Կարո՞ղ է շրջադարձային դառնալ


ԿԱՐԾԵՍ` բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շրջադարձային դառնա: Չնայած` որոշ քաղաքագետներ համարում են, որ այսօր քաղաքական ուշադրության կիզակետում արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներն են, և միջազգային հանրությունը Ղարաբաղյան խնդիրն առժամանակ հետին պլանում կթողնի: Այնուամենայնիվ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախ` Վիլնյուսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո էլ Ծաղկաձորում չբացառեց, որ մոտ ժամանակներս հակամարտության կողմերի միջև կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կարող է համաձայնություն կայանալ: Նա մասնավորապես նշեց, որ ծովափնյա այդ քաղաքում ստորագրված փաստաթուղթը հիանալի հնարավորություն է` համոզվելու համար, թե ով է իրականում ձգտում հասնել հակամարտության կարգավորմանը և ով է սրում լարվածությունը: - Պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, պահպանությանը և, երկրորդ` կարող են լակմուսի դեր խաղալ ու ցույց տալ ինչպես են կողմերն իրենց պայմանավորվածությունները կատարում… Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: Պատահականություն էր գուցե (մեծ քաղաքականության մեջ, սովորաբար, պատահականությունները գրեթե բացառվում են), բայց եռակողմի օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի արտգործնախարարը հակամարտությունների կարգավորման խնդրում կարևորեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Գուցե դարձյալ պատահաբար` նույն ընթացքում Ֆրանսիայում էր գտնվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, և այդ երկրի Սենատի պատգամավոր Ռոլան Բլումը Ղարաբաղի անկախության մասին քննարկմանն ասել էր, թե քանի որ Ֆրանսիան ճանաչել է այդ սկզբունքը Կոսովոյի նկատմամբ, ուրեմն օրինական պետք է համարել նաև Լեռնային Ղարաբաղի այդ իրավունքը: Թերևս, սուր երևակայություն հարկավոր չէ` պատկերացնելու համար, թե ինչ ջղաձգումներ են ունեցել, ինչ ցնցումներ են ապրել Բաքվում` Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի արտգործնախարարի ու սենատորի սույն հայտարարությունների առիթով: Համենայն դեպս, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կայքերը միմյանց հետ մրցության մեջ էին մտել` հիշյալի մասին տեղեկատվության պատճառած ցավը մեղմելու համար: Հաղորդվում էր, թե Ֆրանսիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է ընդունելություն խնդրել այդ երկրի ԱԳՆ ղեկավարից` պարզաբանում ստանալու համար: Սակայն, ասվածին դիվանագիտորեն մեղմ երանգ հաղորդելու նպատակով ինչ ձևակերպում էլ տրվի` միևնույն է. ինչպես նման դեպքում ասում են` գնացքն արդեն շարժվել է… Ու որպես սև սրտի մխիթարանք, Ադրբեջանի ստահոդ քարոզչության «աս»-երին մնում էր միայն անդադար թմբկահարել ադրբեջանցի երեխայի, իբր, հայ դիպուկահարների կողմից սպանված լինելու մասին տեղեկատվությունը… Սա էլ սպասված արձագանքը չունեցավ: Հենց միայն այն, որ այդ մասին լուրը տարածող ԶԼՄ-երն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ երեխայի տարիքի հարցում, վկայում է լուրի լկտի ստահոդությունը: Մի դեպքում ասվում էր, թե երեխան ընդամենը ութ տարեկան էր, մի այլ դեպքում` ինն, մի երրորդ լրատվամիջոց էլ նշում էր, թե տասը տարեկան էր… Իսկ վերջին ժամանակներում, ինչպես երևում է, Բաքվում ոգևորվել էին արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներից: Այնտեղ քնել ու երազ էին, տեսել, թե Հայաստանը գտնվում է սոցիալական բունտի եզրին: Այդ թեմայով օրը մի քանի հոդված էր տեղադրվում կայքերում: Նույնիսկ միջազգային ընկերակցության հորդորներն ու զգուշացումներն էլ անտեսվեցին: Դիցուք, ըստ ԱՄՆ հանրապետականների միջազգային ինստիտուտի ղեկավար Լորն Քրեյների, բոլոր երկրները պետք է հետևություններ անեն Մերձավոր Արևելքի դեպքերից: Ըստ նրա` Թունիսի իրադարձությունները լավագույն օրինակ են` ավտորիտար կառավարմամբ երկրների վախճանի առումով: Իսկ այդպիսի երկրներից են Ադրբեջանն ու Վենեսուելան: Բաքվում հետևություններ չարեցին: Եվ «Մարտի 11` մեծ ժողովրդական օր» խմբի ակտիվիստ Բախտիար Հաջիևը facebook-ում գրել էր` «Արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ մենք իմացել ենք, որ երբ ժողովուրդն ազատություն է պահանջում, նա անպայման ստանում է: Մենք կոչ ենք անում ձեզ` ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ և Ադրբեջանում միասին կառուցել արդար, ազատ ու երջանիկ հասարակութ յուն»: Բայց մարտի 11-ին ուժ կիրառեցին: Եվ ԵԱՀԿ` Բաքվի ներկայացուցչությունն ի լուր աշխարհի հայտարարեց, որ տագնապով է դիտում ձերբակալված ակտիվիստների թվի աճը և ուշադրությամբ է հետևում Ադրբեջանում զարգացող գործընթացներին` ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում: Ինչպես ասում են, ուրիշի համար փոս փորողն ինքն ընկավ մեջը: Իսկ հակամարտության տարածաշրջանում` Բաքվում և Երևանում, սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը, որին, ըստ լուրերի, կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե հավանական է, որ երկու-երեք այդպիսի հանդիպումից հետո կայանա ևս մի եռակողմ` դարձյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այս տեղեկատվությունը ոչ ոք չի հերքել: Սակայն, Բաքվի էմիրը արդեն հիվանդության հասնող սովորություն է ձեռք բերել` ամեն անգամ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից առաջ և հետո Ղարաբաղա -ադրբեջանական զորքերի շփման գծում հերթական սադրանքը մոգոնել: Կրտսեր Ալիևն այդ կերպ անհաջող փորձեր է կատարում` շեղելու միջազգային հանրության ուշադրությունն այն իրողությունից, որ ինքը չի ցանկանում կամ ի զորու չէ խաղաղ երկխոսություն վարել: Իսկ փաստերն Ադրբեջանի նվաճողական նկրտումների օգտին չեն խոսում:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ