Հերթական զանգվածային գերեզմանոցը


 

Աֆղանստանում` Մազուրի- Շարիֆից ոչ հեռու, զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որն ի դեպ առաջինը չէ: Աֆղանական` Մարդու իրավունքների պաշտպանության անկախ հանձնաժողովի տվյալներով` գերեզմանոցը հայտնաբերել են ճանապարհաշինարարները: Նրանք ժողովել են ամբողջ «գտածոն»` մեկ այլ վայր տեղափոխելու նպատակով: Իսկ դրանց քանակը հիմք է տվել ենթադրելու, որ թաղված է եղել նվազագույնը 20 մարդ: Դեպքի առնչությամբ Աֆղանստանի Բալհ շրջան է ժամանել կառավարական հանձնաժողով` նրանց մահվան հանգամանքներն ու ժամանակը հստակեցնելու նպատակով:

1989-ին` Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերումից հետո, այստեղ քաղաքացիական պատերազմ էր մոլեգնել` էթնիկ հողի վրա, որի ընթացքում զոհվել կամ հաշմվել են հարյուր հազարավոր մարդիկ: Իսկ նման զանգվածային թաղումները, որոնք այստեղ բավական հաճախ են հայտնաբերվում հողագործների կամ շինարարների կողմից, հիմնականում անցյալ դարի 90-ականների բախումների արդյունք են:

Հեռուստացույցը` ընտանիքի մահվան պատճառ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշլավար քաղաքում ականապատված հեռուստացույցը ողբերգության պատճառ է դարձել: Նոր գնված հեռուստացույցի մեջ տեղադրված ականի պայթյունից զոհվել են ընտանիքի 7 անդամներ, 3-ը` ծանր վիրավորվել: Կատարված ահաբեկչության հիմնական կասկածյալները քաղաքում շրջող, տարբեր առիթներով ու եղանակներով իշխանություններից իրենց դժգոհությունն արտահայտող զինված թալիբների խմբերն են, սակայն դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: