Էլ ուրիշ հոգս չունեն


 

Չէ˜, աղքատ երկրների պաշտոնյաներն այսպիսի հոգսեր չեն կարող ունենալ: Մեզանում, օրինակ, ցանկացած հիմնարկի ցանկացած աշխատակից գոհանում է կամ չի էլ նկատում, որ իր աշխատավայրում արտաքնոց կա. մանավանդ` եթե դրանք մաքուր են: Օրինակ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող բազմահարկ շենքում անհաշվելի հաստատություններ են գործում, հարյուրավոր այցելուներ են ելումուտ անում: Բայց հայկական ամոթխածությամբ որևէ մեկն, այն էլ` հրապարակավ, չի աղմկում, թե ո՞ւր են կորել հսկա այդ լաբրինթոսի արտաքնոցները: Թե չէ` լրատվամիջոցներով ողջ աշխարհի ականջին բղավել, թե զուգարանի թղթի մատակարարումը կարող է ուշանալ…...

Նյու Ջերսիի մայրաքաղաքային գրասենյակներում տագնապած են. զուգարանի թուղթը նորից քչություն է անում: Ոչ թե երկրում. հաստատություններում մտավախություն ունեն, որ մատակարարումը կարող է ուշանալ:

Տրենտոնի քաղաքապետ Թոնի Մակը հայտարարել է, որ քաղաքապետարանում այդ թղթի գլանակները կբավարարեն մինչև մարտի 16-ը, իսկ մյուս հիմնարկներում դրանք ավելի շուտ կվերջանան:

Խնդիրն այն է, որ քաղխորհուրդն ու քաղաքապետն արդեն մի քանի ամիս համաձայնության չեն գալիս պահանջվող գումարի հարցում:

Ինչպես նշել են լրատվամիջոցները` զուգարանային թղթի դեֆիցիտը նոր երևույթ չէ Ամերիկայում: Հետո նշվում են գումարներ, որոնք առասպելական կարող են թվալ շատերին:

Ուրեմն բնական կարիքներն էլ անբանական խառնաշփոթի առիթ են դառնում: