1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ճիշտն ասած` այլևս հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր հատկապես վերջին իրադարձություններից հետո տրամադրված լինեն համոզել, թե հեղինակություն կոչվածից ոստիկանությանը դեռ ինչ¬որ բան մնացել է: Այդ արդյունքին հայրենի իրավապահներն իրենց իսկ «ջանքերի» շնորհիվ են հասել: Եվ ահա, Ալիկ Սարգսյանը կարծեք թե գտել է ելքը. օրերս նա հանրությանն առաջարկեց հնարավորինս քիչ շփվել իրավապահների հետ: Իհարկե, նման բացառիկ խորհրդի համար պատմությունը դեռ կհասցնի մեր ոստիկանապետին իր էջերում ընդգրկել: Սակայն ժամանակակիցներս ներկա իրադարձություններին չենք կարող պատմության հեռուներից նայել, և ոստիկանապետի առաջադրած գլուխկոտրուկը լուծելու ցանկություն հանրությունն արդեն իսկ չունի: Մարդիկ վաղուց այլևս ոչ միայն հանցագործների, այլ նաև հայրենի իրավապահների հետ են խուսափում շփվել: Ինչպես հայտնի է, «գլխին սարքել» արտահայտությունը հենց ոստիկանության բաժանմունքներ տարվածների դառը փորձի ծնունդ է: Եվ, բնականաբար` ոչ պատահականորեն: Ոստիկանությունը վաղուց և գործնականում է ապացուցել, որ նույնիսկ հեռակա կարգով իրեն վստահել չարժե: Այսինքն, իրավապահները հակված չեն քաղաքացու շահը պաշտպանել, քանզի լավ գիտեն, որ նրա շահը իր ակնկալիքների «առվով չի հոսում»: Հենց այդ պատճառով էլ գլխավոր ոստիկանապետն այնպես է տարվել քաղաքականությամբ, որ սկսել է նույնիսկ վերջին զարգացում ների մասին դատողություններ անել: Օրինակ, նա հանկարծ եզրակացրել է, որ հեղափոխություն կոչվածը վատ, շատ վատ երևույթ է: Իհարկե, քաղաքագիտության այբուբենը, էլ չասենք` հեղափոխությունների դառը փորձը, ամենակռվասեր մարդուն անգամ նման մտահանգման կմղի: Բայց հարցն այն է, որ հայրենի իրավապահներն իրենց աչքին «հեղափոխություն» թվացած ընդվզումն են «հեղափոխությամբ» ճնշում: Ընդ որում, նախահարձակ լինելով: Եվ երբ ոստիկանն է գրոհում իրենց չդիմած բողոքավոր քաղաքացու վրա, ուրեմն` ինչպե՞ս կարող են մարդիկ խուսափել իրավապահների հետ շփվելուց: