ԿՀԱՍՆԵ՞ՆՔ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՆՇԱՁՈՂԻՆ


Այնպես ստացվեց, որ մեր հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ ինքնաբերաբար… Եթե հաշվի առնեք, թե արդեն քանի տարի է խոսվում ոլորտի առաջընթացի անհրաժեշտության մասին, և հավելենք, որ այս գործի կարևորագույն բաղադրիչն է համարվում հանրության ամենատարբեր շերտերին համակարգչով ու ինտերնետով ապահովելու գործընթացը, ապա ամեն ինչ ավելի պարզ կդառնա£ Թեկուզև ուշացումով, բայց միայն այս տարի հաջողվեց «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի մեկնարկն ազդարարել, ինչն էլ արդեն հիմնավոր նախադրյալներ է ստեղծում կարևորագույն այդ տեխնիկան հեռուստատեսության նման մատչելի ու հասանելի դարձնելու գործում£ Նորագույն տեխնոլոգիաների կարևորագույն խորհրդանիշ հանդիսացող այս սարքերը նորացված մոտեցումների շնորհիվ ու հետևողական ջանքերի պարագայում` թերևս ոչ հեռու ապագայում շոշափելի տեղաշարժեր կարձանագրեն£ Համակարգիչը բոլորի տանը տեսնելու ծրագրից անկախ` հատկապես վերջին շաբաթներին նկատելի աշխուժություն է արձանագրվում նաև ինտերնետի շուկայում£ Բջջային օպերատորները, չնայած սեփական գնային քաղաքականության հանդեպ սկզբնական ինքնավստահությանը, կարճ ժամանակում «գործով» ապացուցեցին, որ իրենց թելադրած գները մինչ այս անչափ հեռու են եղել խելամիտ համարվելուց£ Եվ այս օրերին համացանցից օգտվելու նոր սակագներ են առաջարկվում ոչ այնքան դրա տարածվածությունը խթանելու կամ սպառողներից ավելի մեղմ վարձավճարներ կորզելու նպատակամղմամբ, այլ ավելի շատ իրավիճակի թելադրմամբ£ Մինչ այդ էլ Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ ու վատորակ ինտերներտն առաջարկողի համբավն ուներ£ Սակայն սառույցն ակնհայտորեն ավելի շատ ինքնաբերաբար է սկսում հալվել… Այնպես որ, բջջային օպերատորները գնային նոր քաղաքականությանն ստիպված են ենթարկվում` արդեն իրենց հետ համագործակցող բաժանորդներին չվանելու և նորերին ներգրավելու շահագրգռությունից ելնելով£ Մի իրողություն, սակայն, պարզ է. նախքան համացանցի շուկայում սկսված իրարանցումը` ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում խորհրդանշական էր… Այն առավելագույնը հանրության 5-6 տոկոսին էր հասանելի£ Եվ եթե հաշվի առնենք, որ գների նվազեցումից անկախ` հավանական բաժանորդների թիվը նույնպես սահմանափակ է, ապա ամենալավատեսական հաշվարկներով հիշատակված տոկոսը նորացված պայմանների արդյունքում առավելագույնը կարող է կրկնապատկվել£ Իհարկե, սա այն թիվը չէ, ինչը հնարավորություն կտա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լիարժեք զարգացում ապահովելու, բայց անկախ ամեն ինչից` նկատվող առաջընթացը պետք է համապատասխան հետևությունների մղի նրանց, ովքեր տնօրինում են Հայաստանն աշխարհի հետ կապող առայժմ միակ մալուխը£ Սրա հուսալիության մասին խոսելը հաստատ անիմաստ է` մանավանդ հընթացս ծանրաբեռնվելու պարագայում£ Տհաճ անակնկալներ մալուխը բազմիցս է մատուցել£ Եվ հիմա որքան էլ նոր, այլընտրանքային մալուխներ ունենալու խոստումներ շռայլվեն, այսուհանդերձ պարզ է, որ այն հսկայական ժամանակ և ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջելու£ Իսկ մինչ այդ սպառողներն ու ինտերնետի մատակարարները ստիպված են լինելու ապավինել այն մալուխին, որը հարևան հանրապետությունում բնության ցանկացած քմահաճույքից` անձրևներից, սողանքներից, քամիներից վնասվում է` մեզ աշխարհի հետ կապող ցանցային միակ ելուղին տևականորեն խափանված թողնելով£ Մյուս կողմից էլ, լավ թե վատ` այդ միակ մալուխով մինչև հիմա, ինչպես ասում են, «յոլա ենք գնացել»£ Սակայն, երբ խնդիր է դրվում ՏՏ ոլորտի զարգացման, և զուգահեռաբար համացանցային շուկայում այս ամենին նպաստող գործընթացներ են սկսվում, հետևաբար արդեն առավելագույնը պետք է անել` ինքնաբերաբար բարձրացող նշաձողն անհասանելի չթողնելու համար£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ