Քադաֆին Ուկրաինայո՞ւմ


Մինչ Լիբիայում փոթորկվում է համաժողովրդական բողոքը, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Ուկրաինայում: «Ազատություն» ռադիոկայանը (վկայակոչելով պատգամավոր, ագրարային քաղաքականության հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Գրիգորի Կալետնիկին) հաղորդել է, որ Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունը բանակցել է լիբիացի առաջնորդի հետ` վերջինիս վարձակալությամբ հողեր տրամադրելու: Այդ բանակցությունների փաստը հաստատել է նաև ԲՅուՏ խմբակցության ղեկավար, Ագրոարդյունաբերության հարցերի գծով նախկին փոխվարչապետ Իվան Կիրիլենկոն. - Գիտեմ, որ երկար տարիներ բանակցություններ էին վարում, որպեսզի ինչ¬որ ձևով` կա´մ որպես համատեղ ձեռնարկություն, կա´մ որևէ այլ կերպ, գյուղատնտեսական մշակություններ աճեցնեն: Բայց խոսակցություններից բացի, ես չեմ տեսել ոչ մի փաստաթուղթ, որը կվկայեր դրանց մասին: Կարծում եմ` եթե լիներ, հայտնի կդառնար: Դա պետք է որ վարձակալության պայմանագիր լիներ. ենթավարձակալությունը մեզ մոտ արգելվում է,¬ ասել է Կիրիլենկոն: Ուկրաինայի նախկին ղեկավարությունը բավական սերտ կապեր է ունեցել Քադաֆիի հետ: Տեղի լրատվամիջոցներով հրապարակումներ են տարածվել, որ էքս նախագահ Վիկտոր Յուշչենկոն 2005 թ. նույնական է համարել «նարնջագույն հեղափոխությունը» և 1969 թ. սեպտեմբերյան հեղափոխությունը, որի արդյունքում Քադաֆին իշխանություն նվաճեց: 2008 թ. Յուշչենկոն այցելել է Տրիպոլի` բանակցելով նավթարդյունահանման և շինարարության ոլորտում համագործակցության մասին: Նույն թվականին էլ Մուամարն է փոխայց կատարել` ընդգծելով Ուկրաինայում և Աֆրիկայում գյուղատնտեսության տնտեսաձևի նմանությունը և Յուշչենկոյին իր վրանը նվիրելով: Վարչապետուհի Տիմոշենկոն ևս մի քանի անգամ հանդիպել է Քադաֆիին, նրան թուր նվիրել և միջկառավարական 4 համաձայնագիր վավերացրել: Այնպես որ` բոլորին սկսել է հետաքրքրել հարցը` Մուամարն Ուկրաինայում հող ունի՞, թե՞ ոչ: Եվ, եթե ունի, ուրեմն մի օր էլ կարող է հայտնվել այնտեղ ու ասել. իմ հողն է. ինչ կուզեմ` կանեմ: Կատակ է գուցե, բայց ամեն կատակ ճշմարտության գոնե մի հատիկ է պարունակում: