ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԱՐԵՍԿԻԶԲ Է ՍՊԱՍՎՈՒՄ


Ինչպես երևում է` մինչև Ամանորյա տոների ավարտը ներքաղաքական հետաքրքրություն ներկայացնող զարգացումների ականատես չենք լինի: Խորհրդարանը լավ թե վատ` ավարտեց այս տարվա աշխատանքը, իսկ նոր խորհրդարանի ընտրություններին պատրաստվող կուսակցություններն այս ընթացքում համառ լռություն են պահպանում` չցանկանալով ժամանակից շուտ իրենց կիրառելիք ռազմավարությունն ու մարտավարությունը ներկայացնել: Սակայն, արդեն հայտնի իրողություններից և դրանցում քաղաքական ուժերի ունեցած պահվածքից, թերևս, նոր տարվա հնարավոր զարգացումների պատկերներ կարելի է ուրվագծել: Խորհրդարանում քաղաքական մեծամասնութուն կազմող ՀՀԿ-ին դժվարությամբ հաջողվեց հաստատել կառավարության ներկայացրած` 2012-ի բյուջեն: ՀՅԴ պատգամավո րական խմբակցությունն անվստահություն է հայտնել կառավարությանը` պնդելով, թե վերջինս շեղվել է խորհրդարանի հաստատած ծրագրից: Դաշնակցությունն առաջարկում է անվստահության հարցով նաև դիմել Սահմանադրական դատարան, ինչի համար անհրաժեշտ թվով ստորագրություններ ապահովելու խնդրանքով ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դիմեց հանրապետականներին, թե` օգնեք ապահովել ստորագրությունների անհրաժեշտ քանակը: Ըստ էության, 2012-ի բյուջեն լավ առիթ է ընձեռում Դաշնակցությանը` դրա քննադատությունն ընտրարշավում որպես քարոզչության զենք օգտագործելու համար: Այնպես որ, այսօրվանից կարելի է չկասկածել, որ ՀՅԴ-ն ընտրություններում խոսելու է արտագաղթից և, իր համոզմամբ` կառավարության` դրան նպաստող գործունեությունից: «Հանրապետականն» ու ՕԵԿ-ին քարոզչության նյութ կարող է լիել ԵԺԿ-ին անդամագրվելը: Հանրապետականները մինչև վերջ էլ չբացառեցին, որ ԲՀԿ-ը կարող է իրենց հետ միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին` չնայած, ամբողջ տարվա ընթացքում և հատկապես տարեվերջին մամուլը գրում էր ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ էր տալիս չհավատալ մամուլին, մինչդեռ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության անդամները համառ լռություն պահպանեցին այդ առնչությամբ:: Այնուամենայնիվ, լույսի շողի նման ինչ-որ բան ընկել է ԲՀԿ-ին առնչվող հարցականների վրա: ԵԺԿ-ն, ըստ էության, առանց պատճառաբանության մերժեց իրեն անդամակցելու` այս կուսակցության հայտը: Թերևս, այդ մերժումը հնարավոր է` առնչություն ունենա այն իրողությանը, որ ԲՀԿ-ն սերտ կապեր ունի Պուտինի ստեղծած «Եդինայա Ռոսիա» կուսակցութ յան հետ: Իսկ Ռուսաստանի Դումայի ընտրությունները լուրջ քննադատության արժանացան Արևմուտքի կողմից: Համենայն դեպս, ԲՀԿ-ն հույսը կարող է դնել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով հանրապետության բոլոր մարզերում իրականացրած բարեգործական ակցիայի արձագանքների վրա: Վերլուծաբանները միաբերան խոսում են նոր խորհրդարանում «Ժառանգության» բացակայության մասին: Խորհրդարանը առաձգական չէ` պատգամավորական տեղերը սահմանափակ են: Նոր ԱԺ-ում հավանաբար ներկայացված կլինի նաև ՀԱԿ-ը: Իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս չբացառեց «Նոր դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության հետ դաշինք կազմելու հնարավորությունը: Վերջինիս նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարել է, որ իրենց ցուցակներում կբացակայեն քրեական անցյալ ունեցողները: Բայց արդյո՞ք դա բավարար փաստարկ է` ընտրություններում 7 տոկոսի արգելքը հաղթահարելու համար: Այնուամենայնիվ Ամանորի տոներից հետո հետաքրքիր զարգացումների պակաս հնարավոր է` չզգանք: Շաբաթվա սկզբին «Մարտի մեկի» գործի քննության նախկին և ներկա ղեկավարները տեղեկացրեցին, որ մոտ ժամանակներս կհրապարակեն 4 տարվա ընթացքում քննչական խմբի իրականացրած աշխատանքը: Նրանք ասացին, որ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի գործի քննությունն ակտիվացնելու ցուցումից հետո հարցաքննվել է 500 մարդ: Հայտնի է, որ գործն այսօր արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Իսկ այս գործի ցանկացած նոր մանրամասնություն կարող է ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի նախընտրական վերադասավորումների, չի բացառվում` նաև բուն ընտրութ յունների արդյունքների վրա: Հիշեցնենք` գործի քննությունից հայտնի էր դարձել, որ Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց փողոցներում հայտնաբերված փամփուշտները չեն համապատասխանում ոստիկանության զենքերին, ուստի հնարավոր չէ բացահայտել 10 սպանությունները: Այսինքն, պարզ ասվում էր, որ նշված վայրում գործել է ինչ-որ անհայտ խմբավորում: Մի խոսքով` սպասվում է իրադարձություններով հարուստ նոր տարվա սկիզբ: Աստված բարին կատարի:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ