ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԻ ԱՐՁԱՆԻԿՆԵՐԸ


Թութանհամոն փարավոնի ժամանակների ութ արձանիկներ են գողացվել Կահիրեի Եգիպտական թանգարանից հակակառավարական ցույցերի ժամանակ: Ինչպես հաղորդել է Եգիպտոսի հնությունների հարցերով պետնախարար Զահի Հավասը, գողության փաստը հայտնի է դարձել, երբ սկսվել են գույքահաշվառման գործընթացները: Գողացվածների մեջ են նաև Թութանհամոնի փայտյա երկու ոսկեզօծ արձանիկներ: Թանգարանից անհետացել են նաև Նեֆերտիտիի արձանիկը, այլ թանկարժեք ցուցանմուշներ, մոտ 18 արտեֆակտներ: Այժմ բանակն ու ոստիկանությունն ընդգրկված են որոնողական աշխատանքներում: Իսկ նույն ժամանակ` ազգային թանգարանի դռների մոտ կանգնած են տանկեր, որոնք շրջափակել են թանգարանն ու արգելել ելումուտը: Թանգարանում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, որովհետև ժողովրդական հուզումների ժամանակ այն խիստ տուժել է: Տանկեր են կանգնած նաև Եգիպտոսի զբոսաշրջային Մեքքա հանդիսացող բուրգերի հովտում. բուրգերն էլ որոշակի վնասներ են կրել, ուստի կամավորների ուժերով այնտեղ ևս ընթանում են վերականգնողական աշխատանքներ: