ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳԻՐ


«Արաբո» ջոկատի ամենակրտսեր ու կրակոտ հայորդին` 18-ամյա Հրաչյա ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի Լենինավան գյուղի ուղղությամբ մեկնած անհետ կորած քաջերից մեկն է: Ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 14-ին Երևանում: Դեռ մանկուց բազում պատմություններ է լսել տարագիր հայի կյանքից, տեսել հարազատների տառապանքը: Մայրը` Շամիրամ Մովսիսյանը, սրտի թրթիռով իր զավակներին հեքիաթի փոխարեն պատմական գրքեր է կարդացել` ասես փորձելով հոգու խորքում կսկիծը մեղմել: Պապերը գաղթել էին Արևմտյան Հայաստանից, գաղթի ճանապարհին կորցրել հարազատներին, բայց տարիներ անց` գտել միմյանց: Եթե ընտանիքում մշտապես խոսվել է հայ ժողովրդի դառը կյանքից, հարազատների կրած տառապանքից, անկասկած, նրանց զավակները չէին կարող անտարբեր լինել, երբ հայը կրկին նենգ թշնամու անսանձ վայրագությունների զոհն էր դարձել: - Երկու զավակներս էլ դեռ մանկուց տարբեր են եղել: Ավագ որդիս` Լևոնը, մեղմ բնավորություն ուներ, Հրաչյան կրակոտ էր, հետաքրքրասեր: Երկուսն էլ որոշել էին մեկնել ՌԴ` Ռազմական ակադեմիա ընդունվելու: Հրաչյան նաև երաժշտություն էր սիրում: Երաժշտական դպրոց հաճախելու տարիներին ընկերներին հավաքում էր մեր տանը և իր ասելով` նվագել սովորեցնում: Նա լավ երաժիշտ կդառնար… 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ մեկնեցի Գյումրի: Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած հարազատներիս մի մասը, ցավոք, հանգրվանել էր Գյումրիում: 15-ամյա Հրաչյաս ինձ հետ եկավ: Տեղ հասնելուց ժամեր անց նա Երևան վերադարձավ: Երբ հետո հարցրի` ի՞նչ պատահեց, ասաց. «Մամ ջան, չէի կարողանում նայել տառապող մարդկանց, ավերակների կույտերին…»: Որդիս փխրուն սիրտ ուներ, ոչ մեկի չէր վշտացնի, բայց հետո ինչերի միջով ասես, որ չանցավ… -1989 թվականից մամայից գաղտնի Սամվել Հարությունյանի հետ մասնակցեց սահմանամերձ վայրերի մարտական գործողություններին: Երբ կազմավորվեց «Արաբոն», ընդգրկվեց դրա կազմում. ջոկատ մտնելու համար պետք էր զենք ունենալ: Բարեկամներից մի կերպ զենք ձեռք բերեց և մտավ ջոկատ: Նա ամենակրտսերն էր, բայց խիզախ էր,- հիշում է Լևոնը:- Ամիսներ անց ես էլ մտա ջոկատ: Երբ մաման հարցնում էր, թե ուր էիք առավոտից իրիկուն, ասում էինք` տղերքով էինք… Գնալով մարտերն ավելի թեժացան, մենք էլ սկսեցինք երկար ժամանակով բացակայել տնից. Նոյեմբերյանում էինք: -Երբ զենքերով տուն եկան, զարմացա, հետո խիստ բարկացա, որ երկուսն էլ նույն դժվար ճանապարհն են ընտրել: Ախր մի տնից երկու հոգի՞… Երբ ասացի` գոնե մեկդ տանը մնար, Հրաչյաս չդիմացավ, ասաց. «Բա ո՞վ գնա, ու՞մ վրա հույս դնենք»: Ավագ որդին Նոյեմբերյանում մարտական գործողություններից մեկի ժամանակ գլխից վիրավորվեց: Տեղափոխեցին հիվանդանոց: Վերքը խորն էր, մի քանի օր ապաքինվելուց հետո երեկոները գաղտնի դուրս գալով հիվանդանոցից` ընկերոջ հետ մեկնեց մարտի դաշտ: Թեժ մարտերից մեկի ժամանակ կրկին վիրավորվեց` դառնալով հաշմանդամ: Իսկ եղբոր` Հրաչյայի կրակոտ մարտերն անավարտ մնացին: Հրաչյան ապրեց հայրենիքի նկատմամբ ունեցած բացառիկ սիրով: Մասնակցեց Գորիսի, Նոյեմբերյանի, Իջևանի, Վարդենիսի, Արցախի մի շարք վայրերի մարտական գործողություններին: Որդու ընկերները մշտապես այցելում են իրենց, և ամեն անգամ նրանց խոսք ու զրույցի Հերոսը կրակոտ Հրաչյան է: Այդ օրն էլ բացառություն չէր. հավաքվել էին հարազատ մարդիկ ու անվերջ պատմում էին Հրաչյա Մովսիսյանի քաջագործություններից, ընկերասիրությունից: Իսկ մայրական սիրտը բազում վիշտ էր ամբարել. արցունք ները վշտի ծովից կաթիլ-կաթիլ թափվում էին` Հրաչյայի անունը լսելիս: -Վերջին անգամ Հրաչյային տեսա 92 թ. հունիսի 20-ին,- ցավով հիշում է Լևոնը,- մորեղբայրս Ռուսաստանից էր եկել, միասին զրուցեցինք, ուրախացանք… Ոչ մի անգամ այդքան չէի ցանկացել, որ Հրաչյան մնա: Սիրած աղջիկ ուներ, փորձում էինք համոզել, որ ամուսնանա, գոնե խենթություններից ետ կկանգնի, բայց ինքն ավելի հեշտ մեզ համոզեց` ասելով. «Վերջին անգամ եմ գնում, կգամ ու կամուսնանամ…»: Այդպես էլ մեր խենթին էլ չտեսանք… 1992 թվականի հունիսի 29-ի վաղ առավոտյան 7 տասնյակ հայորդիների ճակատագիրն անհայտ մնաց… Լենինավանի ուղղությամբ մեկնած քաջերի հետ էր նաև 18-ամյա կրակոտ Հրաչյան… Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, ուր սովորել է Հրաչյան, իր անունը կրող դասասենյակ կա: Դպրոցի սաները մշտապես հիշում են Հայոց քաջերին: Շենքի բակում, որտեղ անցել է Քաջի մանկությունն ու պատանեկությունը, վեր է խոյացել 76 Հայորդիների անունը հավերժացնող խաչքար-հուշարձանը, ուր ամեն անգամ հարազատները գլուխ են խոնարհում ու աղոթում հավերժի ճամփորդների հոգիների համար…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ