Բարության ուժի մասին...


Վաղը աշխարհը նշում է Բարության միջազգային օրը Համաձայն միջազգային համապատասխան կառույցների որոշման, արդեն 5 տարի է` փետրվարի 17¬ն աշխարհում նշվում է որպես Բարության միջազգային օր: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻ` Բարության միջազգային օր ունենալը վատ չի, սակայն ի˜նչ հրաշալի կլիներ, եթե մարդիկ տարվա 365¬366 օրն էլ հոգիներում բարության օրեր հռչակեին... - Հաճախ մարդիկ դժվարանում են բարի գտնվել. ի՞նչն է խնդիրը: - Բարի լինելը դժվար չէ. ուղղակի բարության ուժը գիտակցել ու բարի լինելու մղում պետք է ունենալ: Ցավոք, կան մարդիկ, ովքեր մտածում են, թե բարությունը թուլություն է: Այդպես մտածողները գնալով չարին են մոտենում: Սակայն, եթե մարդն ունի այն գիտակցությունն ու հասկացողությունը, որ բնավ թուլություն չէ բարի լինելը, ուրեմն նա իրական զորավոր է: - Ասում են` բացի մեծ հոգուց` մարդուն բարության են «դրդում» «թույլ» նյարդերը… - Մարդը լինում է բարի կամ չի լինում: Ամենակարևորը` բարությունը չի կարող անշահախնդիր չլինել: Այն ներքին որակ է, սակայն, անշուշտ, տեսանելի պետք է լինի և արտաքուստ: Բայց կա նաև` բարեգործություն, ինչը երբեմն ներքին որակից չի բխում. այն կարող է և ձևական` փառասիրության ու փառամոլության դրսևորում լինել: Հետևաբար` ամեն բարեգործության հիմքում բարություն չես կարող տեսնել. լինում է, որ դրանք իրար հետ չեն համընկնում: - Ներկայիս հասարակությունը դեպի բարի՞ն է հակված, թե՞ չարը: - Մարդը միշտ էլ հակված է եղել դեպի չարիքը: Միշտ` ի սկզբանե: Մարդն ազատ կամք ունի, և քանի որ միշտ կա նրան դեպի չարը դրդող, նա էլ այդ ուղիով է առաջ գնում: Այդ իմաստով մարդկությունը չի փոխվում, այն նույնն է բոլոր ժամանակներում: Սակայն Աստվածաշունչն ասում է` եթե նույնիսկ 10 առաքինի, բարի մարդիկ կան` նրանց վրա է պահվում աշխարհը: Եվ միշտ կան բարի մարդիկ… - Որպես «բարու ճանապարհի» խոչընդոտներ, գայթակղությունները մեր ժամանակներում ավելացե՞լ են: - Գայթակղությունները միշտ կան, ուղղակի դրանց տեսակներն են փոխվում: 1000 տարի առաջ էլ են եղել, 1000 տարի հետո էլ կլինեն: Ուղղակի կյանքի ռիթմն է արագացել և տեխնոլոգիաներն են զարգացել: Գայթակղությունը հայտնի դարձավ «Եդեմականից» ու հավիտյան լինելու է: - Երբ բարությունը ննջում է, ինչպե՞ս կարելի է արթնացնել: - Այդ գործում մայրերն ու հայրերը շատ մեծ դեր պետք է ունենան, որովհետև նրանք են բարություն սերմանողներն ու դաստիարակողները: Սակայն մեր հասարակությունը փոքր¬ինչ աղավաղված է. բարությունը սերմանվում է ընտանիքում, և զավակն էլ մեծանում է այն գիտակցությամբ, որ պետք է բարի լինի մերձավորի նկատմամբ միայն: Դիցուք, զավակները հաճախ տեսնում են, որ մայրերն իրենց նկատմամբ բարի են, բայց հարևանի երեխաների նկատմամբ` ոչ: Այդպիսով նրանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, որ բարությունն ընտրողական է: Մինչդեռ այն ընտրողական լինել չի կարող: Այն լինում է բոլորի նկատմամբ, ու թերևս` առավելապես մեղավորների հանդեպ… - Բարությունն առանց ուժի խորտակվո՞ւմ է: - Այն միանշանակ պետք է լինի ուժեղ: Խոսքս ֆիզիկական ուժի կամ բռնության մասին չէ, այլ ներքին ուժականության: Այն կարող է նահանջել միայն մարդկային մտածելակերպի առաջ, բայց իրականության մեջ` ոչ: Բարությունը միշտ շարունակվում է: Կարծում եք` միայն հեքիաթներո՞ւմ է, որ բարին հաղթանակում է… Բարությունն հաղթանակում է այնժամ, երբ իրեն «հարմար» է, երբ անշահախնդիր է: - Հոգևոր առումով` հասարակության այսօրվա «առաջընթացի տեմպերը» ինչի՞ կարող են հանգեցնել: - Ամեն հոգևոր ճգնաժամի հետևում է հոգևոր արթնություն. մարդկությունը միշտ էլ ունեցել է հոգևոր ճգնաժամեր: Սակայն Աստված թույլ չի տվել ու թույլ չի տալու, որ դրանք հավիտենական, կամ անթույլատրելի չափով տևական լինեն: Մարդկության ավարտը Տիրոջ ձեռքերում է, իսկ նա սիրում է մարդկանց…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ