ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԳԱԶ, ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԿՈՂՈՊՈՒՏ


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե անգործ մնաց: Գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի սակագների միաժամանակյա բարձրացումը ենթադրում էր, որ առաջիկա ամիսներին հանրային ուշադրությունը կկենտրոնանա հենց այս կառույցի վրա` թանկացումների չափը ճշգրտելու, նոր սակագները հանրային ճնշման ազդեցությամբ մեղմելու և նոր իրավիճակից ելքեր որոնելու առումով: Սակայն տեղի ունեցավ անսպասելին. եթե ծառայությունների գնաճը, ինչպես ամեն տարի, տեղի ունենար ապրիլի 1¬ից, ապա գազ, հոսանք և ջուր մատակարարող ընկերությունների` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված թանկացումների մասին հայտերն արդեն պետք է ճանապարհին լինեին: Իսկ փորձը ցույց է տալիս, որ եթե հայտը ճանապարհին է, ապա մնացածն այլևս տեխնիկայի հարց է դառնում: Սակայն դեպքերն այնքան անսպասելի զարգացան, որ, համենայն դեպս, ջրի և հոսանքի թանկացման հարցում ամենաբարձր ամբիոններից արդեն իսկ երաշխիքներ են հնչել` մինչև տարեվերջ գործող սակագներն անփոփոխ թողնելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, առկախ է միայն գազի թանկացման ճակատագիրը: Հայտնի է միայն, որ այս ապրիլի 1¬ը բացառություն է լինելու` երկնագույն վառելիքի հերթական թանկացումից զերծ մնալու առումով: Կարծիքը, թե թանկարժեք գազը որքան ուշ ենթարկվի գնաճային ճնշմանը, այնքան կշահենք, իհարկե, մոտ է տրամաբանությանը: Բացի այդ, ծառայությունների միաժամանակյա թանկացումն անխուսափելիորեն գարնանից էր հանգեցնելու է´լ ավելի կտրուկ գնաճի, ինչը սոցիալական պայթյունի հավանականությունն էր մեծացնելու: (Տա´ Աստված, որ ոլորտի պատասխանատուները տարեվերջին էլ մտածեն գազակեղեք ժողովրդի մասին): Այս առումով հիմա, թերևս, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ինչպես ասում են, միայն գազի սակագնի հարցերն է պետք լուծել:Գուցե համեմատաբար լավատես կարելի էր լինել, եթե եվրոպական գների անցնելու վերաբերյալ «Գազպրոմի» սպառնալից գնաճային հայտարարություններն այդքան շարունակական բնույթ չկրեին: Այսինքն` փոքր¬ինչ հիմնավոր լինեին հույսերը, թե ինչ¬որ բան էլ մեզնից է կախված (եթե, իհարկե, այս առումով «Հայռուսգազարդը» կարող ենք մերը համարել): Սակայն նման իրավիճակում անգամ կարելի է հուսալ, որ մոսկովյան ճնշման մեղմացման և բարի կամքի առկայության դեպքում երկնագույն վառելիքի թանկանալիք սակագինն այնուամենայնիվ բնակիչ-բաժանորդների և հայրենի արդյունաբերության համար կարող է անփոփոխ մնալ: Գործող գներն էլ, ինչ խոսք, նվեր չեն, բայց գոնե չարյաց փոքրագույնը կդառնան` այս պարագայում: «Հայռուսգազարդը» կարող է իր հյուսիսային գործընկերոջը մի փոքր ավել վճարել (շնորհիվ իր կողմից գանձվող միջնորդավճարի մեղմման)` եթե մի քիչ էլ գերշահույթային իր ախորժակը զսպի: Միջնորդավճար կոչվածը, ինչպես միշտ, բավական բարձր է, և հիմա, թեկուզև ուշացումով, բայց ժամանակն է` հաղթաթուղթ չդարձնել այլընտրանք չունենալը և ձերբազատվել կեղեքիչի համբավից: