ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանի իշխանությունը բավական կասկածելի պայմաններում կարողացել է խուսափել զենք ներկրող հիմնական երկրների շարքում ընդգրկվելուց: Նախօրեին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը հրապարակել է սովորական սպառազինության և ռազմական սարքավորումների հիմնական տեսակների առաքումների մասին զեկույցը, որտեղ զարմանալիորեն բացակայում է հարևան հանրապետության անունը: Մինչդեռ հայտնի է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե մեծ արագությամբ համալրում է իր բանակի զենքի պահեստները: Ամեն տարի այս երկրի պետական բյուջեով հսկայական միջոցներ են հատկացվում ռազմական ծախսերի համար, և, ասենք ընթացիկ տարում Բաքվի իշխանությունները շուրջ 3,1 միլիարդ դոլար են հատկացրել այդ նպատակներին: Նշված միջոցների մի մասն ամեն տարի ուղղվում են Ուկրաինայի, Բելառուսի, ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի գործընկեր կազմակերպություններից զենքի նորանոր տեսակներ ձեռք բերելու ծրագրերին: Չի բացառվում սակայն, որ ստոկհոլմյան կառույցի հրապարակումն Ադրբեջանում ծայր առնելիք հերթական ներքաղաքական սկանդալով նշանավորվի: Եթե եվրոպական կազմակերպության տեսադաշտից Ադրբեջանը վրիպել է, ուրեմն հավանական կարելի է համարել, որ այստեղ ընդամենը մինչև ատամները զինված ներկայանալու նպատակով է նման խոշորածավալ գնումների մասին հայտարարություն արվում: Ասվածը որպես մեղադրանք Բաքվի ակտիվացած ընդդիմադիրներն, իհարկե, հազիվ թե շահարկեն: Սակայն այս դեպքում անորոշ է մնում պետության բյուջեից դուրս գրվող միլիարդավոր դոլարների ճակատագիրը: Եթե դրանք գրպանվում են, ուրեմն ընդդիմության ներկայացնելիք մեղադրանքները կարող են նաև բազմապատկվել: Ստացվելու է, որ և´ միլիարդներն են մսխվում, և´ ալիևյան կլանը սեփական ժողովրդին ու բանակին խաբելով` ձգտում է հավատացնել, թե իր երկիրը զինված է ամենաժամանակակից զինատեսակներով: Հասունացող սկանդալի հավանականությունն է փաստում նաև այն հանգամանքը, որ մշտապես երերուն վիճակում գտնվող ալիևյան վարչակարգը շատ հաճախ անելանելի իրավիճակում է հայտնվում: Եվ նրան ոչինչ չի մնում, քան ամենատարբեր մեթոդներով քարոզչական ֆոն ապահովելու միջոցով տպավորություն ստեղծել, թե իրականում էլ է ամեն ինչ կարգին: Իսկ տվյալ դեպքում ադրբեջանական բանակը կարող է հայտնվել հավանական զեղծարարության կենտրոնում: Վերջին շրջանում շատացել են հավաստիացումները, որ այս երկրի զինված ուժերը բավական հեռու են պրոֆեսիոնալ լինելուց: Մնում է գոնե տպավորություն ստեղծել, թե ոչ արհեստավարժ բանակն իբր հավուր պատշաճի զինված է: