ԳՈՐԻՍԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ Դիվիզիայի հրամանատարը


(գվարդիայի գնդապետ Ներսես Փարսիի ԲԱԼՈՅԱՆԻ ծննդյան 110-ամյակին) Ն. Փ. Բալոյանին բախտ չվիճակվեց հասնել գեներալի կոչմանը: Սակայն նա Հայրենական մեծ պատերազմի տարիներին դասվում էր հայ քաջարի ռազմիկների շարքում, օրինակ ծառայում երիտասարդության, ղեկավարության, հրամանատարների համար: Ծնվել է 1901 թ. մայիսի 1¬ին Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, չքավոր հովվի ընտանիքում: Կամավոր մեկնել է հայկական բանակ, ծառայել հրետանային գնդում: 1926 թ. ավարտել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը և շարունակել ծառայությունը հայկական դիվիզիայի հեծյալ գնդում` որպես դասակի հրամանատար: 1928 թ. գործուղվել է սովորելու Թիֆլիսի ռազմա-քաղաքական դպրոցում, որն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը հեծելազորային գնդի հետևակային վաշտի հրամանատա րի պաշտոնում` մինչև 1934 թ.: Այստեղից էլ, որպես հեռանկարային սպա, նրան գործուղում են Մոսկվայի մոտո-մեխանիզացիայի ակադեմիա, որն ավարտելուց հետո 1939 թ. ստանում է «մայորի» կոչում և նշանակվում գնդի շտաբի պետ` Իրկուտսկում: 1940 թ. գործուղվել է մերձմոսկովյան Նաբո-ֆոմինսկ, ստանձնել տանկային գնդի շտաբի պետի պաշտոնը: 1941 թ. Ն. Բալոյանը արդեն 20¬րդ բանակի թիկունքային զորքերի պաշտպանության պետի տեղակալն էր, ապա մոսկովյան 1¬ին ՄՀԴ (մոտոհրաձգային դիվիզիայի) հետախուզության պետը: Զգալի ներդրումներ ունեցավ Գուդերիանի տանկային դիվիզիայի դեմ մղվող պայքարում. կազմակերպեց Դնեպրի վրայով զորքերի անցման պաշտպանությունը: Ութ օր ու գիշեր իր վրա վերցրեց թշնամու կատաղի գրոհները, կարողացավ ապահովել 20¬րդ և 16¬րդ բանակների զորամասերի գետանցը, որի համար պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: 1942 թ. հոկտեմբերի 4¬ին Ն. Բալոյանը նշանակվում է դիվիզիայի հրամանատարի տեղակալ` ստանալով գվարդիայի գնդապետի կոչում: 1943 թ. հունիսին նա 49¬րդ բանակի 146¬րդ դիվիզիայի հրամանատարն էր: Օգոստոսի 6¬ին դիվիզիան ճեղքում է հակառակորդի պաշտպանությունը, սրընթաց մարտերով առաջ է շարժվում ավելի քան 100 կմ, ազատագրում տասնյակ բնակավայրեր` արժանանալով Սուվորովի անվան 2¬րդ աստիճանի շքանշանի: 1944 թ. սկզբներին Հայաստանի կառավարության խնդրանքով Ն. Բալոյանը տեղափոխվեց Անդրկովկասյան ճակատամարտ, նշանակվեց 261¬րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար` Երևանում: Դիվիզիան խնդիր ուներ պահպանել հայ¬թուրքական պետական սահմանը և միաժամանակ նախապատրաստել երթային գումարտակներ ու վաշտեր ռազմաճակատի համար: Ն. Բալոյանը պարգևատրվել է Լենինի, երեք Կարմիր դրոշի, Սուվորովի 2¬րդ աստիճանի շքանշաններով և այլ մեդալներով Աստված նրան երկար կյանք շնորհեց, մահացել է 1998 թ. Երևանում: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ, ՀՀ պատերազմի և ԶՈՒ վետերանների կոմիտեի և միավորման անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ