ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ այն է` հուսահատությունից, ոչ այն է` ոգևորությունից բխող հայտարարությունների հերթական տարափն է տարածել: Եվ կասկածից վեր է, որ նրա այս բարբաջանքն էլ ոչ միանշանակ գնահատականների է արժանանալու: Եվ ընդհանրապես, ու հատկապես հենց իր սուլթանության բնակչության ու քաղաքական շրջանակների կողմից: Նա նշել է, թե` - Մենք մեր կողմից փորձում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն միաժամանակ չենք բացառում Ղարաբաղյան խնդրի կարգավորման մյուս բոլոր տարբերակները նույնպես: Իսկապես, անհասկանալի արարած է Հեյդարօղլին, քանի որ նա այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել, թե իր ղեկավարած իշխանությունն ի վերջո խաղա՞ղ, թե՞ ռազմական ճանապարհով է ձգտում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը հասնել: Իսկ ավելի հավանական է, որ Ադրբեջանն այս առումով ոչինչ էլ չի նախատեսում, քանի որ ոչնչի ի վիճակի չէ: Այդ իսկ պատճառով կրտսեր Ալիևին այլ անելիք չի մնացել, քան ժամանակ առ ժամանակ մտքին եկած անորոշ ու իրար հակասող ձևակերպումներով թարմացնել թեման` ներքին լսարանին տարիներով համակած ու խորացող անորոշությունն իբր ցրած լինելու ակնկալիքով: Այլապես Հեյդարօղլին չէր պարծենա, թե Ադրբեջանը վերջապես հզոր բանակ ունի և ցանկացած պահի կարող է ռազմական ճանապարհով այդպես էլ չիրագործվող երազանքն ի կատար ածել… Եթե իսկապես այդպես լիներ, ապա այս երկրի ղեկավարությունը րոպե անգամ չէր հապաղի և վաղուց արդեն փորձեր ձեռնարկած կլիներ իր առաջնորդի ցանկությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Մինչդեռ այստեղ գոհանում են ընդամենը հրադադարը պարբերաբար խախտելով և կարծեք թե իրենք իրենց համար անկանոն կրակելով: Չնայած միգուցե անհասցե կրակոցներից է Հեյդարօղլին այդքան ոգևորվում` ինքն իրեն ներշնչելով ու կարծիք հայտնելով, թե իր բանակն աննկարագրելիորեն հզոր է: