ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Երեկ խորհրդարանում սկսվեցին համամասնական-մեծամասնական ընտրակագերի շուրջ առկա բանավեճի թեմայով լսումները:
- Ես բացառում եմ մարտի 1-ի կրկնությունը-ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆԸ
- Վերջին մեկ ամսում բազմիցս է նշվում, որ ընտրակարգերի հարցում քաղաքական ուժերի միջև համաձայնություն է ձևավորվել, և միայն Հանրապետականն է պնդում գործող` խառը ընտրակարգը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչի՞ կարող է հանգեցնել դա:
- Ասեմ, որ Ձեր ասած համաձայնությունը ես չեմ տեսնում: Ես կոնսենսուս տեսնում եմ մի հարցում` բոլորը կողմնակից են խնդրի շուրջ լսումների և քննարկումների: Ընդ որում, բոլոր քաղաքական ուժերը կոնսենսուս ունեն այն առնչությամբ, որ հարցն արդեն ժամանակավրեպ է: Ես բազմիցս ասել եմ` անգամ հարցի քննարկումն է ժամանակավրեպ, բավականին ուշացված:
- Ինչո՞ւ: Ընդդիմությունը կարծես փաստարկներ է բերում, որ ուշ չէ:
- Որովհետև ընտրական գործընթացներն արդեն սկսվել են: Ընտրություններին ընդամենը երկուս ու կես ամիս է մնացել, որից 45 օրը միայն քարոզարշավին է տրամադրվելու: Այսինքն ընտրական գործընթացի թափանիվն արդեն սկսել է պտտվել և այն կանգնեցնելն անհնարին է: Այս քննարկումները որևէ արդյունք տալ չեն կարող: Եվ նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք առաջարկել են լսումներ, քննարկումներ իրականացնել, իրենք էլ դրանում համոզված էին: Սա ընդամենը քաղաքական, նախընտրական շոու է:
- Նպատակը ո՞րն է:
- Որպեսզի տվյալ քաղաքական ուժերի մասին ժողովուրդը լսի: Որովհետև դրանցից շատերի մասին ժողովուրդն ընդհանրապես չգիտի: Կրկնեմ, նպատակը` որպեսզի ժողովուրդն իրենց` իբր ընդդիմադիր քաղաքական ուժի մասին կարծիք կազմի: Փորձում են իրենց համար վարկանիշ ձեռք բերել: Կան քաղաքական ուժեր, որոնք ընդամենը մի մարդ են. հիմա ակտիվ ելույթ են ունենում: Բայց արդեն ասացի` քննարկումների արդյունքում ոչինչ չի լինելու:
- Այս ընթացքում բազմիցս ասվել է, ընդ որում` արդարացի, որ կայացած ժողովրդավարական երկրներում նման խնդիր չի առաջանում:
- Ճիշտ են ասում: Մեզ մոտ էլ նման խնդիր երբևէ չի առաջացել: Ընտրական գործընթացների համար գոյություն ունեցող ձևաչափը` 41 մեծամասնական և 90 համամասնական, 15-20 տարիների քննարկման արդյունք է: Եթե հիշում եք` մեծամասնական տեղերն անընդհատ նվազել են: Հանրապետականը երբեք չի ասել, թե հարցը չի քննարկելու: Կարծում եմ` առաջիկա ևս 20 տարիների ընթացքում այս խնդիրն անընդհատ օրակարգում լինելու է: Եվ որոշ քաղաքական ուժեր այդ հարցը ժամանակ առ ժամանակ փորձելու են շահարկել: Եվ երբեք այն կարծիքին չեմ եղել, թե փոփոխությունն անպայման պետք է մեծամասնականի կրճատման ուղղությամբ լինի: Չեմ բացառում նույնիսկ, որ մեծամասնական տեղերն ավելացվեն: Նայած, թե իրավիճակն ինչ կթելադրի, նայած, թե պետության շահերն ինչ կպահանջեն: Լսումների ընթացքում առաջարկություն է արվում, որ մեծամասնական տեղերը դարձնենք 11. յուրաքանչյուր մարզից մեկական և Երևանից էլ մեկ տեղ: Իսկ ո՞վ է ասում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանը և 100 հազար բնակչությամբ մարզը պետք է մեկական պատգամավոր ընտրեն:
- Բայց շատ է շեշտվում ընտրակաշառքների գործոնը: Ընդ որում, ասվում է, որ հատկապես մեծամասնական համակարգն է ընտրակեղծիքների լայն հնարավորություն ընձեռում:
- Դրանք ընդամենը շահարկումներ են: Ինքներդ լավ գիտեք, որ կաշառքը մասնակցության երկու կողմ ունի. տվող և վերցնող: Ինչո՞ւ է բացառվում, որ համամասնականի դեպքում էլ կլինեն տվող և ստացող կողմեր: Ընդամենը ժողովրդի գիտակցությունը պետք է հասնի այն մակարդակին, որ չի կարելի ընտրակաշառքով ընտրություն իրականացնել:
- Այսինքն, արդյո՞ք չի ստացվում, որ ընտրակաշառք վերցնելով, ընտրողն այն գերադասում է իրեն առաջարկող տվյալ գաղափարախոսությունից: Այստեղ «մեղավորն» այդ առաջարկվող գաղափարի թույլ լինելը չի՞ արդյոք:
- Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պարտությունը փորձում է ինչ-որ ձևով արդարացնել: Հատկապես փոքր քաղաքական ուժերի պատվիրատուները պահաջում են, որ դրանց պարտությունն ինչ-որ ձևով պատճառաբանվի: Եվ ուրեմն, այդ քաղաքական ուժը պետք է պատճառաբանություններ փնտրի, իր պարտության համար ինչ-որ արդարացումներ գտնի:
-Նաև Հանրապեական կուսակցությունն է բազմիցս հայտարարել, որ ապագա խորհրդարանում գործարար պատգամավորներ չեն լինելու: Խորհրդարանը քաղաքական մարմին է և այնտեղ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց տեղ է:
- Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո բոլորը կհամոզվեն, որ Հանրապետական կուսակցության խոսքի և գործի մեջ տարբերություն չկա: Հատկապես Հանրապետական խմբակցությունում մեծանալու է քաղաքականապես ակտիվ պատգամավորների թիվը: Համոզված եմ` որևէ քաղաքական ուժի համար այնքան կարևոր չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ, ժողովրդավարության նորմերին համահունչ անցկացումը, որքան Հանրապետական կուսակցության համար: Փոխված ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերին տալիս է հնարավորություն` և´ մասնակցելու, և´ վերահսկողություն իրականացնելու: Իհարկե, դրան նպաստում է նաև այն քաղաքական կամքը, որ ունի Հանրապետական կուսակցությունը:
- Վերջում կխնդրեի մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցւչ Լևոն Զուրաբյանի ելույթի վերջին արտահայտությունը, երբ նա դիմելով քաղաքական մեծամասնությանը, կոչ արեց ընդունել առաջարկությունները և ժողովրդին չտանել առճակատման:
- Ես կզարմանամ, եթե նման բան տեղի ունենա: Ես բացառում եմ մարտի 1-ի կրկնությունը: