ՕՋԱԽԻ ՏԵՐԸ Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 78 տարեկան


Գեղաթով, հեքիաթային բնաշխարհը Արարչի զարմանահրաշ ստեղծագործությունն է, ուր երկրի ու երկնի ներդաշնակ խորհուրդ կա, կա իմաստություն, սեր ու կյանք: Ուր խոսում, թախծում կամ ցնծում է հոգիդ անկաշկանդ... Սքանչելի բնության մի մասնիկն էլ նա էր` Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԸ: Գյուղաշխարհի նվիրյալն էր, սիրահարը: Արևի առաջին շողերը հազիվ թե հրդեհեին գյուղը ստվերող սարի թիկունքը` նա վաղուց դրսում էր` ունկնդիր հավքերի վաղորդյան համերգին... Նման պահերին խռովահույզ հոգին խաղաղվում էր... զգում, աղոթում էր այգաբացի տամկությամբ շնչող բնությանը` կապտակապույտ աչքերի ծովում ամփոփելով աշխարհը: Հայրենի բնաշխարհը ճանաչող, սիրող գրողի համար, թե մի լավ, ապրեցնող բան կար կրծքի տակ` հայրենիքն էր, հողն հայրենի, ցավը` արտագաղթն էր, մայր հողը լքել-պանդխ տելը: «Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժը իր հողի մեջն է: Քանի հողը չեն խլել ոտաց տակեն, մարդն անպարտ է, թեկուզ զարկվի` անպարտ է, խլեցին` գերի է...»,- ասում էր նա: Կարդանք նրա սքանչելի երկերը, կտեսնենք` մեծ կարոտի ու կորստի ցավն է երգել, բայց ոչ միայն... այլ երկերում` հայրենիքի բարօրությամբ հուսավառված, խանդավառված գրողը գովերգում է հողի անխոնջ մշակին, երկիրը շենացնողին, հայրենին ամուր պահողին... Կտեսնենք` ըմբոստ, անկոտրում մարդուն, երբ այլագունվում էր ազգայինը, բանտվում` ազնիվը, արդարը: Երբ վնասվում, անտեսվում էր մայր բնությունը և ... և հողի մշակին օտարանում էր հողն ու ջուրը, օջախն հայրենի: «Տանը երեքով են` պապը, տատը և կատուն... Մխռոտած, ցեցակեր սյուն է պապը: Առաստաղից հանած, դռանը վար ընկած սյուն, վառեն էլ` բոց չի տա, կմխա¬կանցնի: Անունը` Ավագ պապ: Տատը ծուխ է, որ ծվեն-ծվեն է եղել ժամանակից: Իսկ կատուն` սև, գեր... » («Մի երկար ու մի կարճ պատմություն» պատմ.): Ավագ պապը իր կյանքի երկար ու ձիգ տարիների հեռվից դեռ սպասում էր որդիներից գոնե մեկի վերադարձին... իսկ թե չէ` կանչել կտա հող ու ջուր սիրող մի ջահելի` ասենք` Թաթոսին և... և «Կտակ... Իմ այգին ու ապուպապիս օջախը հանձնում եմ Թաթոսին: Թե մարդ ես` տունս պահիր պապիդ օջախի պես: Պահիր... մինչև որ որդուս որդին... մինչև մեկը կծնվի, կգա, չեկավ` տունս քեզ, տնովս մեկ անեծք թող նստի սերնդիս գլխին»: Մի տուն կա. Տանը` երեք շունչ` Ավագ պապը, տատը և կատուն: Իր հող ու ջրին արմատներով ամուր կապված Ավագ պապը դեռ սպասում էր: Իսկ քեռի Հազրոն... Ուշ աշուն էր. մաղում էր պաղ անձրև... Քեռի Հազրոյի տան հողե կտուրը ծանրացել էր. գերանը ճկված տեղից ճաք էր տվել... Քաղաքաբնակ որդին հայտնվել էր, հուսադրել` հենակել ճկված գերանը ու... ու գնացել: Հազրոն խռոված էր, հոգին անհաշտ էր աշխարհի հետ. «Եթե որդին է հուսախաբ անում, ումից նեղանաս»: Այդ առավոտ խոհերը Հազրոյին հեռու տարան... գնաց, գնաց-հասավ Էրգիր` Գըլեգուզան... «Տեսնե՞ս էնտեղ էլ է միգամած, թոն ու մշուշ...»: Հիշեց... հիշեց ձորի պռնկին բազմած իրենց տունը, դարավոր ընկուզենին... Սպասո՞ւմ են իրեն... թե՞ անօրենն է տիրել... Հազրոն տնքաց... թափառող հայացքը նորեն գտավ ճաքված գերանը ու... ու հանկարծ մտաբերեց կիրճի պռնկին կանգնած միայնակ ծառը` բարդին... Հազրոն վար իջավ թախտից: Նա գնում էր գլխահակ, հակոտնյա մտքերը տանջում էին... «Հազրոն բամբակյա բաճկոնը հանեց-դրեց քարին, կացինը ձեռքն առավ և... և երբ շրջվեց, քարը քաշեց փեշից... Հազրոն փլվեց քարին» («Միայնակ ծառը» պատմ.): Հոգեկան ծանր դրամա է ապրում Հազրոն` ծառը կտրելուց առաջ և հետո: «Կտրվածքի դողն հոսում էր ծառն ի վեր, ճյուղերը սրսփում էին, տերևները ուրու տեսած ծտերի նման` ալեկոծվում: Աշխարհի կողմերը խառնվել էին իրար... աչքերը դատարկվել էին հորիզոններից, մշուշապատ հայացքի դիմաց միայն ճոճվող ծառն էր: Ծառը գնում էր... »: Հազրոն աշխարհաթող էր, զգացական աշխարհը բնության հետ էր, որով ապրում էր, որի հետ խոսում, որին զգում էր նա: «Կիրճում դարձյալ լույս ու ստվերի խաղ էր. երկնքում ու երկրում հայտնվում ու համբառնում էին հրաշքները, բայց... բայց դրանք արդեն Հազրոյի համար չէին»: Առինքնող, հոգեհմա բնության իրական հրաշքների, գույների և մարդկային ապրումների, հույզերի զարմանալի խտացում կա պատմվածքում... Փոքր ծավալ, մեծ ասելիք: Մեծ ցավ է ապրել գրողը, տեսնելով, որ գյուղաշխարհի մարդը, լքելով գյուղական օջախը, ծեր ծնողներին` դառնում է քաղաքաբնակ, ավելին` շատերին էլ հրապուրում, կանչում էր արտերկիրը: Զգում ես` ժամանակին գրողին հուզող շատ խնդիրներ մնում են արդիական, եղել են, կան... Ավագ պապի կամ քեռի Հազրոյի տարիքը չուներ Կորյունը, բայց... բայց նրա համար էլ հողն էր հայրենին, օջախը` շեմը թաղված կանաչի մեջ. «Գյուղի իրենց տունը ցածրիկ էր, շեմը` կանաչի մեջ էր թաղված, դիմացը` արտ ու այգի կար»,- հիշում էր Կորյունը («Օջախի տերը»): Ու... ու փախավ Կորյունը ասֆալտի պռնկին կանգնած իրենց բարձրահարկ շենքից... Փախավ, փախավ Արարատյան հովիտ, Արարատի դիմաց հառնած հայրենի գյուղ: «Ամառ էր, կեսօր: Արարատյան հովիտ, բարձր, կապույտ-կապույտ երկինք: Մի պատառ ամպ չկար արևի ճամփին: Հողը շիկացել էր, տապից առուն կուչ էր եկել, եզրի փշատենին ավելի էր խոնարհվել, որ ջուր խմի: Ճնճղուկները թաքնվել էին ծառերի սաղարթներում` կտուցները բաց: Այգիներում ողկույզները գրկախառնվել էին արևի հետ` համբույրից շիկանում էին, քաղցրանում»: Ինքնակոչ դաշտապահ Մոսեն էլ էր փարված մայր հողին: Բնության խենթ սիրահար էր: Նա մերժում էր այն ամենը, ինչը հայ մարդուն օտարացնում, հեռացնում էր հայրենի բնաշխարհից, ինչը եղծում, ապականում էր անեղծ բնությունը: Ավագ պապը, քեռի Հազրոն, Կորյունը, Մոսեն և նմանները Գալշոյանի իդեալ, գաղափարական հերոսներն են. իրենց բնապաշտությամբ, խոհերով, հոգսերով, գյուղական օջախը վառ պահելու ձգտումներով...

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ