Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Սիրում եմ հաղթահարելով ապրել»


ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խիստ, անզիջում, պրագմատիկ կերպարը թվացյալ է, առերևույթ: Իրականում նա զգայուն է, նրբանկատ, զգացմունքային: Մարդ, ով ամբողջ կյանքում ձգտել է ճիշտ ապրել և պատասխանատու է իր կենսագրության յուրաքանչյուր դրվագի համար: Գեներալը անկեղծ ու անկաշկանդ զրուցակից է` զերծ զգուշավորությունից, դիվանագիտությունից: Նրա գնահատականները սուր են, հասցեագրված: Գեներալի հետ առնչվելիս հասկանում ես, որ գործ ունես բարեկիրթ, համակողմանի զարգացած և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատականության հետ: Ռազմական ոստիկանության վարչության պետի խոսքը պատկերավոր է, բանաձևումներով, արտահայտիչ: Նրա կերպարի ամենաբնորոշ գիծը սեփական արժանապատ վության գիտակցությունն է և ինքնահարգանքն ու հարգանքը դիմացինի հանդեպ: - Ձեր մասին մեծ սիրով ու ջերմությամբ էր խոսում երջանկահիշատակ Կարպ Խաչվանքյանը, հիմա սիրով են արտահայտվում Սվետլանա Գրիգորյանը, այլ մտավորականեր: - Ես մինչև հիմա էլ մտերիմ եմ այն դերասանների հետ, որոնց կողքին էի 13-15 տարեկանում, որոնց հետ շփումը կրթել է ինձ, արթնացրել է գեղեցիկ զգացմունքներ: Աշխատանքը չի խանգարել, որ դպրոցում ունենամ բարձր առաջադիմություն: Հաճախ ինձ չէին պատժում, ներում էին` հաշվի առնելով առաջադիմությունս ու կազմակերպ չական ջիղս: Մանկուց երազել եմ քննիչ դառնալ: Կարդում էի դետեկտիվ գրականություն, ընթերցում էի ամեն ինչ` սկսած Վիկտոր Բալայանի գործերից մինչև արտասահմանյան դասականները: Միջնակարգից հետո ընդունվեցի Վոլգոգրադի միջազգային քննչական բարձրագույն դպրոց: Բուհն ավարտեցի կարմիր դիպլոմով: - Ձեր համակուրսեցիները պատմում են, որ Դուք ուսանող ժամանակ ընկերություն եք արել ոչ միայն դասախոսների, այլև մարզի իշխանավորների, առաջին դեմքերի հետ: Ինչպե՞ս էր դա հաջողվում: - Ջանքեր չէի թափում, ինքնաբերաբար էր ստացվում: Ես միշտ էլ լիդեր եմ եղել: Ինքս եմ նախաձեռնել, որոշումներ կայացրել, ուղղորդել: Ես օգնում էի Վոլգոգրադի հայ ուսանողներին, ընկերներիս, հարցեր էի լուծում վերևներում: - Ձեզ մարդկանց օգնե՞լն էր դուր գալիս, թե՞ մյուսներից տարբերվելու, կարևոր, կարող, եզակի լինելու իրողությունը: - Անկեղծ ասած` երկուսն էլ: Չնայած պատանեկան տարիքին` ես հասուն էի, լուրջ, հուսալի, սկզբունքային: 20 տարին ահռելի ժամանակ է, երբ ապրում ես դրա յուրաքանչյուր օրը, իսկ եթե վատնում ես ժամանակդ, 30-40 տարին էլ կարող է չհերիքել` տղամարդ դառնալու համար: Իմ դասախոսներից մեկը` քրեական իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Բելյանը մի անգամ ասաց ինձ. «Քո բնավորության ամենավառ գիծը արդարության սուր զգացումն է: Դրանից են գալիս քո բոլոր պրոբլեմները, բայց դրանից երբեք ձերբազատվել չես կարող»: - Ձեր աշխատանքային կենսագրությունը, մեղմ ասած, օրինաչափ չի եղել, քննիչ, ներքին գործերի նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական, ոստիկանապետ, փոխնախարար… և այս առաջխաղացումը տեղի է ունեցել ամիսների ընթացքում: Ի՞նչ կպատմեք այդ տարիների մասին: - Ինձ համար այդ ժամանակահատվածը մեծ երազանքների, վեհ նպատակների, կարևոր գործ անելու ահռելի ցանկության ու… դաժան հիասթափությունների շրջան էր: Քրեական տարրերը գլուխ էին բարձրացրել երկրում, իսկ ոստիկանները այնքան էին վարկաբեկված, որ վախենում էին անգամ համազգեստ կրել: Այդ ժամանակ ես երազում էի արդար, ուժեղ ու ինտելեկտուալ ոստիկանության մասին: Ես ցանկանում էի կոտրել այն կարծրատիպը, թե ոստիկան են դառնում ծախողները և թալանչիները: Ցանկանում էի, որ ի դեմս ոստիկանի ժողովուրդը տեսնի իր պաշտպանին, ոչ թե պատժողին: Հեղափոխական ոգին հարազատ է իմ էությանը, իմ նպատակները միշտ էլ համարձակ են եղել: - Աներաշխիք համարձակ: - Համաձայն չեմ: Ես ստիպված էի դիմակայել տարբեր ուժերի, պայքարել մի քանի ճակատով` քրեական աշխարհի դեմ, ոստիկանության ներսում խմորվող խարդախության, տկարամտության, անօրինության դեմ: Եվ, որ ամենացավալին է` նաև նրանց դեմ, ովքեր իմ թիմից էին, իմ համախոհներն էի, բայց մնացին կեսճանապարհին` հեռացան կամ դավաճանեցին: - Այսօր, տարիների հեռվից ինչպե՞ս եք գնահատում Ձեր ավանդը` ներքին գործերի համակարգում: - Իմ աչքի առաջ լղոզվեցին, նսեմացան այն արժեքները, որոնք նվիրական էին, որոնց համար պատրաստ էի ցանկացած զոհողության: Այնուամենայնիվ, ես կարողացա ստեղծել իմ երազած ոստիկանության մինի-մոդելը այն տարածքներում, որտեղ ոստիկանապետ էի: Օրինակ` Սևանում: Իմ օրոք Սևանում չբացահայտված հանցագործություն չկար, ոստիկանը օրինավոր էր, ձիգ, ժողովրդին մոտիկ: Ժողովրդի մարդն էր: Ես կարո°ղ էի իրականացնել իմ նպատակները, պարզապես ինձ չհերիքեց ժամանակը: Տարաձայնությունների պատճառով ստիպված էի հեռանալ համակարգից: - ՀՀՇ-ի իշխանության դեմքերը այսօր ասպարեզում չեն: Դուք եզակի բացառություններից եք: - Ես ոստիկան եմ, իմ կուսակցությունը ոստիկանությունն է: Ես ոստիկան եմ, ու իմ գործը օրինականություն հաստատելն է: Չեմ շողոքորթելու, չեմ հաճոյանալու, չեմ խաբելու, չեմ թալանելու: Առաջնորդվելու եմ ոչ թե ճշտով, այլ ճշմարտությամբ: - Ո՞րն է տարբերությունը: - Ճիշտը սուբյեկտիվ է, ճշմարտությունը` օբյեկտիվ: Ճշմարտությունը մեկն է: Ես աշխատել ու աշխատելու եմ ոչ թե ի շահս, այլ հանուն: Ինչ-որ ժամանակ մարդկանց թվաց, թե ես պարտվեցի, նահանջեցի, բայց ժամանակը ցույց տվեց, թե ով էր ավելի ուժեղ, ում արժեքներն էին ավելի կենսունակ ու անխոցելի: - Ձեր բառապաշարի ամենագործածական բառը ուժեղն է. ինչո՞վ է մարդն ուժեղ: - Մարդն ուժեղ է իր կենսագրությամբ, վարքով, գաղափարներով, ինտելեկտով, և որ ամենակարևորն է` հավատքով: Մի ժամանակ ես ուժեղ էի, հիմա զորավոր եմ, որովհետև գիտեմ ուժի ակունքը: - Վերջին տարիներին Դուք խոնարհված եկեղեցիներ եք բարձրացնում: Եվ, ի տարբերություն շատերի, այդ անում եք անաղմուկ, առանց ցուցադրության: - Տերն ասում է` ձախ ձեռքը չպետք է իմանա, թե աջն ինչ է անում: - Ի՞նչ ձեռքբերումներ ունի Ռազմական ոստիկանությունը վերջին շրջանում: - Բանակում հանցագործությունների նվազման կայուն միտումը շարունակվում է: Նվազում են նաև հանցագործությունները թաքցնելու դեպքերը, ամրապնդվում է պատժի անխուսափելիության գաղափարը, ներքին փոխհարաբերությունները հետզհետե դառնում են ավելի օրինական: Օպերատիվ իրավիճակը զորքերում կայուն է և վերահսկելի: Մեր աշխատանքը առանձնահատուկ է, քանի որ ոչ միայն անընդհատ է ու շարունակական, այլև խնդիր ունի արագ արձագանքել ամենատարբեր իրավիճակներին, գտնել և° ռազմավարական-հեռահար, և° իրավիճակային-հապճեպ լուծումներ: Բանակում էականորեն նվազել են ծանր, անձի դեմ ուղղված հանցագործությունները, և դրանցից քչերը ունեն նախապատմություն: Այսինքն` բախումները, հակասութ յունը, ոչ կանոնադրային փոխհարաբերությունները արժանանում են համապատասխան հակազդեցություն, և ծանր հետևանքները կախվում են: Ռազմական ոստիկանությունը նույնպես ինքնամաքրման դժվարին ճանապարհ է անցել` փորձելով վերացնել կամ գոնե նվազագույնի հասցնել իրավապահ կառույցին անհարիր բարքերը, անօրինականությունն ու բռնությունը: Մենք եղել ենք հետողական, ուժեղացրել ենք հսկողական մեխանիզմները, մեծացրել ենք օբյեկտիվ տեղեկութ յուն ստանալու հնարավորությունը, անզիջում ենք եղել այն աշխատակիցների հանդեպ, ովքեր իրենց վարքով ստվեր են գցել մեր գործունեության վրա, արատավորել են ռազմական ոստիկանի անունն ու պատիվը: - Որո՞նք են բանակի ամենախոցելի կողմերը` օրինապահության տեսանկյունից: -Հովանավորչությունը, թայֆաբազությունը, ընկեր-քավոր-սանիկ փոխհարաբերությունները ծառայության մեջ` բոլոր բացասական հետևանքներով: - Պարոն Գեներալ, ցանկանում եմ մեր զրույցը եզրափակել անձնական բնույթի հարցով. ինչո՞վ եք զբաղվում ծառայությունից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք: - Սիրում եմ արվեստ, մշակութային միջոցառումներ և էքստրեմալ սպորտ: Ընդանրապես, սիրում եմ հաղթահարելով ապրել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ