Թուրք են ու մնում են թուրք


Թուրքական «Հուրիեթ» ազդեցիկ օրաթերթի փոխանցմամբ` Վաշինգտոնում Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Բարաք Օբաման կոչ է արել «վայրկյան առաջ» թուրքական մեջլիսում վավերացնել հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման առթիվ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի Արձանագրությունները: - Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում,- ասել է Օբաման` Թուրքիայի վարչապետին հստակորեն հասկացնելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը Արցախյան հիմնահարցում առաջընթացի հասնելու հետ պայմանավորելն անթույլատրելի է: Օբաման շեշտել է, թե Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը միանգամայն ինքնուրույն գործընթաց է, որի մեջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներից մեկը, ակտիվորեն ներգրավված է նաև Միացյալ Նահանգները: ԱՄՆ Նախագահը նույնիսկ սպառնացել է Էրդողանին, թե Արձանագրությունները թուրքական մեջլիսում չվավերացվելու դեպքում «շատ դժվար կլինի ԱՄՆ-ի կոնգրեսում կասեցնել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը»: Նա նաև ոչ առանց ենթատեքստի հիշեցրել է, թե առջևում Ապրիլի 24-ն է` ակնարկելով, որ այդ օրն ավանդաբար հնչող իր ուղերձում Հայոց Եղեռնը կանվանի հենց «ցեղասպանություն»: Բայց «գլխին ավետարան կարդացած գայլի» նման` այս զրույցին հաջորդած մամլո ասուլիսում Էրդողանը դարձյալ հին նեյնիմն էր երգում` պնդելով, թե «մինչև Արցախյան հարցում շոշափելի առաջընթաց չարձանագրվի` Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարգավորվի»: Այդ ասուլիսում Օբաման լռեց, հավանաբար ենթադրելով, թե ժամանակ կանցնի, և Էրդողանը կհասկանա, որ Միացյալ Նահանգների նախագահի զգուշացումն այդպես «ականջի ետև» գցելը ուղղակի հիմարություն է: Սակայն ինչպես երևում է` Թուրքիայի վարչապետը ամենևին դեմ չէ փորձության ենթարկել Օբամայի համբերությունը: Թուրքիա վերադառնալուն պես նա ոչ միայն շարունակեց հայ-թուրքական հայտնի Արձանագրությունների վավերացումը Արցախյան խնդրի հետ կապելու իր պնդումները, այլև թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով դիմելով ԱՄՆ-ի նախագահին` ասաց. «Մենք խիստ կմտահոգվենք, եթե դուք դա համարեք ցեղասպանություն: Ես ցանկանում եմ հստակ արտահայտվել. մենք երբեք չենք ճանաչի դա որպես ցեղասպանություն: Դա ամբողջովին սուտ է: Եվ ես մարդկանց կոչ եմ անում ապացուցել ներկայացված մեղադրանքները»: Արի ու մի ասա` ի՞նչ «ապացույց» ես պահանջում, ո°չ, հարգելի պարոն: Մի՞թե հայկական Սփյուռքի գոյությունն արդեն իսկ ձեր ելուզակների բարբարոսության անհերքելի ապացույցը չէ: Մի՞թե աշխարհասփյուռ հայությունը, այդ թվում նաև այսօր ԱՄՆ-ում ապրող հարյուր հազարավոր հայերի նախնիները, թուրքերին այնքա¯ն շատ էին «սիրում», որ ոչ թե ձեր կազմակերպած ցեղասպանությունից փախան ու սփռվեցին աշխարհով մեկ, այլ` ձեր հանդեպ տածած «սիրուց» իրենց տուն ու տեղը, արտն ու կալը, ունեցվածքը` Հայրենիքը, «կամովին նվիրեցին» ձեզ ու հեռացան իրենց բնօրրանից: Էրդողանի լկտիությունն այնտեղ է հասել, որ նույնիսկ պահանջել է «ապացուցել», թե արդյո՞ք հայերն ապրել են…իրենց բնօրրանում: Մեր հազարավոր ավերված եկեղեցիները, որ սփռված են այսօրվա Թուրքիայի ողջ տարածքով, թուրքե՞րն են կառուցել…Դուք անցած 95 տարում նույնիսկ հայության խոսուն հետքե¯րը չեք կարողացել վերացնել ձեր անիծյալ պետության մեջ, էլ ի՞նչ եք հոխորտում… Այս տարրական ճշմարտությունները «հասկանալը» նույնիսկ Էրդողանի պես մեծ դեմագոգի համար է չափից ավելի դժվար: Այս կերպ նա մարտահրավեր է նետում ոչ միայն այն 21 պետություններին, որ արդեն ընդունել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն ԱՄՆ-ին, որի նախագահը բազմիցս հստակորեն արտահայտել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին և որի Կոնգրեսը, շատ հավանական է, մինչև Ապրիլի 24-ը ընդունի հայկական բանաձևը, այլև բառացիորեն ծաղրի է ենթարկում Բարաք Օբամային: Էրդողանի այս կեցվածքն այլ բան չէ, եթե ոչ արհամարհանք` հայ-թուրքական Արձանագրությունները «վայրկյան առաջ» վավերացնելու Օբամայի հորդորի և Կոնգրեսում հայկական բանաձևն ընդունելու հնարավորության առթիվ նրա թափանցիկ ակնարկի հանդեպ: Ընդսմին, Էրդողանը նաև պատռում է սեփական դիմակը, երբ հայտարարում է, թե Թուրքիան «երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Հապա էլ ու՞ր մնաց նույն Էրդողանի այն հավաստիացումը, թե «իրենք պատրաստ են ընդունելու ցյուրիխյան Արձանագրություններով նախատեսված պատմական հարցերով ենթահանձնաժողովի եզրակացությունները»: Այսինքն, խոստովանում է, թե նույնիսկ այդ ենթահանձնաժողովի` իրենց համար անցանկալի եզրակացությունները բանի տեղ չեն դնելու: Այս կերպ Էրդողանն աշխարհին ի լուր ասում է, թե իրենք, ավա¯ղ, ոչ միայն թուրք են, այլև մնում են… թուրք, որի մարդեղենացման ու քաղաքակրթման բոլոր հույսերը… զուր են. նրանք առաջվա պես ընդունում են միայն ուժը, ոչ երբեք` ճշմարտությունը, արդարությունը, խիղճը: Չգիտեմ Օբաման ինչպես, բայց Հայաստանի Նախագահը Էրդողանի վաշինգտոնյան ու հետվաշինգտոնյան հայտարարություններից անհրաժեշտ եզրակացություններ արդեն արել է: Լատվիայի Նախագահ Վալդաս Զատլերսի երևանյան այցի օրերին Սերժ Սարգսյանը հրապարակավ հասկացրեց, թե ինքն արդեն հանձնարարել է Հայաստանի համապատասխան պաշտոնատարներին` միջազգային իրավունքի նորմերից ելնելով հիմքեր նախապատրաստել` հայ-թուրքական միջպետական հարաբերությունները կարգավորելու առթիվ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայտնի Արձանագրությունները անվավեր ճանաչելու, դրա տակ դրված Հայաստանի ստորագրությունը ետս կոչելու համար: Եթե Հայաստանը հարկադրված լինի նման քայլ անել, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա: Ընտրությունն իրենցն է: Կամ ապացուցել, որ Թուրքիան ժամանակակից պետություն է, հարգում և կատարում է միջազգային հանրության առաջ ստանձնած սեփական հանձնառությունները, կամ ցույց տալ, որ ամբողջ աշխարհի թուքումուրն իրենց համար առաջվա նման որևէ արժեք չունի… Այդ դեպքում համաշխարհային հանրության և մանավանդ Եվրոպական Միության ինչի՞ն է պետք սեփական ընտանիքում այսպիսի արյունարբու անցյալով պետություն հանդուրժելը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ