Վազգեն Մանուկյանի չորս ու կեսը


Դիրքորոշում ունենալն ընդհանրապես լավ բան է: Եթե կա ընտրության հնարավորություն, բնականաբար, առաջարկվող տեսականու հանդեպ հնարավորինս հստակ ու կայուն վերաբերմունք է պետք ունենալ: Թերևս կողմնորոշվելու կարևորությունը մեծանում է, երբ հարցը քաղաքական ընտրության է վերաբերում, իսկ դիրքորոշման ակնկալիքն էլ հայրենի կուսակցություններից է: Վերջիններս սիրում են պարբերաբար քննարկել քաղաքացիական դիրքորոշման թեման` ամեն առիթով ընտրողներիս հորդորելով` ասվածից բխող մեր պարտականությունները սրբորեն կատարել, ընձեռվող իրավունքներից էլ օգտվել: Եվ մինչ ընտրելու մեր հերթը կհասնի, դեռ Նախագահի քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ կուսակցությունները այս կամ այն թեկնածուին սատարելու հայտարարություններ են տարածում: Անկասկած, սրանում նույնպես վատ բան չկա: Ավելին, ընտրազանգվածին ուղղորդելուց առաջ հայրենի քաղգործիչները նախ սեփական նախասիրությունների մասին են բարձրաձայնում: Դիցուք, Վ. Մանուկյանին հաջողվել է իր շուրջը համախմբել մի քանի նախկին դաշնակիցների և որոշ գումար ստանալ Արա Աբրահամյանից… Տեսանելի է, որ մինչև փետրվարի 19-ը վերջինս էլ իր բաժին ընտրապայքարը կծավալի, սակայն այստեղ կարևորն այդ չէ: Նշված քաղաքական ուժերը, վերջին օրերին, շարունակաբար օգտվելով քարոզարշավի ամենաանվճար տարբերակից` ասուլիսներ հրավիրելուց, ընտրազանգվածին հիշեցնում են թվով հինգ կուսակցությունների` Վ. Մանուկյանին սատարող հայտարարությունների մասին: Այն, որ հնգյակում ընդգրկվածները միշտ են սատարել նշված թեկնածուին, փաստ է: Սակայն այստեղ էլ կարևորը ոչ թե Արշակ Սադոյանի կամ Շավարշ Քոչարյանի սկզբունքայնությունն է, այլ այն, որ նրանք դեռ մի քանի տարի առաջ նույնպես երդվյալ ԱԺՄ-ականներ էին: Ներկայում նրանք ընդամենը իրենց երբեմնի առաջնորդի շուրջն են վերախրամատավորվում, կամ, այլ կերպ ասած, վերսկսել են նախկին «կուռքին» երկրպագել: Ինչ վերաբերում է ՍԻՄ-ին, ապա այս միավորը նույնպես ԱԺՄ-ի հետ լրջորեն համագործակցելու առիթներ ունեցել է: Այլ հարց է, որ Հրանտ Խաչատրյանի դիրքորոշման հետ ոչ մի կերպ չի ցանկանում ՍԻՄ-ի բաբուխանյանական թևը հաշտվել: Ավելին, Նախագահի ընտրությունները ակնհայտորեն առիթ են դարձել` կողմերի միջև առկա հակասություններին նոր թափ հաղորդելու: Ինչ խոսք, Նախագահի ընտրությունները կարող էին նաև հակառակ գործընթացի` ՍԻՄ-ի վերամիավորման հարմար առիթ դառնալ: ՍԻՄ-ականները, մասնատված Կոմկուսի անհուսալի կացությունն աչքի առաջ ունենալով, կարող էին օգտաշահ հետևություններ անել… Սակայն այնպես ստացվեց, որ Վազգեն Մանուկյանին առայժմ սատարում են ոչ թե հինգ, այլ չորս ու կես կուսակցություն: Այն էլ մի կարևոր վերապահությամբ` նրա նախկին կուսակիցներին առանձին միավորներ համարելու դեպքում: Դժվար չէ ենթադրել, որ նման շիլաշփոթից հասարակությունը հազիվ թե կարողանա գլուխ հանել: Առավել ևս` Վ. Մանուկյանի համար շահեկան հետևություններ կատարել: