«Օգնեցե˜ք»` կանչում են Հայաստանի գետերը…


«Գետերի պահպանության» միջազգային օրը շատ երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Թաիլանդ, Ավստրալիա, Ռուսաստան և ԱՄՆ, ուղեկցվում է ընդդեմ գետերի աղտոտման բողոքի ակցիաներով ու այլ միջոցառումներով: Իսկ ի՞նչ է արվում Հայաստանում: Գետերի պահպանմանն ուղղված` համարյա ոչ մի լուրջ վերաբերմունք: Մերոնք անհարկի զուսպ են` ինչպես միշտ, ու պատճառը բնավ մեր գետերի մաքրությունն ու ապահովվածությունը չէ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախորդ տարվա տվյալների` Հայաստանի գետերում հայտնաբերվել է ամոնիումի, նիտրիտի և սուլֆատի իոնների առավելագույն թույլատրելի խտության, ինչպես նաև թթվածնի բիոքիմիական օգտագործման գերազանցում: ՀՀ բնապահպանության նախարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` օրինակ Ողջի գետում վերջին երկու տարիներին դիտարկվել է նիտրիտի, մանգանի, պղնձի, ցինկի և այլ վնասակար քիմիական տարրերի խիստ գերազանցում: Ողջին Հայաստանի ամենաաղտոտված ջրերից է` ենթակա խոշոր ձեռնարկությունների` Կապանի լեռնահարստացուցիչ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների վնասակար ազդեցությանը: Գետն աղտոտվում է նաև Արծվանիկի պոչամբարի վթարային արտանետումներով, Շահումյանի, Քաջարանի հանքավայրերի ջրերով: Պակաս մտահոգիչ չէ և Ախթալա գետի վիճակը. սրա մեջ են թափվում հարևան լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հոսքերը: Ախթալայի խնդիրը վերջին տարիների ընթացքում հաճախ է բարձրացվել, սակայն արդյունքը, մեղմ ասած` դեռ սպասեցնում է: Ճիշտ է, միայն 2009 թ. Պետական բնապահպանական տեսչությունը 10 միլիոն դրամով տուգանել է ձեռնարկությանը, բայց թե դրանից ի՞նչ է շահել գետը` ոչ մեկին տեսանելի չէ: Բնապահպանները բարձրաձայնում են հայաստանյան գետերի էկոլոգիայի վրա փոքր հէկերի վնասակար ազդեցության մասին ևս: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության` փոքր հէկերի կառուցումը, եթե նույնիսկ խստորեն պահպանված են բոլոր նորմերը և չափանիշները, չեն բացառում գետերի հոսանքներին հասցվող անխուսափելի վնասները: Գետի ջուրն անցնում է խողովակով, այնուհետև հէկի շարժանիվով նորից վերադառնում է գետ` լուրջ սպառնալիք դառնալով հոսանքի բնականոն ռեժիմի համար: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի փաստմամբ` փոքր հէկերի գործունեությունը հանգեցնում է գետերի ծանծաղացմանը, իսկ ափերը վերածվում են աղբանոցի: Ավելին, անվերահսկելի է դառնում ափամերձ անտառապատ գոտիների ծառահատումները: - Նախքան նման նախագծի իրականացումը` անհրաժեշտ է մանրամասն քարտեզագրել տարածքը, ինչպես նաև էկոլոգիական լուրջ փորձաքննություն իրականացնել,¬ ընդգծում է Կ. Մանվելյանը: Գուցե մոռանում ենք, որ Հայկական լեռնաշխարհը ջրային պաշարներով առանձնապես հարուստ չէ... Կամ էլ` ոչ թե մոռանում, այլ ոմանց ուղղակի ձեռնտու չէ` հիշել: Սակայն խնդիրը հրատապ է. մեր բնական հարստությունը պահպանել է պետք` լինի քարտեզագրումների, թե առավել լուրջ` աչալուրջ վերահսկողության միջոցով: Ի դեպ, մասնագետներն ընդգծում են, որ հայաստանյան գետերի ցանցն ինքնատիպ ջրագրական հանգույց է, որից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի չորս խոշոր` Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ գետերը: Դրանք ավանդաբար համարվում են դրախտի գետեր: Ուրեմն` գոնե հանուն դրախտի երկրային աղբանոց չդարձնենք բնության պարգև ջրերը:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ