Ավտոբուսներին սպասելիս


Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուները խոստանում են մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը որոշակի լուծումների բերել: Բայց ոչ բնավ լուծել, քանզի այն վիճակը, որպիսին այսօր մայրաքաղաքի տրանսպորտինն է, լուծելի լինելուց դեռևս հեռու է: Ավտոբուսների ներկրման գործընթացը բավական ժամանակ է` սկսվել է, բավական շատ են եղել տրանսպորտի բարելավման վերաբերյալ խոստումները` կապված այս ներկրումների հետ, սակայն… Եթե ուղևորը (մանավանդ միջնականգառներից օգտվող ուղևորը և մանավանդ որոշակի ժամերի) դեռ շարունակում է երթևեկել երկտակված, այն էլ մի քանի փոխադրամիջոց բաց թողնելուց հետո մի կերպ խցկվելով ներս և անարժանապատիվ վիճակներում տեղ հասնել: «Երևանտրանս» ՓԲԸ-ն տեղեկացնում է մայրաքաղաք ավտոբուսների նոր խմբաքանակի ներկրման մասին: Դրանք կհամալրեն արդեն գործող երթուղինե՞րը, թե՞ կշահագործվեն նոր երթուղիներում: Կարեն Եդիգարյանի խոսքով` հաստատապես վերջինը: Մի խոսքով, Երևան քաղաքում ընթացքի մեջ է ավտոբուսիզացման գործընթացը, և կարելի է ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասել նոր երթուղիների բացմանը: Արժանապատիվ երթևեկելը, մանավանդ շուրջ մեկ տարվա տրանսպորտային չարչարանքներից հետո, արժանապատիվ բան է: Միայն թե չլինի այնպես, որ ավտոբուսները երթուղի դուրս բերվեն, իսկ ուղևորի տեղաշարժման հնարավորությունների մեջ էական տեղաշարժ չլինի: Իսկ նոր ավտոբուսներին սպասելիս վիճակն, ըստ ամենայնի, ավելի է բարդացել: Որոշ միկրոավտոբուսային երթուղիներում շարժակազմի սակավության պատճառով ուղևորները ստիպված են մինչև 20-25 րոպե սպասել հերթական փոխադրամիջոցի հայտնվելուն: Իսկ ինչո՞ւ, այսպես ասած, գծատերերը չեն համալրում սակավամեքենա երթուղիները: Պարզվում է` նոր միկրոավտոբուսներ գիծ մտցնելը (ինչը, հասկանալի է, որոշակի ֆինանսական ներդրում է նշանակում) ձեռնտու չէ գծատիրոջը: Կ. Եդիգարյանը նույնպես դա անիմաստ է համարում: Պարզապես մի 15-20 օր դիմանալ է պետք, մինչև ավտոբուսները կհասնեն Հայաստան, և միկրոավտոբուսային երթուղիների նվազ հագեցվածությունն այլևս ուղևորների տեղաշարժման համար խնդիր չի լինի:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ