1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ավտոապահովագրական ծառայության թանկացման մասին տեղեկությունները, որոնք մեծ թափով սկսեցին շրջանառվել մի քանի շաբաթ առաջ, նույնքան արագ մարեցին: Տպավորությունն այնպիսին է, թե ապահովագրող ընկերությունները փոխհամաձայնեցված և միասնական գործողությունների էին անցել` մեքենատերերի տրամադրությունները շոշափելու համար: Հնարավոր թանկացման հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունքը կանխատեսելի կարելի էր համարել, թեև սա այն դեպքերից է, երբ գնաճի ամենափոքր հնարավորության դեպքում անգամ թանկացումն անխուսափելի էր դառնալու: Իսկ թանկացման փորձը հատկապես հիմա ձեռնարկվեց, քանի որ ԱՊՊԱ¬ն արդեն մեկ տարեկան է. հետևաբար մեքենատերերի ճնշող մեծամասնությունը տարվա հենց այս հատվածում է ապահովագրության համար երկրորդ անգամ գումար վճարում ու մինչև մեկ տարով նոր պայմանագիր կնքում: Ու քանի որ դեկտեմբերը ոչ միայն ծախսերի, այլ նաև մեր հայրենակիցների գրպանում առկա գումարների փոքր¬ինչ ավելցուկի շրջան է համարվում, ապահովագրողներն, արդեն միմյանց հետ մրցակցության մեջ մտնելով, վերջին օրերին սկսել են նույնիսկ զեղչերի մասին հայտարարել: Թե ի՞նչ գումարի ու զեղչի ի՞նչ չափի մասին է խոսքը, նման ընկերությունների բազմաթիվ գովազդներից և ոչ մեկը չի հստակեցնում: Պարզ է սակայն, որ խոսքը չնչին զեղչի մասին է, այլապես հեռուստաընկերություններից մարդկանց գովազդախեղդ անող ԱՊՊԱ¬ն կոնկրետ չափ էլ կնշեր: Եվ մինչ վճարումներից խուսափելու ելք չունեցող վարորդները պարտադրված են տասնյակ հազարավոր դրամներ վճարել նոր պայմանագրերի համար, պարզվում է, որ այս բիզնեսը նույնպես, ինչպես ասենք բենզինի կամ ցորենի շուկաները, բաժանված է ընդամենը մի քանի ընկերությունների միջև... Թե ինչո՞ւ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ավելի քան մեկ տարի լռել ու գերիշխող դիրք ունեցողներին այդպես էլ չտեսնելու տվել` ինչպես բոլոր նման դեպքերում, անհայտ է: Բայց թերևս եկել է նաև ԱՊՊԱ ծառայություններ մատուցող ընկերություններին տուգանելու ժամանակը: Ընդ որում, պահն էլ բավական հարմար է ընտրված. տարվա այս հատվածում փողի պակասից նրանցից որևէ մեկը չի դժգոհի, ուստիև տուգանքները հեշտությամբ կվճարվեն: Այլ հարց է` տուգանքով ամեն ինչ կավարտվի՞, թե՞ նոր միայն կսկսվի: Եթե ընկերությունները գերիշխող դիրքում են, ուրեմն գերշահույթներ են ստանում: Եթե գերշահույթներ են ստանում, ապա ինչո՞ւ էին ԱՊՊԱ¬ները նախատեսում ծառայության գինը բարձրացնել: Ու վերջապես, եթե թանկացման հասնել չհաջողվեց, ու հիմա արդեն զեղչերի մասին է խոսվում, միգուցե տուգանքն առիթ դառնա, որպեսզի ծառայության գինն ընդհանրապե՞ս նվազեցվի: