մարդաշատ, որովհետև լցվել էր մարդկանց համբերության բաժակը, առանց այն էլ աղքատության ուրվականի հետ մշտապես ապրող մարդիկ այլևս անզոր էին համակերպվել ընկերության տնօրինության անբարո խաղերին: Եվ ահա երկուշաբթի օրը շինարարները գնացել էին Մուշ-2, որտեղ պիտի ստանային իրենց աշխատավարձերը: Ավա˜ղ… Այս անգամ ևս ընկերության ղեկավարները խաբել ու չէին եկել: Եվ միայն երեքշաբթի օրվանից սկսել են վճարել պարտքերը: Ինչպես մեզ տեղեկացրեցին ընկերությունից, այստեղ խոստացել են 15-օրյա ժամկետում վճարել աշխատավարձերը: Փորձենք հավատալ, որ այս անգամ էլ շինարարները հուսախաբ չեն լինի: Սակայն ուզում ենք ուշադրություն դարձնել մեկ այլ խնդրի: Մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում քաղաքաշինության նախարարը հայտարարեց, որ ընկերությանը պետական բյուջեից ժամանակին փոխանցվել են բոլոր գումարները` աշխատավարձերը վճարելու համար: Նախարարին չենք կարող չհավատալ: Ուրեմն, ստացվում է, որ գրասենյակը շինարարների աշխատավարձը «կարուսել» է անում բանկերի միջոցով, ապահովում սեփական գրպանները, ապա նոր վճարում մարդկանց: Հանցավոր այս գործարքը վաղուց է կիրառվում Հայաստանում, բայց մեզ թվում էր, որ վերջին տարիներին մոռացած կլինեն սրա մասին: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, կա այդ «կարուսելը»…