ՎԵՐՋԱՊԵ˜Ս թեև մի քիչ ուշացումով


Օլիգարխների ախորժակը զսպելու քաղաքակիրթ եղանակների հետ հայրենի կառավարությունն այլևս հույսեր չի կապում: Համենայն դեպս նախորդ տարիների ու հատկապես վերջին ամիսների տարերային թանկացումների «բովանդակալից» վիճակագրությունը մի վերջին անգամ քննարկելով` կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան մեկ տասնյակ առաջին անհրաժեշտության ապրանքների գները սահմանափակելու վերաբերյալ: Դրանից արդեն քանի օր է անցել, սակայն Հանրապետության հրապարակում այդպես էլ չեն հայտնվում սոցիալական բողոքի դրոշակակիրները` հիմա էլ գնաճը ճնշելու նախաձեռնության համար գործադիրից շնորհակալություն հայտնելու: Ինչ խոսք, եթե նույն հարցի ծաղկաձորյան քննարկման ժամանակ էլ Սերժ Սարգսյանն է հայտարարում, թե արդեն մայիս-հունիս ամիսներից գյուղմթերքների ու կենսական կարևորության սննդամթերքի անասելի բարձր գները կվերադառնան մարդկանց աչքին սովոր մակարդակին, ուրեմն թանկացումները մեղմելու մեթոդներ, այնուամենայնիվ, գտնվել են: Այլ հարց է, թե ինչո՞ւ այսքան ուշացումով է հայտնաբերվել մեր ժամանակների ամենաանլուծելին թվացող խնդիրներից կարևորագույնի բանալին: Չնայած` լավ է ուշ, քան` ավելի ուշ: Տեղական արտադրողներն ու հատկապես ներկրողները երբեք չեն թաքցրել, որ գերշահույթներ են ստանում: Ամենայն հավանականությամբ ամենաբարձր ատյաններում էլ համոզվել են, որ առանց իրենց միջամտության` տեղական շուկայի դերակատարներին հնարավոր չէ սանձել: Բացի այդ, նախորդ տարվա կեսերից թափ առած գնաճի ամենամեծ «աջակիցը» գյուղատնտեսությունը դարձավ: Ու թեև հողագործության սեզոնը դեռ չի սկսվել, այդուհանդերձ, գործադիրը չի բացառում, որ այս ոլորտի 10 տոկոսի անկումն այս տարի նախատեսվող նույնքան աճով փոխարինվի: Սրանով հանդերձ, իհարկե, բավական դժվար է կանխատեսել, թե երաշտին հաջորդած գյուղատնտեսական տարին որքանո՞վ բարենպաստ կլինի: Ստացվում է` սպասելիքներից անկախ` գործադիրում հաշվել են, որ նույնիսկ երաշտի պայմաններում գյուղմթերքի առաջարկվող գներն անհամեմատ ավելի ցածր պետք է լինեին: Իսկ մինչ բնության պարգևելիքը շուկաներում կհայտնվի, անվիճելի է, որ ներկրվող կամ արտադրվող սննդամթերքի գները համեմատաբար հեշտ է կարգավորել: Դրանք արհեստականորեն այնքան են թանկացել, որ ինչպես ժողովուրդն է ասում` «իջնելու տեղ շատ ունեն»: