Կրքերը հանդարտվեցին, հետո՞...


Ասում են, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի փլուզումը տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարաբերությունների անհամամասնության անմիջական հետևանքն է: Չեմ բացառում: Այդուհանդերձ, ներգրավված լինելով Լևոն Աբրահամյան-Արմեն Մելիքսեթյան աղմկահարույց հակամարտության թոհուբոհում, առանձին-առանձին բարեկամաբար զրուցելով յուրաքանչյուրի շուրջ հավաքված համակիրների հետ, ցավով հանգեցի մի տխուր ճշմարտության` ոչ թատրոնական այդ շենքում մեկտեղված մարդկանց անհամերաշխությունն էր, որ մանր-մունր ասեկոսեներից, ինտրիգներից, ներքին դժգոհության կուտակումներից պարբերաբար լիցքավորվելով` վերաճեց բացահայտ թշնամանքի: Թատրոնը համախոհների կոլեկտիվ ստեղծագործություն է: Կամերայինի նախկին խմբում հասունացող և Լևոն Աբրահամյանի կողմից արագընթաց զարգացվող հոգևոր երկրաշարժի ուժգին ցնցումից հիմնիվեր երերաց թատրոնը, որ 1997-ին մանկականից կամերայինի էր փոխվել Մելիքսեթյանի առաջարկով ու կայացմամբ: Համերաշխ չարակամությամբ ստեղծագործական պարապուրդի մատնվեց ժանրի բացառիկ պրոֆեսիոնալը: Կրքերը հանդարտվեցին: Վերականգնո ղական աշխատանքի լծվեց Դավիթ Հակոբյանը: Կարծես թե հունի մեջ ընկավ ստեղծագործական առօրյան: Մեկը մյուսի հետևից բեմ բարձրացվեցին Խաչիկ Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» մենադրաման, Սամվել Կոսյանի «Ուշացողները» և Բահրամ Բեյզայիի «Ո՞վ սպանեց արքային» պիեսները, Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ»-ը և Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ը: Պահպանելով նախկին անունը` կամերային երաժշտական թատրոնը փաստորեն կորցրեց ժանրային ինքնատիպությունը: Իր ներկա կարգավիճակով կհաստատվի՞ այն մայրաքաղաքային խաղացանկային մյուս թատրոնների համանվագում, կհարստացնի՞ արդի հայ թատերական արվեստը ուրույն գեղագիտությամբ: Դժվարանում եմ կանխագուշակել: Ներկա ստեղծագործական խումբը իր կատարողական ներուժով լավատեսության հիմքեր գրեթե չի տալիս: Կերպավորման իրենց ունակություններով, բեմական կուլտուրայով առանձնացող մի քանի արտիստներն ի զորու չեն ապահովել ընդհանուր դերասանական խաղի միջին որակը` ցանկացած թատերական ներկայացման հաջողության գրավականը բեմադրական կուռ տրամաբանության առկայության պարագայում: Այս առումով պետք է, որ նշանակալից լինեին «Ջայլամը ասֆալտի վրա» և «Սերոժիկ» մենաներկայացումները: Երկարամյա ընդմիջումից հետո Կարինե Ջանջուղազյանը վերագտնում է ինքն իրեն ու ներկայացումից ներկայացում նոր նրբերանգներ հավելում Չալիկյանի մենադրամայի հերոսուհու բեմական մարմնավորմանը: Ինքնահատուկ գրոտեսկախառն խաղաոճով տրագիֆարսային հնչեղություն հաղորդում ներկայիս մարգինալացված մտավորականի դրամատիկ կենսակերպի մեկնաբանությանը: Սերգեյ Դանիելյանի հեղինակած ու ներկայացրած «Սերոժիկ»-ը (բեմադրիչ` Սերժ Մելիք-Հովսեփյան) թատերաբեմ փոխադրված մարտնչող գռեհկության հերթական ցածրաճաշակ, նեղմիտ կենցաղային արտահայտությունն է, որ հավակնում է իր սանձարձակ դրսևորումներով մթագնել ծիծաղ կորզելու համար միջոցների ու բառերի միջև խտրություն չդնող մասսայական հումորի մերօրյա «արքաների» փառքը: Կարծում եմ, գոնե պետական թատրոններում պետք է կտրականապես արգելել ոգելափող համաճարակը խթանող այս կարգի միմոսությունները: Որոշակի խմբագրման կարիք ունեն մյուս բեմադրությունները: Ասենք, Կոսյանի «Ուշացողները» աբսուրդ պիեսը հազիվ թե կարողանար ավելի կառուցիկ դարձնել բեմադրիչ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը, ով հնարավորինս հարազատ մնալով հեղինակային տեքստին` ինչ-ինչ ենթատեքստային շեշտադրումներ այնուամենայնիվ հաջողեցրել էր սրել: Անհամեմատ մանրակրկիտ էր աշխատել Բեյզայիի «Ո՞վ սպանեց արքային» («Հազկերտի մահը») պիեսի վրա բեմադրիչ Սամվել Միքայելյանը, ընդգծել ինտրիգող անցումների հետաքրքրությունն ու տեմպոռիթմի խաթարումները հարթող գրավչությունը: Այդուհանդերձ թեմայի համամարդկային հնչեղությունը կարելի էր ավելի բարձր ընդհանրացման հասցնել: Որոշ թատերական հնարքների անհրաժեշտ ներգործությունը, ծանրացած լինելով դերասանական խաղի վրա, որի միջին մակարդակն ապահովված չէր, նկատելիորեն թուլանում էր: Միակ վառ թատերային կերպարը Գուրգեն Անտոնյանի Ջրաղացպանն էր, որ համապատասխան իմպուլսներ գրեթե չէր ստանում խաղընկերների ներկայացրած հերոսներից: Ուշագրավ էր Թումանյանի «Անուշը»-ը Դավիթ Հակոբյանի բեմադրական մտահղացմամբ, հիմնականում ճիշտ էին ընտրված գլխավոր դերակատարները (հատկապես` Անուշինը): Բայց ներկայացումը կատարելագործվելու, դրվագայնությունը, ճակատային մտածողությունը հաղթահարելու, բեմական խոսքը, ընդհանուր խաղաոճի աններդաշնակությունը խիստ կարիք ունեն հստակեցվելու: Համոզված եմ, որ նկատառումներս միանգամայն հնարավոր է իրագործել, քանզի բեմադրիչը պրպտուն միտք ունի և ինքնահղկման ձգտում: Որպես թատերական գործի կազմակերպիչ ի՞նչ հաջողություններ կարձանագրի Դավիթ Հակոբյանը, ցույց կտա ժամանակը: Առայժմ նա ակտիվորեն զբաղվում է վերականգնողական աշխատանքով` ջանալով բարեկարգել իրեն վստահված թատրոնի շենքն ու ստեղծագործական համերաշխ առօրյան: Ե՞րբ կհամապատասխանի թատրոնի գործունեությունը համառորեն պահպանվող անվանը, առայժմ ոչ ոք չգիտի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ