ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ Է


Չի բացառվում, որ «Հայռուսգազարդն» առաջիկայում դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ոչ միայն գազի սակագինը վերանայելու, այլ նաև վաճառվող երկնագույն վառելիքի չափման միավորը ոչ թե խորանարդ մետրը, այլ կալորիան ընտրելու: Այլ կերպ ասած` գազի սակագինը նաև այսկերպ կթանկանա, ու դրանով մատակարար կառույցը մի նոր ապտակ կհասցնի բաժանորդներին: Ինչպես հայտնի է, արդեն քանի տարի ձմեռային ամիսներին սպառողները դժգոհում են, որ հակառակ սպառվող գազի հսկայական ծավալներին` բնակարանները, միևնույն է, նորմալ չեն տաքացվում, և իրենք կասկածներ ունեն մատակարարվող գազի որակի վերաբերյալ: «Հայռուսգազարդն» էլ պնդում է, թե իր վաճառած ապրանքը պահանջվող նորմերից դեռ մի բան էլ որակյալ է: Հավանական է, որ չափման միավորի փոփոխությունից հետո գազի որակը (շնորհիվ ավելի բարձրացած սակագնի) լավանա: Իհարկե` առժամանակ` մինչև գազամատակարարի ախորժակը նորից կբացվի: Իսկ մինչ այդ` մենք կշարունակենք թանկ գնով վճարել նաև այն «օդի» համար, որը հաշվիչ է պտտեցնում, բայց տաքություն չի տալիս: