Ինքնախաբեության հերթական դրսևորումը Ադրբեջանում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. աշնանային զորակոչն ընթանում է ըստ ժամանակացույցի և արդեն ավելի քան 70 տոկոսով իրականացվել է զորքերի համալրումը: Սահմանային միջադեպերի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Է. Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե հայկական կողմը երկու անգամ ավելի կորուստներ է կրել, քան ադրբեջանականը, նույնպես ապատեղեկատվություն է. վերջին երեք ամիսների ընթացքում` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: Առավել քան անհասկանալի է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ինչպես է հանգել այսպիսի եզրակացության, եթե չի հրապարակել ոչ հայկական և ոչ էլ ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների թիվը: Այս առնչությամբ իրենց տարակուսանքն են հայտնել հենց ադրբեջանական լրատվամիջոցները: Ուշագրավ է այն փաստը, որ սաբիրօղլիական այս ինքնախաբեությունը հրապարակվել է միայն ռուսերեն լեզվով, հետևաբար` կրում է քարոզչական բնույթ և առավելապես նախատեսված է իր հայրենակիցների համար: Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունները Ադրբեջանի նախագահ Ալիևի ս.թ. նոյեմբերի 17-ի ելույթում արծարծված «ուղենիշ» տեսակետների կրկնությունն են: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ունեն մարտական բարձր պատրաստություն և անհրաժեշտ սպառազինություն` ցանկացած ոտնձգության արժանի հարված հասցնելու համար: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն