ՄՈՒՏՔ… ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀ


Ազգային թատերգությունն իրապես ինքնատիպ ու հետաքրքիր կերպարանափոխումների ծիրում է հայտնվել` իր միջոցով արտացոլելով նորահաստատումների այն ընթացքը, որն իր ներկայությունն է ամրապնդել համաշխարհային դրամայում: Առկա է ձևի ու բովանդակության, ֆաբուլայի ու դիպաշարի, արտահայտչական համակարգերի և դրամատիկական կոմպոզիցիայի կառուցումների, կերպարաստեղծումների և այդ կերպարների շրջագծերում իրապաշտականի տրոհումների և ավերումների, աբստրահարման ու սյուռեալիստական ընդգծումների ձևավորման գործընթաց: Ու դա արդեն իսկ վկայությունն է, որ ազգային թատերգությունը` յուրովի հենվելով ազգային բանաստեղծական-դրամատիկական կուտակումների վրա, հասնում է նոր ու ուշագրավ գեղարվեստական հայտնությունների և փորձարարական միտումների գոյավորման` շարժման ու նորացման փիլիսոփայությունը հռչակելով գերակա: Ասվածի լավագույն արտահայտություններից մեկն է Սևակ Արծրունու «Մահալեռան խորշերը» դրամատիկական երկը, որում մեկտեղվել-միաձուլվել են ավանդույթն ու նորարարությունը: Ավանդույթը, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ուրույն գեղարվեստական կաղապար, ամփոփված է ստեղծագործության բանաստեղծական կառույցի մեջ` այսպես այս ստեղծագործությունը «ժառանգական շարունակությունը» հռչակելով Էսքիլոսի, Սոփոկլեսի և այլոց գոյավորած սկզբունքների: Այսինքն` երբ դրաման դիտարկվում էր որպես բանաստեղծական արվեստի մի դրսևորում` չափածո խոսքի ներքին երաժշտականության և պատկերային կուտակումների միջոցով ձևավորելով թատերային տարրը: Սևակ Արծրունին հետևել է դրամայի այս ձևին ու սկզբունքներին, դիմել պոեմ-դրամայի եղանակին` հենց բանաստեղծական-չափածո խոսքի միջոցով ներկայաց նելով պատումը: Այդ պատումի շարժիչ ուժեր հանդիսացող հերոսները որքան նյութական, նույնքան էլ պայմանական-աբստրահարված են` հայտնված վերժամանակային տիրույթում: Միայն չափածոյի կիրառումն է Սևակ Արծրունու «Մահալեռան խորշերը» դրամատիկական պոեմն աղերսում դրամայի ավանդական ընկալումին: Մինչդեռ ողջ ստեղծագործությունը հաստատում է համարձակ նորարարությունը: Ավելին. թատերագիրը ձևավորում է պայմանական-թափանցիկ տարածք, ամեն ինչ ենթարկում «միջավայրի» տրամաբանությանը` այսպես մղվելով դեպի «աբսուրդի դրամայի» մի նոր շրջագիծ: Դրամատիկական երկի առանցքում Արտավազդի մասին հյուսված առասպելի անդրադարձն է, հավերժական շղթայվածի ներկայությունը: Շատ վաղուց իրական-առասպելական այս կերպարը մեր գրականության մեջ վերածվել է ինքնահատուկ արքետիպի, առիթ տվել Հովհաննես Հովհաննիսյանին և Լևոն Շանթին` յուրովի անդրադառնալու Մարդ-առասպելին: Մարդ, ով վերածվեց չարի խորհրդանիշի, սանդարամետյան մի ոգու, ով պահված Հավերժական լեռան այրերում և գամված շղթաներով` հեծեծում է ու տառապում, չարացած մռնչում` այսպես պարզելով ատելությունն ու ցասումը: Ի հակադրություն Արտավազդի` Սևակ Արծրունին դրամատիկական պատումի մեջ ձևավորում է Կնոջ կերպարը: Ողջ ստեղծագործությունը նա դիտարկում է որպես երկու ուժերի բախման գործողություն, ուր կոնֆլիկտը հասունանում է փիլիսոփայա կան-իմացական սևեռումներով և ընդգծումներով: Ոչ թե անձնային դիտումներն ու խնդիրներն են այստեղ ձևավորում հակադրությունները, այլ մշտնջենական-հավերժական պատկերացումները, որոնք քննարկում են Մարդու և Աշխարհի փոխմերձեցման և օտարացման հավերժական հիմնահարցերը: - Դուն մարդկութեան Անմարդկային տեսութիւնն ես,- ասում է Կինն Արտավազդին` այսպես ընդգծելով-կարևորելով այն բևեռը, որի դեմ ելնում է ինքը: Սևակ Արծրունու «Մահալեռան խորշերը» դրամատիկական երկը բազմաթիվ ներքնաշերտերի, փիլիսոփայական ընդգծումների մի ամբողջություն է, որը շատ ավելի հուշում է պայմանական-խորհրդանիշային լուծումներ` գոյավորելով ազգային դրամայի զարգացման նոր շրջափուլը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ