Հա˜ որ...


Ուղեվարձի թանկացման վերաբերյալ մետրոպոլիտենի ղեկավարության «խոստմանն», ըստ ամենայնի, առաջիկայում հաջորդելու է գործը: Արդեն հայտնի է, որ մետրովճարն, առաջիկայում կրկնապատկվելով, 100 դրամ է դառնալու: Իսկ գնաճը եթե մինչև հիմա միայն վերգետնյա տարածքներում էր ծավալվում, ապա Երևանի ընդերքն էլ չկարողացավ զերծ մնալ այս վարակից, և թանկացումն այստեղ արտահայտվեց ուղիղ 100 տոկոսով: Թերևս դժվար է պատկերացնելը, թե ինչ տրամաբանությամբ առարկայացավ մետրոյի ղեկավարության խոստումը, երբ պաշտոնապես հավաստիացվել է, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր ուղևորից մի ամբողջ 100 դրամ գանձելու հեռանկարն այնքան էլ խոստումնալից լինել չի կարող հենց մետրոպոլիտենի համար. ուղեվարձի թանկացումն անխուսափելիորեն փոխադրումների կտրուկ նվազման է հանգեցնելու: Այսինքն, չի բացառվում, որ շատ չանցած, երբ հարյուրական դրամներով կուտակվող հասույթն ի մի բերվի, պարզվի, որ 50 դրամով երթևեկելու ժամանակներում Երևանի մետրոն ավելի շատ եկամուտ է ունեցել, քան առանց լուրջ հիմնավորման գնաճի տարերքին տրվելուց հետո: Ստացվում է, որ մեզանում գնաճը գետինն է մտնում: Ու ոչ թե ամոթից…