ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ


Ամանորն արդեն քայլում է Հայաստանում: Երևանյան փողոցներում, խանութների դիմաց արդեն հայտնվել են զարդարուն տոնածառերը, իսկ Հանրապետության հրապարակի եղևնին էլ ստիպում է մարդկանց կանգ առնել, հիանալ շքեղությամբ: Սկիզբ է առել նաև ամանորյա եռուզեռը, ինչն էլ մեզ մղեց հայացք հառել խանութներում արդեն փոփոխվող ապրանքագներին: Առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում մսին ու մսամթերքներին, որոնց գներն օրավուր աճում են` արդեն հուշելով, որ դեկտեմբերի 25-ից հետո կարձանագրենք մսի գնի անօրինակ աճ: Խոզի ազդրի մեկ կիլոգրամն արդեն արժե 5 հազար դրամ: Սա` Երևանում, իսկ ահա Գյումրիում ու Վանաձորում 1 կգ ազդրամիսը 6 հազար դրամ է: Նախորդ տարիների համեմատ` այս տարի բավական բարձր են ընկույզի, կաղինի «մեկնարկային» գները… Մեր խնդրանքով, տնտեսագետները հաշվարկեցին, թե որքան գումար կպահանջվի միջին վիճակագրական երևանցուց` Ամանորը նշելու համար: Ըստ պարզ հաշվարկների, ամենաանհրաժեշտ մթերքներն ու խմիչքները ձեռք բերելու համար հարկ կլինի ծախսել առնվազն 300 հազար դրամ, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներ կամ ստիպված են լինելու մեծ խնայողությունների գնով Ամանոր նշել, կամ էլ պիտի բավարարվեն նվազագույնով` այստեղ ևս ակնհայտ դարձնելով սոցիալական անհավասարությունը, որն արդեն մեր երկրում օրինաչափ է դարձել: 300 հազար դրամ, բնականաբար, շատ ընտանիքներ չունեն, այլևս չենք խոսում այն ընտանիքների մասին, որոնք սոցիալական նպաստներով են կարողանում մի կերպ գոյատևել: Բազմաթիվ անգամներ նշել ենք, որ տարեմուտին և Սուրբ Ծննդյան տոներին աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենում գների իջեցումներ, կազմակերպվում են էժան տոնավաճառներ, մինչդեռ Հայաստանում բարձրացվում են գները` այսպես ներկրողներին և սեփականատերերին ապահովելով գերշահույթներով: Այս ամենի պատճառն, իհարկե, այն է, որ գերիշխում է մոնոպոլացումը, չկա մրցակցություն: Սակայն սրան զուգահեռ` գների նկատմամբ վերահսկողությունը չունի պետական հետևողականություն: Զարգացած երկրներում, մեր հարևան Վրաստանում, գների կարգավորումն ու վերահսկողությունը շատ վաղուց դարձել է պետական քաղաքականություն: Հենց Վրաստանում Ամանորի նախօրյակին պետությունը սեփականատերերին և ներկրողներին հորդորում է` կիրառել զեղջային քաղաքականություն, չդիմել գերշահույթների: Ավելին, հենց Վրաստանում սոցիալապես անապահով ընտանիք ների, մշակույթի, գիտության և կրթության գործիչների համար պատրաստվում են հատուկ ամանորյա քարտեր, որոնք հնարավորություն են տալիս զեղչ գներով ձեռք բերելու անհրաժեշտ սննդամթերք, խմիչք, նվերներ: Իսկ Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում ավելին է արվում. հատկացվում են կտրոններ, որոնցով քաղաքացիները գնումներ են կատարում ողջ տարվա ընթացքում: Այս կերպ բանկերը մեծացնում են իրենց շրջանառությունը, ավելացնում վարկային միջոցները: Հայաստանում առևտրային բանկերի գլխավոր խնդիրը բարձր տոկոսադրույքների սահմանումն է դարձել, երբ միջազգային տարբեր կառույցներից ստացվող գումարները վերցնելով պետությունից` իրենք հարստանում են` աղքատացնելով բնակչությանը: «Տոնածառ ջան, տոնածառ»` կերգեն երեխաները` պտտվելով զարդարուն եղևնու շուրջ, մինչդեռ շատերը չեն կարողանա թաքցնել իրենց արցունքները, չեն կարողանա իրենց երջանիկ զգալ, որովհետև Ամանորն առավել է ի ցույց դնում սոցիալական բևեռացումները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ