ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ


Օրերս տեղի ունեցած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էր նաև Սիրիայի նշանավոր հայ հանրային և գիտական գործիչ Հակոբ ՉՈԼԱՔՅԱՆԸ, ում զեկուցումը կրում էր «Ծագումով հայ լատինները Սուրիոյ մէջ» խորագիրը: Այս զեկուցումը հնարավորություն տվեց մերձենալու մի թեմայի, որը տասնամյակներ շարունակ դուրս էր մնացել գիտական և հանրային հետաքրքրությունից: - Պարո´ն Չոլաքյան, գիտեմ, որ Ձեր զեկուցման մեջ շոշափված թեմաներն ու խնդիրները վաղուց են հետաքրքրում Ձեզ: Դուք նաև որպես թեկնածուական ատենախոսություն գրել եք «Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը» վերտառությամբ գիրք: Այն կարևոր ներդրում է հայագիտության մեջ և միաժամանակ արտացոլում է լատինացած հայերի հիմնախնդիրները: Ցանկալի կլիներ, որ ներկայացնեիք այն հիմնահարցերը, որոնք դրված են Ձեր աշխատության հիմքում, որի հենքի վրա էլ կառուցված է գիտաժողովում ընթերցած Ձեր զեկուցումը: - Սիրով: Մինչև աշխատությունը ներկայացնելը կուզենայի շնորհակալությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն դոկտոր Գագիկ Հարությունյանին` այս հույժ կարևոր գիտաժողովի հրավիրման համար: Ուրախ եմ, որ իմ կարդացած զեկուցումը որոշակի արձագանք է գտել: - Չափազանց հաճելի է, որ Դուք Ձեր ներկայությունը բերեցիք գիտաժողովին` այսպես նաև մեզանում ձևավորելով պատկերացումներ մինչ հիմա անհայտ և չուսումնասիրված համարվող թեմայի մասին: Շատ կուզենայի, որ անդրադառնանք նաև Սիրիայի կրթական խընդիրներին, ազգային շըրջանակներում կազմակերպվող դպրոցական գործընթացներին: Կխնդրեի, որ հարցը դիտարկվեր նաև կրոնադավանական ընկալումների դիրքերից: - Հալեպի հայ գաղութը, որը սիրիահայության մի ահռելի մասի համահավաքն է, Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկն է: Հալեպահայ գաղութի ուշադրության կենտրոնում առաջին հերթին ազգային դպրոցն է, որն էլ ապահովում է հայ սերնդի հայեցի դաստիարակությունը: Հայ դպրոցն իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր սիրիահայերին: Այս հրաշալի ավանդույթը ձևավորվել է տակավին 19-րդ դարում և շարունակվել մեր օրերում: Հալեպի հայ համայնքը հայապահպանության կարևորագույն հանգրվանն է` իր դպրոցներով, եկեղեցիներով, ակումբներով, հանրային-մշակութային կառույցներով: Սիրիայում գործում է չորս տասնյակ հայկական վարժարան, որոնցից 35-ում հայերեն դասընթացները կրում են կանոնավոր բնույթ: Նշեմ, որ Սիրիայի հայկական դպրոցները ողջ երկրում գնահատված են որպես օրինակելի կրթական հաստատություններ: Այս հանգամանքն էլ առավել պարտավորեցնում է մեզ: Հալեպի դպրոցների մի զգալի մասն առաջնորդվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ասել է թե` առաքելական հավատի սկզբունքներով, չնայած որ որևէ կրոնական և դավանական խտրականություն չկա: Աշակերտության մեջ նկատելի է արաբախոսությունը, որի նկատմամբ ևս ունենք ուրույն վերաբերմունք. ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնանք մայրենիին: Արաբախոսությունը, անշուշտ, տակավին արաբացում չէ: Ուրեմն` կա կրոնական միասնություն: - Ինչո՞վ կարևորվեց սույն գիտաժողովը: - Անշուշտ, սա շատ օգտակար ձեռնարկ էր, որի անհրաժեշտությունն արդարացված էր: Մենք առիթ ունեցանք ներկայացնելու ինչպես մեր տեսակետները, այնպես էլ ունկնդիր լինելու այլոց տեսակետներին: Կարդացվեցին չափազանց հետաքրքիր զեկուցումներ: Ի վերջո, մենք մոտեցանք ազգային հիմնախնդիրներին, առաջին անգամ այդ հիմնախնդիրները դրեցինք գիտական շրջանառության մեջ և այսպիսով պարտավորված եղանք հետագայում խորացնել մեր հետազոտությունները, նպաստել` որպեսզի վերջապես դուրս գանք որոշակի կաղապարներից և հայությանը հուզող բոլոր հարցերը դարձնենք ուշադրության նյութ: Անշուշտ, ես շատ կուզենայի, որ գիտաժողովի ընթացքին լսվեր նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ձայնը, նրա կարծիքը: Այս անգամ այդ ձայնը չլսվեց: Սակայն հուսով եմ, որ հետագայում գիտաժողովների կամ քննարկումների ժամանակ մենք կլսենք նաև հոգևոր հայրերին, որովհետև խնդիրը առաջին հերթին վերաբերում է կրոնական դիրքոշումներին և գնահատականներին:

ՄՈՒԹԱՖՅԱՆ