Բարի գալուստ` «սառցարան»


 

Աշխարհի ամենացուրտ հյուրանոցը` կառուցված բացառապես սառցակտորներից, սառնամանիքի և արտառոցության սիրահարների լավագույն ընտրությունը կդառնա: Նրանք այստեղ սեփական մարմնով կպատկերացնեն, թե ինչպես է իրեն զգում պաղպաղակը` սառցարանում:

Անդորայում, Շվեյցարիայում և Ավստրիայում կառուցված այդ իգլու-հյուրանոցներն արդեն սպասում են արտասովոր հանգիստ որոնողներին: Միայն թե` դիմանալ է պետք. գոնե հյուրերի զգայարանները չսառեն` իրենց այդ համարձակության «վայելքն» ըմբոշխնելու:

Սառցատնակներում նույնիսկ ռեստորաններ, բարեր ու ջակուզի լոգարաններ կան: Իսկ գիշերելու համար ցրտասերներին այնուամենայնիվ, կհատկացվեն հատուկ պարկեր, որպեսզի սառցե մահճակալների վրա գոնե մի քիչ հարմարավետ լինի:

Ստացվում է, որ հանուն մրսելու` այնտեղ իջևանողներն ամեն գիշերի համար կվճարեն 99-299 ամերիկյան դոլար: